ՀՀ 2009 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ<br /> ԾԱԽՍԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ ՇՈՒՐՋ 126,4 ՄԼՐԴ ԴՐԱՄ, ԻՍԿ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ` 8,3 ՄԼՐԴ<br /> ԴՐԱՄ<br />


ՀՀ 2009 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ
ԾԱԽՍԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ ՇՈՒՐՋ 126,4 ՄԼՐԴ ԴՐԱՄ, ԻՍԿ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ` 8,3 ՄԼՐԴ
ԴՐԱՄ

  • 28-10-2008 19:22:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի պետբյուջեի նախագծով կրթության բնագավառի ծախսերը, առանց պետական կառավարման ապարատի պահպանման եւ գիտության գծով ծախսերի, կազմում են շուրջ 126,4 մլրդ դրամ, ինչը 2008թ.-ի հաստատված ցուցանիշից ավելի է շուրջ 23 մլրդ դրամով կամ 22,2 տոկոսով: Գիտության բնագավառի ծախսերը նախատեսված են 8,3 մլրդ դրամի չափով: 2008թ.-ի ճշտված բյուջեի նկատմամբ ծախսերի աճը կազմում է շուրջ 1,4 մլրդ դրամ կամ շուրջ 21 տոկոս: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների հոկտեմբերի 28-ի համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Ըստ նրա, կրթության բնագավառում հիմնական գերակայությունն է համարվում հանրակրթության ոլորտը, որին 2009թ.-ի պետբյուջեի նախագծով նախատեսվել է ուղղել 71 մլրդ դրամ, ինչը 2008թ.-ի ցուցանիշի նկատմամբ ավելի է շուրջ 16 մլրդ դրամով կամ 28,8 տոկոսով: Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է մանկավարժական, վարչական, ուսումնաօժանդակ եւ տնտեսական աշխատողների աշխատավարձերի գումարի աճով` շուրջ 12,4 մլրդ դրամով, պարտադիր սոցիալական ապահովության վճարների աճով` 679 մլն դրամով` կապված աշխատավարձերի բարձրացման հետ: Նախագծով ծախսերի որոշակի աճ է նախատեսվում կրթության բնագավառի նաեւ այլ ոլորտների համար. մասնավորապես, բարձրագույն կրթության գծով նախատեսվել է շուրջ 7,6 մլրդ դրամ, ինչը 2008թ.-ի ցուցանիշի նկատմամբ ավելի է 957,1 մլն դրամով կամ 14,4 տոկոսով: Աճը հիմնականում պայմանավորված է աշխատավարձի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով լրացուցիչ միջոցների նախատեսմամբ, նաեւ կրթաթոշակի ֆոնդի գծով ծախսերի աճով` սովորողներնի թվաքանակի ավելացմամբ պայմանավորված: Բացի պետբյուջեի միջոցներով նախատեսված մի շարք ծրագրերից, 2009թ.-ին նախատեսվում է նաեւ իրականացնել Կրթության որակի եւ համապատասխանության, ինչպես նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ նպատակային ծրագրերը: Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի, բանակցություններ են տարվում Համաշխարհային բանկի հետ շուրջ 210 նախադպրոցական հիմնարկների աշխատանքները ֆինանսավորելու համար: Նշվեց նաեւ, որ իրականացվելիք կրթական ծրագրերի շրջանակներում 2009թ.-ին համակարգչային եւ ինտերնետային կապի ծառայությունների ծախսերը նախատեսվում են ցանցում արդեն ընդգրկված 644 դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկման եւ պահպանման, ինչպես նաեւ նշված ցանցում եւս 300 դպրոցի ընդգրկման հաշվարկով: Ներդրումներ են նախատեսված նաեւ 151 հանրակրթական դպրոցներ համակարգիչներով համալրելու համար: ՀՀ 2009թ.-ի պետբյուջեի նախագծով գիտության ծախսերը կուղղվեն մի շարք ծրագրերի իրականացմանը: Գիտության զարգացումը պետք է ընթանա «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի եւ գիտության ու գիտատեխնիկական քաղաքականության հիմնադրույթներով, ըստ որի, պետության կողմից գիտության ֆինանսավորումը կիրականացվի բազային, պայմանագրային (թեմատիկ), նպատակային-ծրագրային ֆինանսավորման ձեւերով: Բազային ֆինանսավորում ստացող կազմակերպությունների համար նախատեսվել է շուրջ 5,1 մլրդ դրամ` 2008թ.-ի շուրջ 3,9 մլրդ դրամի դիմաց: Այդ թվում, հիմնարար եւ կարեւորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագրի գծով նախատեսված է 2,45 մլրդ դրամ: 2008թ.-ի նկատմամբ 620 մլն դրամով աճը հիմնականում պայմանավորված է գիտաշխատողների միջին հաշվարկային աշխատավարձը մոտ 6 տոկոսով եւ տնտեսական ու այլ ծախսերը տվյալ գիտական կազմակերպության բազային ֆինանսավորման ընդհանուր ծավալի 20-30 տոկոսի չափով ավելացմամբ: Բազային ֆինանսավորման աճը նաեւ պայմանավորված է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի ֆինանսավորման աճով: Պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման համար նախատեսվում է 1,07 մլրդ դրամ` 2008թ.-ի 943 մլն դրամի դիմաց: Աճը պայմանավորված է հիմնականում ՀՀ Պաշտպանության նախարարության պատվերով կատարվող հատուկ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների գծով ծախսերի ավելացմամբ: Պայմանագրային ֆինանսավորման համար նախատեսված է շուրջ 1,55 մլրդ դրամ` 2008թ.-ի 1,46 մլրդ դրամի դիմաց: 2009թ.-ի պետբյուջեի նախագծով, ինչպես եւ ընթացիկ տարում, առանձին ծրագրով նախատեսվում է նաեւ 549,9 մլն դրամ` գիտաշխատողներին գիտական աստիճանների համար հավելավճարներ տրամադրելու նպատակով: 2008թ.-ին գիտության դոկտորների համար սահմանվել է 20 հազար դրամ, իսկ թեկնածուների համար` 10 հազար դրամ (մոտ 33 ԱՄՆ դոլար) հավելավճար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն