ՄՈՍԿՎԱ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ճանաչված
կինեմատոգրաֆիստ, սցենարիստ եւ նկարիչ Ալեքսանդր Ադաբաշյանն այս
օրերին մոսկովյան հանրությանը ցուցադրում է իր նկարչական տաղանդի
նոր դրսեւորումները` «Արտ-բաշմակ» պատկերասրահում բացված
ցուցահանդեսում:
Իր սցենարներով նկարահանված բազմաթիվ ֆիլմերում նա հանդես է
եկել նաեւ որպես բեմադրող նկարիչ, ինչպես օրինակ «Սեւ աչեր»
ֆիլմում, որտեղ բնապատկերների փոխարեն օգտագործված են իր կտավները:
«Մի քանի օր Օբլոմովի կյանքից» ֆիլմում սյուռեալիստական
Պետերբուրգը նույնպես նկարահանված է Ադաբաշյանի կտավների միջոցով:
Նա ասում է, որ սցենար գրելու ժամանակ միշտ էսքիզներ է անում: «Իմ
կարծիքով, սցենար գրելիս աչքիդ առաջ պատկերները պետք է երեւան
որպես կտավներ, ինչպես դա անում են իսկական գրողները: Այդպես է
ստեղծագործել Լեւ Տոլստոյը»,- ասում է Ադաբաշյանը: «Ազգ»-ը
թարգմանաբար ներկայացնում է իր արվեստի եւ կինոյի մասին նրա
մտքերը` քաղված ռուսական մամուլից:
«Վասիլի Իվանովիչ Չապաեւի պես ես էլ համալսարան չեմ ավարտել:
Իմ բոլոր մասնագիտությունները սկսել եմ ենթավարպետ դառնալով:
Այդպես նաեւ կինոսցենարի ասպարեզում: Երբեք ոչինչ չէի գրում:
Մինչեւ հիմա չգիտեմ, թե ինչն էր Կոնչալովսկուն դրդել ինձ առաջարկել
աշխատելու մի սցենարի վրա, որը պատվեր էր Միջին Ասիայից: Սկսեցի
մաղմղել, իսկ նա առանց բարկանալու բացատրեց, որ գրածս բանի պետք
չէ, իսկ ես պնդեցի, որ ամեն ինչ հրաշալի է: Անկեղծ ասած, ես
նույնիսկ չգիտեմ, թե ի՞նչ եմ մտածում ինքս իմ մասին` որպես
կինեմատոգրաֆիական օբյեկտի: Իսկապես չգիտեմ: Առհասարակ, կարծում
եմ, որ ռեժիսուրան ոչ թե մասնագիտություն է, այլ բնավորության մի
ամբողջ պաշար: Ես ինձ ռեժիսոր չեմ համարում: Ավելի ճիշտ, իրականում
ռեժիսոր չեմ, այլ նկարիչ: Ռեժիսորական կրթություն երբեւէ չեմ
ստացել:
Ընդունված է, որ ռեժիսորն ամենից առաջ պետք է լինի իսկական
լիդեր, մարդ` լիապես համոզված, որ իր աշխարհայացքը միանգամայն
ճշմարիտ է: Իր ամեն մի ֆիլմում նա պետք է ամբողջացնի ու
վերջնակետին հասցնի այն թեման, որի մասին նկարում է: Եթե ֆիլմը
սիրո մասին է, ուրեմն` վերջ, այլեւս ոչ ոք այդ թեմայով չպետք է
նկարահանի: Թեման փակված է: Իսկական ռեժիսոր է համարվում նա, ով
մասսայական տեսարանի համար կարող է հարյուր մարդու մտցնել սառցաջրի
մեջ ու նրանց կես ժամ այնտեղ պահելուց հետո ասել.«Ոչ, ավելի լավ է
ափում նկարահանել»:
Իսկ ես շատ հպարտ եմ, որ բեմադրող նկարիչ լինելու ընթացքում
ոչ մի ծառ չեմ սղոցել: Շատ պարզ ու հասարակ ամեն անգամ առաջարկել
եմ փոխել տեսախցիկի դիրքը: Ոչինչ չեմ կոտրել, ոչ մի բան չեմ
փչացրել:
Իսկական ռեժիսոր է համարվում նա, ով չի խնայում ոչ իր, ոչ էլ
ուրիշի առողջությունը: Այդպիսիների մասին հետո պատմում են,
որովհետեւ նրանք շատերին են դուր գալիս: Նկարահանման հրապարակում
բոլորը թաքուն տրտնջում են, իսկ հետո հիացմունքով հիշում. «Ա~յ, նա
ռեժիսոր էր, ա~յ, ես դա հասկանում եմ»: Խոշոր պլանի համար
դերասանին 14 ժամ պահում են սառնամանիքի տակ այն դեպքում, երբ
նույն տեսարանը կարելի է նկարահանել հյուրանոցի բակում, բայց... դա
է պահանջում ռեժիսուրան: Այդպիսի ռեժիսորի բնութագիր ունենալու
հատկություններ ես բնավ չունեմ:
Ինձ համար ամենադժվարն ու հետաքրքրականը հանդիսատեսի
զգացմունքները կառավարելն է: Բայց ոչ երբեք նրանց առեղծվածանկարներ
լուծել առաջարկելով, այլ բացառապես նրանց մտքի մեջ թափանցելով եւ
մտածելու տեղիք տալով: Այդ առումով ինձ չափազանց շատ է օգնել իմ
առաջին մասնագիտությունը` կերպարվեստը: Օգնել է այն տեսանկյունից,
որ կինոյի համար էսքիզները շատ հաճախ արվում են խիստ պոետիկ ոճով.
օդում թռչում է տրակտորը, գյուղում խոտը կապույտ է, ծառը`
նարնջագույն, իսկ ձին լողում է ոտքերը վեր տնկած: Ահա այդպիսի
գյուղական պատկերներ: Իսկ թե ինչպե՞ս է պետք այդ ամենը նկարահանել,
բոլորովին այլ խոսակցություն է: Ինքներդ գլխի ընկեք:
Երբ «պերեստրոյկան» սկսվեց, իմ կարծիքով, բոլոր ուժերը, որ
մնացել էին երկրում, պետք էր ուղղել դեպի կրթության ոլորտ: Ամենից
առաջ դպրոցական կրթության: Բոլոր համակարգիչների, մեքենաների առջեւ
պետք էր նստեցնել պրոֆեսորներին եւ ակադեմիկոսներին` նրանց
վճարելով ամենաբարձր աշխատավարձը, որպեսզի նրանք դասավանդեին
դպրոցներում: Այդ պարագայում այժմ կունենայինք բոլորովին այլ
սերունդ: Կարծում եմ, դա կլիներ ազգային այն գաղափարը, որին ամեն
ոք հավանություն կտար: Նույն բանը կառաջարկեի անել կինոյում: Փոքր
բյուջեով պսեւդոամերիկյան ֆիլմեր նկարահանելու փոխարեն մեր ամբողջ
ուժն ու կարողությունը պետք էր տալ ՎԳԻԿ-ին, որպեսզի կինոյի
վարպետներն իրենց վայել վարձավճարով դասավանդեին այդ ինստիտուտում,
այլ ոչ թե սեփական գոյությունը պահելու համար նկարահանեին ինչ
պատահի: Կինոինստիտուտը պետք է ստանար այն ժամանակվա ամբողջ
կինոսարքավորումները: Այդ դեպքում, երեւի թե, կունենայինք ոչ թե
մեկ, այլ երկու սերունդ, որոնք այսօր մեզ կգերազանցեին ճգնաժամային
վիճակից դուրս գալու իրենց կարողություններով: Այնպես որ, հարցը ոչ
թե գաղափարների սովն է, այլ համընդհանուր գաղափարի
բացակայությունը:
Մեր կինոյում հիմա երկարաձիգ ճգնաժամ է` առաջացած
համաեվրոպական կինոճգնաժամի հոսքից: Կարծես նոր-նոր սկսեցին
հասկանալ, որ կինոն նախեւառաջ արտադրություն է: Առհասարակ կինոն
ամբողջապես արվեստի տեսակ չէ, որովհետեւ եթե կինոն համեմատենք
գրականության, գեղանկարչության, թատրոնի, բալետի եւ երաժշտության
հետ, կնկատենք, որ դրանցում մարդու ինքնարտահայտման բացառիկ
դրսեւորումները պահանջում են նվազագույն միջոցներ: Երգիչը կարող է
բղավել ամբողջ կոկորդով, բանաստեղծը` գրել իր մտքում, նկարիչը`
քարանձավների պատերին նկարել: Իսկ եթե կինոյից հանենք երկու
առարկա` ժապավենը եւ կինոխցիկը, ապա այն պարզապես կդադարի
գոյություն ունենալուց: Հենց այդ պատճառով կինոն կապված է
տեխնիկական առաջընթացի հետ: Հիմա էլեկտրոնային կրիչներն ավելի
կատարյալ են ժապավենից, իսկ դա նշանակում է, որ նախապատվությունը
առաջինին է տրվելու: Վիրտուալ բոլոր հնարավորությունները
կփոխարինեն նկարահանումների ավանդական ձեւին, տաղավարներին,
կոստյումներին, սոսնձված մորուքներին: Ի վերջո, 15 տարի անց, ամեն
մեկն իր տան համակարգիչով իր համար ֆիլմ կհորինի, որում հանդես
կգան Մերիլին Մոնրոն, Յուրի Նիկուլինը, Չարլի Չապլինը: Մի խոսքով,
ով ինչպես հարմար կգտնի, ում խելքին ինչ կփչի, կմնա միայն մեկ
անհրաժեշտություն` հորինել պատմություններ»: