2010 Թ.-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍԿՍՎԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ<br /> ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ<br />


2010 Թ.-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍԿՍՎԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

  • 10-09-2008 18:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սոցիալական ոլորտը ծանր է եւ պատասխանատու, իսկ անելիքները անսպառ, քանի որ սոցիալական քաղաքականության առանցքում մարդն է, ցանկացած որոշման հտեւում` մարդու ճակատագիրը: Նման կարծիք սեպտեմբերի 10-ին` իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում, հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը: Ըստ նրա, թեեւ ճիշտ չէ ավելնորդ շտապողականություն հանդես բերել, սակայն առանց լուրջ արմատական փոփոխությունների ոլորտում դրական շոշափելի տեղաշարժեր չեն արձանագրվի: Նախարարը հայտնեց, որ առաջիկայում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի կենսաթոշակային բարեփոխումների լրամշակված ծրագիրը, որով նախատեսվում է անցում կատարել բազմաստիճան համակարգի: Այն բաղակացած է լինելու երկու` պետական բաշխողական եւ մասնավոր կուտակային, բաղադրիչներից: Ա.Համբարձումյանը նշեց, որ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների սկիզբը նախատեսվում է 2010թ.-ին: Համակարգը լինելու է քառաստիճան: Առաջինը սոցիալական կենսաթոշակն է. պետությունը բոլորին ապահովելու է նվազագույն սոցիալական կենսաթոշակով: Երկրորդը աշխատանքային կենսաթոշակն է, որով նախատեսվում է 40-ից բարձր տարիքի աշխատող անձանց ապահովել աղքատության շեմից մեկ ու կես անգամ բարձր եկամուտով: Հաջորդը պարտադիր կուտակային կենսաթոշակն է, որով 40-ից ցածր տարիքի աշխատողները կապահովվեն սահմանված սոցվճարումներին համարժեք եկամուտով: Համակարգի վերջին աստիճանը կամավոր կուտակային կենսաթոշակն է, որը տարեցների համար հանդիսանալու է լրացուցիչ եկամուտի աղբյուր, եթե նրանք կատարում են կամավոր վճարումներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն