Արգենտինայի Դաշնային դատավորը Թուրքիային մեղադրել է հայերի ցեղասպանության մեջ


Արգենտինայի Դաշնային դատավորը Թուրքիային մեղադրել է հայերի ցեղասպանության մեջ

  • 04-04-2011 16:43:22   | Արգենտինա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ապրիլի 2-ին Արգենտինայի Դաշնային դատավոր Նորբերտո Օյարբիդեն, դատավճռի համաձայն, դատապարտել է Թուքիային մեկ ու կես միլիոն հայերի սպանության համար, որը որակվում է որպես 1915-ից 1923թթ ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ցեղասպանություն: Դատավճռի բնույթ կրող որոշումը հրապարակվել է անձամբ Դաշնային դատավոր Օյարբիդեի կողմից, դաշնային տրիբունալում կայացած կոնֆերանսում, որի ժամանակ նրա խոսքը ըստ www.online-911.com կայքի, ժամանակ առ ժամանակ ընդհատվել է հուզմունքից: Դատական գործը հարուցվել է 2000թ նոտար Գրեգորիո Հայրապետյանի դիմումի համաձայն, ով հայտնել էր, որ 1915-ից 1923թթ ընկած ժամանակահատվածում, թուրքերը սպանել են մոտ հիսուն բարեկամների իր հորական եւ մորական կողմից: Հայրապետյանի դիմում ներկայացնելուց հետո, հետաքննության ժամանակ ավելացան բազմաթիվ այլ հայցվորներ եւս: <Ստույգ փաստարկների հիման վրա հաստատվել է Գրեգորիո Հայրապետյանի հայրական եւ մայրական կողմից բարեկամների զոհվելու փաստը եւ հանգամանքները>, իր որոշման մեջ նշել է Օյարբիդեն եւ բարձր գնահատել հայ համայնքի հետեւողականությունը` միջազգային հանրության եւ հենց թուրքական պետության կողմից ցեղասպանության ճանաչման հարցում: Որոշման մեջ դատավորը հստակեցրել է. <այս գործընթացը, որեւէ այլ կերպ չի կարող որակվել քան այն ձեւովով, որ նրան վերագրվում է հայցվորի դիմումի համաձայն եւ նպատակ ունի դատական ճշմարտացի որոշում կայացնել կատարվածի վերաբերյալ, որոնց պատմական եղելությունը պատշաճ կերպով արձանագրված է այդ դարաշրջանի հզոր տերությունների փաստաթղթային արխիվներում>: Օյարբիդեն, համաձայն կոնֆերանսի ժամանակ նրա տված բացատրության, հետաքննության ժամանակ հիմնվել է ինչպես միջազգային փաստաթղթերի վրա, որ ձեռք է բերել եւ խնդրել է տարբեր երկրներից, այնպես էլ վերապրողների եւ եղեռնի զոհերի հարազատների վկայությունների: Ներկայումս դատական գործով առկա հայցվորները նախատեսում են որոշման միջոցով միջազգային կազմակերպություններից պահանջել հետեւել, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը