ԳՆԱՃԻ ԶՍՊՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒՆԻ 4 ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ<br />


ԳՆԱՃԻ ԶՍՊՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒՆԻ 4 ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

  • 11-06-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Սպառողական ապրանքների գների աճը վտանգում է աղքատության հաղթահարման ծրագրի արդյունավետ իրականացումը, ուստի խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է»,- հունիսի 11-ին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պատգամավորի այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի շուկան չի արձագանքում միջազգային շուկայում որոշ ապրանքատեսակների գների կտրուկ նվազմանը, վարչապետը նշեց, որ համաշխարհային շուկաներից եկող գնաճային ճնշումները դեռեւս պահպանվում են: Նա, մասնավորապես, մատնանշեց վառելիքի գները, որոնք վերջին 4 տարիների ընթացքում 4 անգամ աճել են: Ըստ վարչապետի, համաշխարհային շուկայում նկատվող գների կտրուկ տատանումները` թե' աճը, եւ թե' նվազումը, ուղղակիորեն չեն անդրադառնում հանրապետության շուկայական գների վրա: Տ.Սարգսյանի խոսքերով, գների աճի զսպման կառավարության կողմից մշակվող ծրագիրը ներառում է 4 ուղղություններ: Դրանցից առաջինը հակաբյուջետային քաղաքականության իրականացումն է, քանի որ գնաճային ճնշումները զսպելու համար պետք է ունենալ զսպողական բյուջե: Երկրորդը` ԿԲ-ի կողմից իրականազվող դրամավարկային քաղաքականությունն է, քանի որ գնաճը զսպելու համար ԿԲ-ն պարտավոր է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները: Երրորդ ուղղությունը մրցակցային դաշտի ստեղծումն է: Այս հարցում մեծ դերակատարություն պետք է ունենա Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը, որը համալիր ստուգումներ է անցկացնում այն շուկաներում, որտեղ մրցակցության բացակայության պատճառով գներն արագորեն բարձրանում են, բայց իջնում են շատ դանդաղ: Հանձնաժողովն իր ստուգումների արդյունքները հայտնում է հարկային մարմիններին, որոնք նույնպես հնարավորություն ունեն ստուգումներ կատարել եւ բացահայտել գերշահույթների դեպքերը: Եվ վերջապես, գյուղատնտեսության արտադրանքի աճը, որը, սպառողական զամբյուղում սննդամթերքի տեսակարար կշռի բարձր մակարդակի պատճառով, զսպող ազդեցություն ունի գների մակարդակի վրա: Ըստ վարչապետի, որպեսզի վերավաճառողները չկարողանան գյուղացիներին թելադրել իրենց գները, նույնպես անհրաժեշտ է ներդնել մրցակցային մեխանիզմներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն