ԸՍՏ ՀՀ ԿԲ-Ի ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ, 2008 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃԸ<br /> ԿԿԱԶՄԻ 7,4%<br />


ԸՍՏ ՀՀ ԿԲ-Ի ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ, 2008 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃԸ
ԿԿԱԶՄԻ 7,4%

  • 14-04-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է 12-ամսյա հեռանկարում գնաճի կանխատեսումները: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայությունից, ըստ ապրանքատեսակների գնաճի մոդելով կանխատեսումների, շուկայի տոկոսադրույքների անփոփոխ մակարդակի պահպանման վարկածի պայմաններում, 2009թ.-ի առաջին եռամսյակի ավարտին 12-ամսյա գնաճը կկազմի 6,9%, իսկ 2008թ.-ի չորրորդ եռամսյակի ավարտին` 7,4%: Նախորդ կանխատեսումների համեմատ ներկա կանխատեսումները ճշգրտվել են աճի ուղղությամբ` հաշվի առնելով 2008թ.-ի առաջին եռամսյակում գնաճի զարգացումները: Մասնավորապես, հումքային եւ պարենային ապրանքների միջազգային գները որոշակիորեն կնվազեն` սկսած 2008թ.-ի երկրորդ կիսամյակից, Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճի տեմպերը կպահպանվեն` համախառն պահանջարկի` իր հավասարակշիռ մակարդակը փոքր-ինչ գերազանցող ցուցանիշի պայմաններում: ՀՀ ԿԲ-ն հավանական է համարել, որ երկրում գնաճի փաստացի ցուցանիշը կանխատեսվածից մեծ կարող է լինել նավթի եւ պարենային ապրանքների (այդ թվում` հացահատիկի) միջազգային գների կանխատեսվողից ավելի բարձր աճի պատճառով. ընդ որում` նավթի գների աճը կախված կլինի ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ արտաքին տնտեսական զարգացումներից: Հայաստանում կանխատեսվածից ավելի բարձր գնաճի արձանագրմանը կարող է նպաստել տնտեսության վարկավորման սպասվողից բարձր աճը, որը կարող է հանգեցնել ամբողջական պահանջարկի լրացուցիչ խթանման: Նշվել է, որ գյուղատնտեսության ճյուղի արտադրության ծավալներից կախված` պարենային ապրանքների գները կարող են ընդհանուր գնաճի վրա ազդեցության ունենալ ինչպես նվազման, այնպես էլ աճի ուղղությամբ: Հաշվի առնելով 2008թ.-ի առաջին եռամսյակի զարգացումները եւ հետագա 12-ամսյա կանխատեսումները, ԿԲ-ի խորհուրդը արձանագրել է, որ առաջին եռամսյակի վերջում արտաքին միջավայրի գնաճային ճնշումները շարունակել են աճել` էապես անդրադառնալով պարենային ապրանքների ներքին գների վրա: Սպասվում է, որ արտաքին միջավայրից գնաճի բարձր ճնշումները կպահպանվեն 2008թ.-ի երկրորդ եռամսյակում եւ լավագույն դեպքում կսկսեն թուլանալ միայն 2008թ.-ի երկրորդ կիսամյակից սկսած, ընդ որում, միայն իրադարձությունների բավականին բարենպաստ զարգացման դեպքում: Մեծացել է նաեւ արտաքին միջավայրի հետագա զարգացումների անորոշության աստիճանը: Հնարավոր են դեֆլյացիոն ռիսկերը, սակայն, ամենայն հավանականությամբ, գնաճային ճնշումների ավելացման ուղղությամբ ռիսկերը գերիշխող կլինեն: Միաժամանակ, վերոհիշյալ զարգացումների երկրորդային ազդեցությունները` զուգորդվելով նախորդ ժամանակահատվածից փոխանցվող հավելուրդային պահանջարկի ազդեցությամբ, սկսում են դրսեւորվել` հանգեցնելով ոչ պարենային ապրանքների գների եւ ծառայությունների սակագների բարձրացմանը: Այս իրավիճակում դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը նպատակ ունի մեղմել նշված զարգացումներով պայմանավորված գնաճային սպասումները եւ երկրորդային ազդեցությունները: Միաժամանակ, խորհուրդը մատնանշել է, որ մշտապես պետք է ուշադրության կենտրոնում գտնվեն նաեւ փողի բազայի աճի միտումները: Արտաքին միջավայրի գնաճային ճնշումների մեղմման գնահատականների, երկրորդային գնաճային ազդեցությունների չափի եւ գնաճի իներցիայի ուժգնության վերաբերյալ տարակարծությունների պայմաններում խորհուրդը քննարկել է ԿԲ-ի ռեպո գործարքների տոկոսադրույքը 0,25 կամ 0,5%-ով բարձրացնելու տարբերակները: Արդյունքում, 2008թ.-ի ապրիլի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել բարձրացնելու վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25%-ով` այն սահմանելով 6,50%: Լոմբարդային վարկի եւ ավանդի տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար, 9,5% եւ 3,5%:
Նոյյան տապան  -   Տնտեսություն