Ըստ Միխայիլ Աղաջանյանի Հարավային Կովկասի շուրջ վերջին զարգացումներն ի հայտ են բերում տարածաշրջանային իրավիճակի ընկալումների խորացում ԱՄՆ - Ռուսաստան մրցակցող կողմերում<br /> <br />


Ըստ Միխայիլ Աղաջանյանի Հարավային Կովկասի շուրջ վերջին զարգացումներն ի հայտ են բերում տարածաշրջանային իրավիճակի ընկալումների խորացում ԱՄՆ - Ռուսաստան մրցակցող կողմերում

  • 31-03-2011 12:39:49   | Հայաստան  |  Վերլուծություն
Հարավային Կովկասի շուրջ վերջին զարգացումներն ի հայտ են բերում տարածաշրջանային իրավիճակի ընկալումների խորացում ԱՄՆ - Ռուսաստան մրցակցող կողմերում: Վրացական բարդություններին, որոնք 2008թ. օգոստոսից կրում են անհաշտ բնույթ, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում ավելացել են նաեւ բարդությունները հայկական եւ ադրբեջանական ուղղությամբ: Ռուսաստանը ջանում է փոխհավասար քաղաքականություն վարել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում, ԱՄՆ-ը մտադիր է նույն մոտեցումն իրականացնել, եւ դա շատերին առիթ է տալիս մտածելու, որ տարածաշրջանի ամենագլխավոր հակամարտության` ղարաբաղյանի շուրջ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ փոխըմբռնում կա: ԱՄՆ-ը հանդուրժում է Ադրբեջանի հետ հարաբերություններում աճող բարդությունները, որոնք հերթական անգամ խորացան` կապված Ադրբեջանում Մ.Բրայզայի ԱՄՆ դեսպան նշանակման հետ: ԱՄՆ եւ Ադրբեջանի` դրան նախորդած եւ հաջորդած գործողությունները վկայեցին այն մասին, որ խորացել է Վաշինգտոնի ըմբռնումը հանձին Ի.Ալիեւի Բաքվի անկանխատեսելի իմպուլսիվ վարքագծի հանդեպ: Այս համատեքստում, իհարկե, Ռուսաստանը եւս նպաստավոր կհամարի իր դիրքորոշումները` Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի խորացնելու ուղղությամբ: Բաքվի դեմարշները ղարաբաղյան հակամարտությունն էլ ավելի են մղում դեպի ստատուս-քվոյի իրավիճակ: Սակավաթիվ այն հարցերից մեկը, որի շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխըմբռնում կա (թեեւ որոշակի նրբություններով), հակամարտության գոտում ներկայիս ստատուս-քվոյի անայլընտրանքայնության հարցն է: Մեր կարծիքով` ներկա փուլում կարեւոր է հասկանալ, թե ինչպես են Վաշինգտոնում քաղաքական որոշումներ կայացնող շրջանակներին մոտ գտնվող ամերիկյան փորձագետներն ընկալում իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս կարեւորությունը պայմանավորվում է նրանով, որ ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը խիստ մանրակրկտորեն է կողմնորոշվում իր առաջատար փորձագետների գնահատականներով1 (նույնիսկ չնայելով նրանց ակնհայտ ձախողումներին, ինչպես, օրինակ, Եգիպտոսում, Լիբիայում եւ ընդհանրապես ողջ Մերձավոր Արեւելքում ու Մաղրիբում իրավիճակի զարգացման նրանց կանխատեսումների պարագայում), այն դեպքում, երբ Ռուսաստանում այս միտումը չի հասցրել դրսեւորվել, այդ թվում եւ ղարաբաղյան ուղղությամբ: Մոսկվայում շատերը կարծում են, որ իրավիճակը ղարաբաղյան հարցում իրենց համար միանգամայն հասկանալի է եւ բազմակողմանի փարձագիտական վերլուծության կարիք չունի: Ռուս շատ փորձագետներ ներկա փուլում խիստ մակերեսայնորեն են գնահատում արտաքին ուժերի փոխգործակցության եւ, առավել եւս` ,Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների լուրջ զարգացմանե հետ կապված իրավիճակը ղարաբաղյան կարգավորման շուրջ` նշելով, որ ,արտաքին ուժերի համագործակցության զարգացման դրական օրինակ է Լեռնային Ղարաբաղը: Սա առանձին թեմա է, բայց միանգամայն ակնհայտ է, որ իրավիճակն այստեղ շատ ավելի բարենպաստ է դարձել: Նախ` լրջորեն զարգանում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները, այդ թվում երկկողմանի հիմքով: Երկկողմանի ձեւաչափում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները մեկ անգամ չէ, որ հանդիպել են: Մեծ տեղաշարժեր են նկատվում նաեւ կարգավորման այսպես կոչված ընդհանուր բազային սկզբունքների մշակման հարցում: Այստեղ փաստում են, որ մնացել է մի քանի չլուծված հարց, եւ կարելի է խոսել հաջողության, ձեռք բերված առաջընթացի մասին ընդհանուր սկզբունքների մյուս բոլոր կետերի գծով: Վերջին ժամանակներս, եթե անկեղծ խոսենք, իրավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբում զգալիորեն տարբերվում է այն իրավիճակից, որը բնորոշ էր 2000թ. սկզբին: Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ համանախագահների աշխատանքն ավելի կարգավորված, համակարգված եւ նպատակասլաց է դարձել` ուղղված գործնական արդյունքներ ապահովելունե: ԱՄՆ փորձագիտական ընկերակցությունում կան մարդիկ, որոնք զբաղվում են ղարաբաղյան թեմայով` որպես ,Ռուսաստան-Եվրասիաե թեմայի մի ճյուղ, եւ այդ փորձագետները խիստ թերահավատորեն են տրամադրված Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման հնարավորության հանդեպ, այդ թվում եւ Հարավային Կովկասում: Այդ փորձագետներից է Յուջին Ռումերը (Eugene B. Rumer), որն այժմ զբաղեցնում է ԱՄՆ հետախուզության գծով Ազգային խորհրդի (National Intelligence Council, NIC)3 ռուսական եւ եվրասիական հետազոտությունների բաժնի ղեկավարի պաշտոնը: 2010թ. հունվարին Յու.Ռումերն այս պաշտոնում փոխարինել է ռուսական եւ եվրասիական թեմաներով զբաղվող շատ հայտնի ամերիկյան փորձագետ Ֆիոնա Հիլին (Fiona Hill), որն աշխատանքի էր անցել Բրուքինգսի ինստիտուտում: Ղեկավարի պաշտոնը NIC բաժնում շատ հետաքրքիր է, քանի որ թույլ է տալիս աշխատել վերլուծության եւ հետախուզության հանգուցակետում, թույլ է տալիս իրենց եւ իրենց ստորադասների գնահատականների համար ունենալ այն անձանց մշտական հասանելիությունը, որոնք քաղաքական որոշումներ են կայացնում Վաշինգտոնում: Յու.Ռումերն անցել է վերլուծաբանության եւ հետախուզության բավական հարուստ դպրոց, առաջին հերթին հայտնի է ակադեմիական հանրությունում: Գիտաշխատող է եղել Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում, որը մտնում է ԱՄՆ ազգային պաշտպանության համալսարանի (Institute for National Strategic Studies National Defense University) մեջ, ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման ոլորտում, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում աշխատել է որպես տնօրեն Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի գծով: Յու.Ռումերի գնահատականների վերլուծությունը Ռուսաստանի եւ ամերիկա-ռուսական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ թույլ է տալիս նրա մասին մտածել որպես մի փորձագետի, որը քննադատական դիրքորոշում ունի ամերիկա-ռուսական սերտ համագործակցության, առավել եւս` հետխորհրդային տարածքում որեւէ փոխգործակցության հարցում: Այս առնչությամբ հետաքրքիր է նշել Յու.Ռումերի գնահատականը Կենտրոնական Ասիայում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ, որը հատկանշական բնույթ ունի նաեւ Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայիս քաղաքական գծի համար: Ռուսաստանում պաշտոնական քաղաքական շրջանակներին մոտ կանգնած ,Стратегия Россииե ամսագրում4 2005թ. վերջին հրապարակվել է Յու.Ռումերի հոդվածը` ,ԱՄՆ ներկայությունը կայունության գրավականն էե վերնագրով: Հոդվածում Յու.Ռումերը նշում է, որ ,լուրերը, թե ԱՄՆ-ը լքում է Կենտրոնական Ասիան, նույնքան չափազանցված են, որքան չափազանցված էին լուրերը 2001-2002թթ. Միացյալ Նահանգների այստեղ գալու մասին: Ես, անշուշտ, կարծում եմ, որ Միացյալ Նահանգները երես չի թեքում Կենտրոնական Ասիայից: Այն կմնա այստեղ, եւ ԱՄՆ հետաքրքրությունը տարածաշրջանով չի նվազի թեկուզեւ այն պատճառով, որ մենք սեփական փորձով ինչ-որ բան սովորել ենք 1990-ականներին: Եթե մենք ինչ-որ երկրներ մեր շահերից դուրս ենք հայտարարում, վաղ թե ուշ հիմնախնդիրը վերադառնում է տասնապատիկ մասշտաբով: Այդպես եղավ Աֆղանստանում: Սա դաս է, որը, ես հույս ունեմ, մենք սովորեցինքե: Այդ դասը, մեր կարծիքով, ԱՄՆ-ը ոչ թե պարզապես սովորեց, այլ ,անգիր արեցե եւ հիմա արդեն միշտ ջանալու է հետեւել դրան, այդ թվում եւ Հարավային Կովկասում: Յու.Ռումերի գնահատականներից մեկը նրա վերլուծական աշխատանքի նախորդ փուլերում, որն արդեն անմիջականորեն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը, 2004թ. վերջին ,Washington Postե թերթի ինտերնետային հրապարակման էջերում արված գնահատականն էր. ,սառեցված հակամարտություններիե հարցը` Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում եւ Օսիայում, դառնում է հիմնական խոչընդոտն այն բանի, որն այլ կերպ կարող էր լինել շատ հեռանկարային միտում տարածաշրջանում: Այն, թե ինչպես կարելի է գլուխ հանել դրանից, շատ երկար եւ բարդ խոսակցություն է, կարծում եմ, որ կպահանջվի տարածաշրջանի երկրների առաջնորդների իմաստնությունն ու նախաձեռնողականությունը, ինչպես նաեւ դրսից խոշոր ուժերի միջամտությունըե: Կարելի է վստահաբար ենթադրել, որ ԱՄՆ եւ Ռուսաստանի փոխգործակցությունը ղարաբաղյան հարցում կրում է ,փոխգործակցություն անհրաժեշտությունից ելնելովե բնույթ, քանի որ այդպիսին է միջնորդության ձեւաչափը, որտեղ ցանկացած գործողություն, որը տարաձայնություններ կամ նույնիսկ դրանց ակնարկ է մատնանշում, հավասարազոր կլինի Մինսկի խմբի ամբողջ ձեւաչափի վերացմանը: Ամենայն հավանականությամբ, ,ղարաբաղյան ուղղությամբե միակ տեսակետը, որն ամբողջությամբ կիսում են ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, այն է, որ Մինսկի խմբի ձեւաչափը նպատակահարմար չէ վերանայել եւ, առավել եւս, ապամոնտաժել, ինչից կհետեւի արդեն հաջորդ եզրահանգումը` Մինսկի խումբը հակամարտության միջազգային լեգիտիմ վերահսկման միակ մեխանիզմն է արտաքին ուժերի կողմից: Հասկանալի է, որ կան նաեւ նման վերահսկողության այլ լծակներ, բայց Մինսկի խումբը հենց այն համընդհանուր ընդունված միջազգային մեխանիզմն է, որն այժմ կարեւոր է եւ՛ ԱՄՆ-ի, եւ՛ Ռուսաստանի համար: Արտաքին ուժերը, հանձին միջնորդների, զբաղվում են հենց նրանով, ինչն ընդունված է անվանել հակամարտության վերահսկում, այսինքն` լարվածության մակարդակի նվազեցում, դիմակայության մեղմում, քաղաքական լուծման որոնում: Ղարաբաղյան հարցը ԱՄՆ-Ռուսաստան դիվանագիտական երկխոսության առումով Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ շփում գտնելու կետերից մեկն է նրանց բազմակողմ եւ երկկողմ դիվանագիտության մեջ: Իհարկե, այս երկրների վերաբերյալ շատ ավելի սկզբունքային եւ նրանց համար կարեւոր ուղղություններ կան, բայց շփումների փորձը Մինսկի խմբի շրջանակում շատ օգտակար է թվում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար ավելի գլոբալ հարցերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման նպատակով: Այն, որ ամերիկյան կողմը ղարաբաղյան խնդիրը դիտարկում է որպես Ռուսաստանի հետ ինստիտուցիոնալ շփման պահպանման կետերից մեկը ցույց են տալիս փորձագետների ամերիկա-ռուսական ,կիսափակե հանդիպումները: Վերոշարադրյալը հաշվի առնելով` հիշատակենք միայն նման մեկ հանդիպում, որը տեղի է ունեցել Մայենդորֆյան հռչակագրի ստորագրումից ուղիղ երկու տարի հետո: 2010թ. նոյեմբերի 2-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հիշյալ ինստիտուտի տնօրեն Վ.Նաումկինի հանդիպումը ԱՄՆ Հետախուզության ազգային խորհրդի ռուսական եւ եվրասիական հետազոտությունների բաժնի ղեկավար Յու.Ռումերի եւ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության առաջին քարտուղար Փ.Նայշուլերի հետ: Ըստ ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի կայքում զետեղված տեղեկատվության` ,հաստատելով ռուս-ամերիկյան համագործակցության խնդիրների բարդացումը Բ.Օբամայի վարչակազմի դիրքերի թուլացման պատճառով` իջանկյալ ընտրությունների արդյունքում, Յու.Ռումերը ուշադրությունը սեւեռեց անվտանգության ոլորտի մի շարք հարցերի, այդ թվում` Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, հատկապես Տաջիկստանում եւ Ղրղզստանում, այնպես էլ Իրանի շուրջ տիրող իրավիճակի վրաե: Ե՛վ ԱՄՆ-ը, եւ՛ Ռուսաստանը ներկա փուլում շահագրգռված են պահպանել ստատուս-քվոն ղարաբաղյան հակամարտության գոտում, ինչը կարելի է ապահովել մշտապես շարունակվող հանդիպումներով ինչպես Մինսկի խմբի ձեւաչափում, այնպես էլ ընդգրկելով Ռուսաստանի հավելյալ ջանքերը` Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան նախագահների մակարդակով հնդիպումների անցկացման ձեւով: Դրանք հենց լրացնում են Մինսկի ձեւաչափը, այլ ոչ թե այլ կերպ, ինչի մասին պաշտոնական Մոսկվան մեկ անգամ չէ, որ հայտարարել է8 եւ ինչի մասին ուղղակի տեքստով ասվում է ,Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների` Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությունումե` ընդունված 2011թ. մարտի 5-ին, Սոչիի հանդիպման արդյունքներով: Այստեղ կուզենայինք նշել ղարաբաղյան կարգավորման շուրջ հիմնական միջազգային միջնորդների եւ, միաժամանակ, գլխավոր արտաքին ուժերի մոտեցումները Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցի վերաբերյալ: Այս հարցը, մեր տեսակետից, անմիջական կապ ունի կարգավորման հետագա ընթացքի հետ, ինչպես նաեւ անմիջականորեն կապված է ներկայիս ստատուս-քվոն ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակելու կամ փոխակերպելու հարցի հետ: Մի կողմից` ընդունված է կարծել, որ Ռուսաստանը հանդես է գալիս ներկայիս ստատուս-քվոն շարունակելու օգտին, իսկ ԱՄՆ-ը այնքան էլ համառ ու հետեւողական չէ այս հարցում: Բայց, եկեք հիշենք, որ վերջին ժամանակներս ռուս շատ փորձագետներ, որոնք սերտորեն աշխատում են քաղաքական որոշումներ կայացնող ռուսական պետական կառույցների հետ, արտահայտում են այն միտքը, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ ճանաչի ԼՂՀ-ն, ,այլապես հետո ուշ կլինիե: Այս միտքը դժվար է համադրվում ստատուս-քվոն շարունակելու Ռուսաստանի տրամադրվածության մասին կարծիքի հետ, քանի որ Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու դեպքում Ադրբեջանը կարող է երեւակայել, որ եկել է ,Xե ժամը ,Լեռնային Ղարաբաղում սահմանադրական կարգը վերականգնելու համարե` վրացական սցենարով, ,08.08.08ե կոդով: Մի կողմ թողնենք փորձագիտական երերուն միտքն այն մասին, թե ,հետո ուշ կլինիե, թեկուզեւ ելնելով այն պարզ փաստարկումից, որ արդեն դե-ֆակտո ԼՂՀ-ն ճանաչված է ոչ միայն Հայաստանի, այլեւ, օրինակ, ԱՄՆ-ի կողմից, որը տարեկան ԼՂՀ-ին տրամադրում է ֆինանսական օգնություն: Հայաստանի ղեկավարությունը խոսում է ԼՂՀ դե-յուրե ճանաչման անհետաձգելիության մասին` Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի դեպքում, այլ ոչ թե փաստացի ճանաչման մասին, որը գոյություն ունի 1991 թվականից: Կարելի է նաեւ ռուս փորձագետներին հիշեցնել, որ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիան եւ Հարավային Օսիան 2008թ. օգոստոսին հարավօսական հակամարտության գոտում պատերազմի ավարտից երկու շաբաթ անց, այլ ոչ թե երկու շաբաթ դրանից առաջ: Բայց դա, իհարկե, էական չէ: Կարեւորն այն է, որ ,ճանաչել, թե չճանաչելե հարցի մեջ նկատելի է Ռուսաստանի եւ ԱՄՆ կարծիքների անհամամասնություն, ինչը չի կարող չարտացոլվել ղարաբաղյան կարգավորման ողջ գործընթացի վրա: Հակիրճ նշենք այն պատճառները, որոնք, մեր կարծիքով, մատնանշում են Ռուսաստանի շահագրգռվածությունը Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը խթանելու եւ, հակառակը, ԱՄՆ-ի կողմից այդ շահագրգռությունը չունենալու մեջ: Ռուսաստանին ներկա փուլում դա պետք է Ադրբեջանի վրա ազդեցության լծակների ուժեղացման համար, ընդ որում` գլխավոր են համարվում էներգետիկ նկատառումները: Կենտրոնական Ասիայից եւ Կասպյան ավազանից դեպի Եվրոպա էներգառեսուրսների տեղափոխման էներգետիկ նախագծերը խիստ կարեւոր օրեր են ապրում` իրենց իրագործման տեսակետից: Եթե Մոսկվան թեժացնի Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը, ապա Ադրբեջանի հետ նրա երկխոսության հետագա ընթացքն արմատապես կփոխվի, որն արդեն տեղի կունենա նաեւ Ռուսաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու (սկզբում, իհարկե, դե-ֆակտո) հնարավորության ազդեցության տակ: Կուժեղանան նաեւ Ռուսաստանի բանակցային դիրքերը Թուրքիայի հետ, դրանք ավելի վառ արտահայտված դիվանագիտական բնույթ կընդունեն, որովհետեւ Հարավային Կովկասում վերջնականապես կձեւավորվեն ազդեցության ոլորտները եւ կառանձնանա բացառապես կամ գրեթե բացառապես Մոսկվայի ազդեցության գոտին: Ի դեպ, Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչմամբ էապես շահագրգռված է նաեւ Իրանը, որի համար նույնպես (գուցե` ավելի շատ, քան Ռուսաստանի համար) կարեւոր է ,սանձածե պահել Ադրբեջանը: ԱՄՆ-ի համար իրավիճակի նման զարգացումն (Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը) անհարմար, սահմանափակող տարր կլիներ Հարավային Կովկասում ու հարեւան տարածաշրջաններում նրա դիրքերի առումով: Բացի նրանից, որ ԱՄՆ-ը չի ցանկանում նման զարգացում, եւ դա պայմանավորված է նրանով, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում, Վաշինգտոնում հիանալի հասկանում են, թե ինչի կարող է դա հանգեցնել, օրինակ, Վրաստանում: Այն պայմաններում, երբ Հարավային Կովկասում կլինեն արդեն երեք սահմանափակ ճանաչված նոր պետություններ, Վրաստանը կարող է բախվել էլ ավելի մեծ խնդիրների: Նրա համար ոչ միայն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի կորստի փաստը կդառնա էլ ավելի արտահայտված, այլ նաեւ այն, որ նախկին Վրացական ԽՍՀ-ից էլի պատառիկներ պոկվելու (առաջին հերթին` հայաբնակ Ջավախքն ու ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլին) հնարավորությունը կարող է ստանալ ոչ թե հիպոթետիկ, այլ միանգամայն գործնական բնույթ: Հայաստանը ջանում է հեռավորություն պահել այս ամենից, ինչը կարող է պոտենցիալ կերպով վնաս հասցնել Վրաստանի պետական հիմքերին, եւ սրանում Երեւանի ու Վաշինգտոնի դիրքորոշումները հետաքրքիր ձեւով հարաբերակցվում են: Վաշինգտոնը պատրանքներ չունի, որ եթե հիմա նոր պատերազմի պես մի բան տեղի ունենա, ապա տարածաշրջանում Ռուսաստանի ավելի ուժեղ դիրքերի, Ռուսաստանի եւ Հայաստանի ու Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ ավելի հարթ հարաբերությունների պայմաններում Մոսկվայի դիրքերն ավելի նախընտրելի են թվում9: Ամերիկյան դիվանագիտությունը հաճախ հեգնոտ է լինում: Բայց Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆ.Գորդոնի թվացյալ հեգնոտությունը 2011թ. մարտին Բրատիսլավայում տեղի ունեցած ,Globsec 2011ե միջազգային կոնֆերանսում (անվտանգության գծով), երբ վերջինս հայտարարեց, թե ,Ռուսաստանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս նրան ավելի հեշտ հանդիպումներ կազմակերպել, օրինակ, Սոչիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում կամ Աստանայում, քան հեռավոր Վաշինգտոնումե, ,կյանքի պրոզաե է, որն անվանվում է ոչ թե աշխարհաքաղաքականություն, այլ աշխարհագրություն: Ամերիկացիներն իսկապես օբյեկտիվորեն են գնահատում իրենց հեռավորությունն ու Ռուսաստանի մոտիկությունը Հարավային Կովկասի տարածաշրջանին` մշտապես այս օբյեկտիվ իրողությունը հարաբերակցելով իրավիճակի զարգացման ցանկացած հնարավոր սցենարի հետ` ընդհուպ մինչեւ ամենալարված սյուժեները: Ակնհայտ է, որ ղարաբաղյան կարգավորման ներկայիս ձեւաչափը թույլ չի տալիս դրա մասին խոսել որպես լիարժեք բանակցային ձեւաչափի, որը հնարավոր է միայն հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ: Այն, ինչ այժմ տեղի է ունենում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ քննարկումներում, հիշեցնում է Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ բանակցային փորձը 1949թ. այսպես կոչված ,Հռոդոսյան բանաձեւովե: Առաջին արաբա-իսրայելական պատերազմի ավարտից հետո հակամարտության կողմերի միջեւ հաշտության բանակցություններ էին վարվում: Արաբական երկրները, որոնք պարտություն էին կրել Իսրայելի հետ պատերազմում, չէին ճանաչում վերջինին եւ չէին ցանկանում նրա հետ ուղղակի բանակցություններ վարել: Հակամարտության կողմերը հանդիպեցին հունական Հռոդոս կղզում: Նրանց միջեւ միջնորդ դարձավ Պաղեստինի գծով ՄԱԿ ներկայացուցիչ Ռ.Բանչը (Ralph Bunche): Բանակցությունների ձեւաչափի առանձնահատկությունն այն էր, որ պատվիրակություններն ապրում էին նույն հյուրանոցի տարբեր հարկերում եւ նույնիսկ երկխոսություն էին վարում ոչ պաշտոնական կարգով, սակայն պաշտոնական մակարդակով նրանք չէին հանդիպում, եւ Ռ.Բանչը սենյակից սենյակ էր անցնում` տեղեկացնելով այս կամ այն կողմի առաջարկների մասին: Այսպիսով, նման ձեւաչափը բանակցությունների կողմերին թույլ էր տալիս փաստը ներկայացնել իրենց հարմար մեկնաբանությամբ: Արաբները բանակցություններն անուղղակի էին համարում եւ դրանով իսկ մնում էին Իսրայելը որպես պետություն չճանաչելու դիրքում, իսկ իսրայելցիները կարող էին դրանք մեկնաբանել որպես ուղղակի եւ այդպիսով դե-ֆակտո Իսրայելի ճանաչումը վկայող բանակցություններ` դրանք վարող արաբական երկրների կողմից: Եթե Ադրբեջանը չի կարող հաղթահարել բարդույթները եւ ուղղակի երկխոսություն վարել ղարաբաղյան հակամարտությունում հանձին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իր գլխավոր ընդդիմախոսի հետ, ապա միջազգային միջնորդները կարող են ,Հռոդոսյան բանաձեւըե հիշեցնող մի ինչ-որ բան ձեռնարկել. գտնվել նույն շենքում, բայց բանակցությունները վարել միջնորդների միջոցով: Նման բանաձեւը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ պետք է հետաքրքիր լինի արտաքին միջնորդող ուժերի համար, քանի որ դա թույլ կտա կարգավորումը բերել որակապես նոր փուլ, որը հսկման նոր տարրեր կստեղծի արտաքին ուժերի համար եւ կերկարաձգի համեմատական կայունությունը հակամարտության գոտում` բոլոր կողմերին ինտենսիվ բանակցություններում ներգրավելով: Բանակցությունների վարման պաղեստինա-իսրայելական փորձի զուգահեռները ղարաբաղյան կարգավորման առումով կարող են շարունակվել եւ , ըստ մեզ, հետաքրքիր են: Ինչպես հայտնի է, պաղեստինա-իսրայելական կարգավորումն ուներ իր ,մադրիդյան գործընթացըե, որը, սակայն, զարգացում չստացավ եւ ժամանակի ընթացքում փոխակերպվեց կարգավորման այլ ձեւաչափի, ստացավ բանակցային այլ մեթոդաբանություն: 1991թ. աշնանը մեկնարկած մերձավորարեւելյան կարգավորման ,մադրիդյան գործընթացըե ենթադրում էր բանակցությունների այնպիսի մեխանիզմի ստեղծում, որի պայմաններում շփումները ,նեղե, երկկողմանի ձեւաչափում պետք է համադրվեին պարբերական լիագումար նիստերի անցկացմանը` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի (միջազգային միջնորդների ,քառյակիե) հովանու ներքո10: Նման սխեման սկսեց գործել, բայց սկսած 1992-93թթ. փոխարինվեց (Պաղեստինի ղեկավարության համաձայնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ) ,Օսլոյի ձեւաչափովե (փակ բանակցություններ, ըստ էության` ,մադրիդյան գործընթացիե շրջանակից դուրս): Այս նոր մոտեցումը թեեւ թույլ տվեց արագացնել երկկողմ փաստաթղթերի նախագծերի մշակումը, սակայն հետագայում պարզվեց, որ դրանց իրականացումը չնախապատրաստված հանրային կարծիքի (թե՛ պաղեստինցիների, թե՛ իսրայելցիների շրջանում) ,մաղով անցկացնելնե անիրականանալի էր: Ըն որում` արտաքին ազդեցության հնարավորությունները հասցվել էին նվազագույնի11: Ղարաբաղյան հակամարտությունը նույնպես չի կարող լուծվել հակամարտության կողմերի քաղաքական էլիտաների կամային ջանքերով: Սա հակամարտություն է, որը դիմակայության խոր արմատներ է գցել դրանում ներգրավված պետությունների հասարակություններում, եւ առանց նրանց օժանդակության քաղաքական էլիտայի ցանկացած պայմանավորվածություն գործնական արժեք չունի: 1Ամերիկյան փորձագետների ազդեցությունն իրենց երկրի քաղաքականության ձեւավորման վրա կրում է ոչ միայն գաղափարների, տեսությունների, ռազմավարությունների կամ կոնկրետ կիրառական մշակումների առաջադրման վերլուծական բնույթ, այլեւ պարունակում է ԱՄՆ քաղաքական իրականության համար այնպիսի կարեւոր բաղադրիչ, ինչպիսին է կադրերի ճկուն եւ մշտական փոխատեղումը քաղաքական հանրությունից վերլուծաբանական եւ հակառակը: Այս առումով հատկանշական են ամերիկյան հայտնի դիվանագետ Սթրոուբ Թելբոթի (Strobe Talbot) խոսքերը, որը 2002-ից զբաղեցնում է ոչ միայն ԱՄՆ, այլեւ ամբողջ աշխարհի ամենահայտնի վերլուծական կենտրոնի` Բրուքինգսի ինստիտուտի նախագահի պաշտոնը. ,Բրուքինգսի ինստիտուտի գիտաշխատողներից ոմանք այսպես կոչված ,գիտնական-պրակտիկներե են: Այս բնորոշումը վերաբերում է, մասնավորապես, այն գիտաշխատողներին, որոնք պարբերաբար պաշտոններ են զբաղեցնում պետական իշխանության մարմիններում, որտեղ կարող են գործնականում ստուգել իրենց գիտական եզրահանգումները, ինչպես նաեւ նախկին պետծառայողներին, որոնք գալիս են Բրուքինգսի ինստիտուտ պետական ծառայությունում որոշակի ժամանակ աշխատելուց հետո: Նրանք օգտագործում են իրենց փորձը, որ կուտակել են պետական հիմնարկներում` դրանով լրացնելով մեր ակադեմիական հետազոտությունները: Այսպես, օրինակ, Բրուքինգսի ինստիտուտի ավելի քան տասը ,գիտնական-պրակտիկներե աշխատել են Պետդեպարտամենտում կամ Ազգային անվտանգության խորհրդում, ներառյալ Ջեյմս Սթեյնբերգը` Բրուքինգսի ինստիտուտի փոխնախագահն ու Արտաքին քաղաքական հետազոտությունների ծրագրի տնօրենը (նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնականի նախկին տեղակալ եւ Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի տնօրեն)ե: (Strobe Talbott, The Brookings Institutions: How a Tnink Tank Works // The Role of Think Tanks in US Foreign Policy, US Foreign Policy Agenda (An Electronic Journal of the US Department of State), Vol. 7, № 3, November 2002, p. 20). Նշենք, որ Ջ.Սթեյնբերգը 2009-ից կրկին վերլուծաբանականից անցել է քաղաքական հանրություն` զբաղեցնելով կարգով երկրորդ պաշտոնը երկրի Պետդեպարտամենտում: 2Д. Данилов, Южный Кавказ и миссия Европы // ,Стратегия Россииե, № 1, январь 2011. 3Հետախուզության ազգային խորհուրդն անմիջականորեն ենթարկվում է Ազգային հետախուզության տնօրենին եւ պատասխանատու է Ազգային հետախուզական ամփոփագրի (National Intelligence Estimate) կազմման համար, որը պատրաստվում է այս կամ այն հիմնախնդրի վերաբերյալ հասանելի ողջ տեղեկատվության հիման վրա ու կանոնավորապես զեկուցվում է ԱՄՆ նախագահին: NIC տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ այդ մարմինը միավորում է ԱՄՆ տարբեր հատուկ ծառայությունների, խոշոր գիտահետազոտական կենտրոնների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ջանքերը, որոնք գործում են ողջ աշխարհում: NIC կազմում ընդգրկված են 12 առաջատար աշխատակիցներ (National Intelligence Officers), որոնցից յուրաքանչյուրը ղեկավարում է կոնկրետ բաժնում ներառված փորձագետների աշխատանքը որոշակի աշխարհագրական կամ ճյուղային ուղղությամբ: Նման բաժիններից մեկը Ռուսական եւ եվրասիական հետազոտությունների բաժինն է (National Intelligence Office for Russia and Eurasia), որը մասնագիտացած միջգերատեսչական խումբ է եւ զբաղվում է ամենատարբեր կառավարական եւ ոչ կառավարական կառույցների գործունեության համակարգմամբ, մասնավորապես` հետխորհրդային տարածքում: Բաժինն զբաղվում է տարաբնույթ տեղեկատվության համակարգային վերլուծությամբ, այդ թվում առաջավոր համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ (ներգրավված հետախուզական հանրության եւ ,մտքի ֆաբրիկաներիե ներկայացուցիչներն են` Միջազգային հարաբերությունների խորհուրդը – CFR, Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը – CSIS, Քարնեգի հիմնադրամը, ՌԵՆԴ կորպորացիան, Բրուքինգսի ինստիտուտը եւ այլն): Այստեղ պատրաստվում են վերլուծաբանական փաստաթղթեր, ռազմավարական կանխատեսումներ, մշակվում են ապագայի սցենարներ (Марат Манкиев, Механизмы влияния США на Россию и СНГ, http://www.fondsk.ru/news/2011/01/30/mehanizmy-vlijanija-ssha-na-rossiju-i-sng.html, 30.01.2011). 4Ամսագիրը հիմնադրվել է ,Միասնություն հանուն Ռուսաստանիե ֆոնդի կողմից, որն ստեղծվել է 2003թ. հունիսին, Ռուսաստանի հայտնի գիտական եւ վերլուծական կենտրոնների (Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ, Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գծով գիտական տեղեկատվության ինստիտուտ, ,Ռուսական հասարակական-քաղաքական կենտրոնե ֆոնդ, ,Պոլիտիկաե ֆոնդ, Ռուսաստանում պառլամենտարիզմի զարգացման ֆոնդ) կողմից: 5Rumer, Eugene. Opinion Focus: Another Cold War?, December 17, 2004, http://www.washingtonpost.com/wp-dyn/articles/A5154-2004Dec16.html. 6Ամերիկա-ռուսական համագործակցության ոլորտներից մեկը, որով շահագրգռված են եւ՛ Վաշինգտոնը, եւ՛ Մոսկվան, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է: Չինաստանի հզորության ավելացումն այս տարածաշրջանում նման շահագրգռությունը դարձնում է փոխադարձ, ինչը, մասնավորապես, իր արտահայտությունը գտավ ԱՄՆ Ազգային ռազմական ստրատեգիայի վերջին խմբագրությունում (US National Military Strategy 2011), որտեղ նշվում է. ,Ամրապնդելով մեր եվրոպական դաշինքը` մենք զինվորականների մակարդակով Ռուսաստանի հետ կընդլայնենք երկխոսությունը եւ կապերը` շարունակելով մեր հաջող ջանքերը ռազմավարական սպառազինությունների կրճատման գծով: Մենք ձգտում ենք համագործակցել Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, միջուկային զենքի տարածման դեմ պայքարում, տիեզերքում, հակահրթիռային պաշտպանության ոլորտում, ինչպես նաեւ ողջունում ենք նրա քայլերը` ուղղված այն բանին, որ ավելի ակտիվ դեր խաղա Ասիայում անվտանգության եւ կայունության պահպանման գործումե (The National Military Strategy of the United States of America, 2011 Redefining America's Military Leadership, http://www.jcs.mil//content/files/2011-02/020811084800_2011_NMS_-_08_FEB_2011.pdf, p. 13). 7 http://www.ivran.ru/, 02.11.2011. 8Այսպես, 2011թ. հունվարի 13-ին Ռուսաստանի արտգործնախարար Ս.Լավրովն իր մամուլի ասուլիսում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասաց, որ ,Ռուսաստանը, որպես համանախագահող երեք երկրներից մեկը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին, ջանքեր է գործադրում պայմանավորվածություն ձեռք բերելու ուղղությամբ: Բացի ,եռյակինե մասնակցությունից, Ռուսաստանը, նախեւառաջ հանձին նախագահ Դ.Մեդվեդեւի, կօգտագործի իր հարաբերությունները Երեւանի եւ Բաքվի հետ այն բանի համար, որ համանախագահների հետ համաձայնեցված մոտեցումների հունով ջանա գտնել հանգուցալուծումը երեք երկրների` Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ձեւաչափով: Դ.Մեդվեդեւն ավելի քան տասնյակ հանդիպումներ է անցկացրել Բաքվի եւ Երեւանի իր գործընկերների հետ: Այդ հանդիպումների արանքում միմյանց հետ շփումներ են ունենում արտգործնախարարները... Հավանաբար, ամենագլխավորը ներկա փուլում այդ գործընթացին չխանգարելն է... Մտադիր ենք շարունակել մեր ջանքերը, որոնց մասին կանոնավորապես տեղեկացնում ենք Վաշինգտոնի եւ Փարիզի մեր գործընկերներին: Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից հետո հանգամանալի ճեպազրույց ենք անցկացնում համանախագահների համար, նրանք պաշտպանում են մեր ջանքերը եւ, հենվելով այդ աջակցության վրա, կջանանք այս տարի մի փոքր ավելի առաջ շարժվել, քան նախորդ տարիե (Ռուսաստանի արտգործնախարար Ս.Վ. Լավրովի ելույթը եւ 2010թ. ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների վերաբերյալ 2011թ. հունվարի 13-ի մամուլի ասուլիսում ԶԼՄ հարցերին նրա տված պատասխանները): 9ԱՄՆ պաշտոնական անձանց հայտարարությունները վկայում են, որ զուսպ մոտեցում կա հակամարտության զարգացման մեջ արագ պարզություն մտցնելու հեռանկարի հանդեպ: Այսպես, 2011թ. փետրվարի վերջին Հարավային Կովկաս այցելած Ջեյմս Սթեյբերգը (ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ) նշել է. ,Մենք հույս ունենք որոշակի առաջընթացի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ եւ կարծում ենք, որ երկու երկրների շահերից է բխում առաջ ընթանալ այս հարցում... Մենք մտահոգ ենք այն դժվարություններով, որոնց մենք ստիպված էինք բախվել վերջին տարիների ընթացքում` հաշվի առնելով պոտենցիալ շահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի համար` խաղաղ կարգավորման դեպքում եւ նրանց ռիսկերը` հակամարտության սրման պարագայումե (США озадачены трудностями, с которыми пришлось столкнуться в карабахском урегулировании, http://www.panarmenian.net/, 24.02.2011). 10Մինչեւ Մադրիդի կոնֆերանսը արաբական երկրները միասնական դիրքորոշում էին հայտնել` դիտարկել կոնֆերանսը եւ դրան հաջորդող բանակցությունները որպես միասնական գործընթաց: Իսրայելական կողմը, իր հերթին, կոնֆերանսը համարում էր ընդամենը ,ծիսակարգայինե գործողություն, իսկ երկկողմ եւ բազմակողմ բանակցությունները դիտարկում էր որպես ,լրիվ ինքնուրույն միջոցառումե: Արդյունքում` բանակցություններն իրենց արտահայտությունը գտան ,մադրիդյան բանաձեւումե, որով գտնվեց կողմերի համար ընդունելի բանակցությունների փոխզիջումային ձեւաչափը. Իսրայելի ուղղակի երկկողմ բանակցություններ արաբական մասնակից երկրներից յուրաքանչյւրի հետ, հանդիպումների անցկացում ավելի ընդլայնված կազմով եւ միջազգային միջնորդների մասնակցությամբ: Այդպիսով բանակցային ձեւաչափը ներառում էր ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ բանակցությունները: 11А.Г. Бакланов, ,Ближний Восток-2020: вероятно ли всеобъемлющее урегулирование?ե // ,Независимое военное обозрениеե, 22.01.2010. Միխայիլ Աղաջանյան ՀՀ նախագահի աշխատակազմին կից Տեղեկատվության եւ հասարակական կապերի կենտրոնի փորձագետ Գլոբուս Էներգետիկ անվտանգությունե, թիվ 2, 2011 «Նորավանք» հիմնադրամ
Նոյյան տապան  -   Վերլուծություն