ՀՀ ԱԺ-Ն ԱՎԱՐՏԵՑ 2007Թ. ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ<br />


ՀՀ ԱԺ-Ն ԱՎԱՐՏԵՑ 2007Թ. ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

  • 21-05-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 21-ին ավարտեց 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը: Ըստ այդմ, փաստացի եկամուտները կազմել են 588 մլրդ դրամ, կատարողականը` 104,6 տոկոս: 2006թ. համեմատ, աճը կազմել է 33,2 տոկոս: Ծախսերը կազմել են 634,7 մլրդ դրամ, կատարողականը` 100,3 տոկոս, 2006-ի նկատմամբ աճը` 31,9 տոկոս: Դեֆիցիտը կազմել է 46,7 մլրդ դրամ, կատարողականը` 66,2 տոկոս, 2006թ. համեմատ աճը` 17,6 տոկոս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց պատգամավորներին շահագրգիռ քննարկումների համար եւ հավաստիացրեց, որ ոչ մի դիտողություն եւ առաջարկություն չի վրիպել կառավարության ուշադրությունից: Նա վստահեցրեց, որ գալիք տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ կառավարությունը կփորձի մանրակրկիտ եւ սպառիչ պատասխան տալ պատգամավորներին մտահոգող բոլոր հարցերին: 2007թ. պետբյուջեի կատարողականի քվեարկությունը կիրականացվի մայիսի 22-ին: Կատարողականին միակ դեմ քվեարկելու մտադրությունը հայտնած խմբակցությունը «Ժառանգությունն» է: Վերջինի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը իրենց դիրքորոշումը պայմանավորեց նրանով, որ 2007թ. պետբյուջեն չի լուծել շարքային քաղաքացու սոցիալ-կենցաղային հարցերը եւ չի ուրվագծել Հայաստանի հետագա տնտեսական զարգացմանն ուղղված քայլերը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն