ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ ՈՒՂՂԵՆՔ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ԹԱՅՄԶԻՆ<br />


ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ ՈՒՂՂԵՆՔ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ԹԱՅՄԶԻՆ

  • 21-08-2008 17:10:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա կուրիեր» Ես հոգնում եմ մի քանի ամիսը մեկ միեւնույն ուղղումը պահանջելուց Լոս Անջելես Թայմզից, բայց թերթի լրագրողները կարծես չեն հոգնում միեւնույն սխալը կատարելուց: Ընթերցողները հավանաբար գուշակում են, որ ես խոսում եմ Հայոց ցեղասպանությանը` Թայմզում եւս մեկ ոչ ճշգրիտ անդրադարձի մասին: Այս անգամ մեղադրյալը լրագրող Ագուստին Գուրզան է: Օգոստոսի 9-ի թերթի «Օրացույց» բաժնում պրն. Գուրզան մի երկար առաջնորդող հոդված էր գրել Armenian Navy Band-ի` 12 հոգուց բաղկացած ազգային-ֆյուժն խմբի ամերիկյան դեբյուտի մասին, որը կայացել էր Լոս Անջելեսի հեղինակավոր Walt Disney համերգային սրահում: Ես զարմացա եւ զայրացա, երբ կարդացի այդ հոդվածում Հայոց ցեղասպանության հետեւյալ սխալ բնութագրումը. «Հայերը կրում են իրենց հավաքական ԴՆԹ-ում հիշողությունը այն բանի, որը նրանք համարում են թուրքերի կողմից ցեղասպանություն 20-րդ դարի սկզբին»: Պրն. Գուրզան պետք է իմանար, որ Հայոց ցեղասպանությունը ողջ աշխարհում ճանաչված է, բացառությամբ թուրք ժխտողների եւ նրանց հետեւորդների: Լրագրողի սխալ հայտարարությունը նաեւ խախտում է Թայմզի խմբագրական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում: Դժբախտաբար, սա Թայմզի լրագրողների կողմից թույլ տրված առաջին այսպիսի սխալը չէ, ոչ էլ կլինի վերջինը: Վերջին տարիներին այս թերթն անհամար ուղղումներ է հրապարակել այս հարցի շուրջ: Մոտ մեկ տարի առաջ մեծ վիճաբանություն էր ծագել հայկական համայնքի եւ Թայմզի խմբագիրների միջեւ, երբ թողարկող խմբագիր Դուգլաս Ֆրանցն արգելեց լրագրող Մարկ Արաքսի գրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի հոդվածի հրապարակումը: Վիճաբանությունը լուծվեց, երբ Թայմզի տնօրեն Դեյվիդ Հիլլերը վստահեցրեց համայնքին, որ այլեւս չի հանդուրժի Հայոց ցեղասպանության վերաբերյալ թերթի որդեգրած քաղաքականությունից ոչ մի շեղում: Պրն. Ֆրանցն այլեւս չի աշխատում Թայմզում: Վեց ամիս անց լրագրող Ռիչարդ Սայմոնն 2007թ. հոկտեմբերի 3-ի իր հոդվածում մեկ անգամ եւ սխալ բնութագիր տվեց Հայոց ցեղասպանությունը: Երկու օր անց, երբ ես բողոքեցի պրն. Հիլլերին, Թայմզը տպագրեց հետեւյալ ուղղումը. «Հայոց ցեղասպանություն. օսմանյան թուրքերի կողմից հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչելու օրինագծի մասին չորեքշաբթի օրվա A բաժնի մի հոդվածում ասվում էր «Հայերն ասում են, որ 1,5 միլիոն մարդ է զոհվել իրենց ժողովրդից, որպես արեւելյան Թուրքիայից նրանց տարհանելու ծրագրի մի մաս»: Հայտարարությունը չպետք է վերագրվի միայն հայերին. պատմական վկայությունները եւ հետազոտություններն ապահովում են ցեղասպանություն տերմինի ճշգրտությունը»: Այս ուղղումից մեկ տարի էլ չանցած, լրագրող Գուրզան կրկնեց նույն սխալը իր 2008թ. օգոստոսի 9-ի հոդվածում: Ենթադրելով, որ, որպես ժամանցի հարցերով լրագրող, նա կարող է տեղյակ չլինել Հայոց ցեղասպանության նկատմամբ թերթի որդեգրած քաղաքականությանը` ես զանգահարեցի նրան օգոստոսի 11-ին, որպեսզի տեղյակ պահեմ նրան իր հնարավոր չգիտակցված սխալի մասին: Նա տեղում չէր, եւ ես մի հաղորդագրություն թողեցի նրա ձայնային փոստում: Արձագանք չստանալով պրն. Գուրզայից, ես կապվեցի անմիջապես Թայմզի խմբագիրների հետ: Հաջորդ օրը ինձ շտապ զանգահարեցին եւ ասացին, թե խմբագիրները նայել են իմ գանգատը, համարել այն իրավացի եւ խոստացել են շուտով տպագրել համապատասխան ուղղումը: Իրոք, թերթի օգոստոսի 14-ի համարում հայտնվեց հետեւյալ ուղղումը. «Armenian Band. ուրբաթ օրը Walt Disney համերգային սրահում իր ամերիկյան դեբյուտով հանդես եկող Armenian Navy Band-ի մասին շաբաթ օրվա օրացույցային բաժնի հոդվածում ասվում էր. «Հայերն իրենց հավաքական ԴՆԹ-ում կրում են հիշողությունն այն բանի, որը նրանք համարում են թուրքերի կողմից ցեղասպանություն 20-րդ դարի սկզբին»: Հայտարարությունը չպետք է պարունակեր «ցեղասպանություն» տերմինի բնութագրում. պատմական փաստերը եւ հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ տերմինը ճշգիրտ է»: Այս ուղղումը գրեթե նույնն է, ինչ մեկ տարի առաջ հրապարակվածը: Չնայած մեր ընթերցողներից ոմանք դավադրություն են տեսնում Հայոց ցեղասպանությանը թերթի կրկնվող ոչ ճշգրիտ անդրադարձների հետեւում, ես դրան համաձայն չեմ: Ես հավատում եմ, որ այս սխալները անում են պարզապես անտեղյակ եւ անփույթ լրագրողները: Քանի որ հարյուրավոր լրագրողներ են աշխատում Թայմզում, կա աշխատուժի մեծ հոսունություն, հասկանալի է, որ աշխատակազմի նոր անդամները կարող են տեղյակ չլինել Հայոց ցեղասպանության նկատմամբ թերթի որդեգրած քաղաքականությանը: Որքան էլ որ ես հոգնում եմ Թայմզի հետ կապվելուց ու եւս մեկ ուղղում խնդրելուց, եկեք նայենք հարցի լուսավոր կողմին: Թայմզի խմբագիրները միշտ սիրալիր կերպով ընդունել են իմ բողոքը եւ անմիջապես տպագրել պահաջվող ուղղումը: Ավելին, ամեն անգամ, երբ Թայմզն այսպիսի սխալ է կատարում, դրանով եւս մի հնարավորություն է ստեղծվում, որպեսզի թերթը վերահաստատի Հայոց ցեղասպանության փաստերը եւ հիշեցնի թե ներկա ու թե նոր ընդունված աշխատողներին այս հարցի նկատմամբ իր` ժամանակով փորձված քաղաքականության մասին:
Նոյյան տապան  -   Վերլուծություն