ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵՆ 125 ԿՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ<br /> ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵՆ 125 ԿՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐ

  • 01-08-2008 16:08:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական նշանակության ավտոճանապարհային ցանցը կազմում է 7704,3 կմ, այդ թվում 1686 կմ-ը միջպետական նշանակության, 4056,3 կմ-ը` հանրապետական, 1962 կմ-ը` տեղական: Ինչպես պաշտոնավարման հարյուր օրվա նվիրված օգոստոսի 1-ին ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, այս տարի նախարարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերով նախատեսվում է հիմնանորոգել 125 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ, այդ թվում` 12,7կմ-ը` միջպետական, 43 կմ-ը` հանրապետական, իսկ 69,3 կմ-ը` տեղական նշանակության: Ընդ որում, այս տարվա առաջին կիսամյակում արդեն շահագործման են հանձնվել 31,2 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ, որից 5,2 կմ-ը` միջպետական, 26 կմ-ը` տեղական նշանակության: Գ.Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկայումս նախարարության կողմից իրականացվում է ավտոճանպարհների հիմնանորոգմանն ուղղված երեք ծրագիր. պետբյուջեի ֆինանսավորմամբ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագիրը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի «Գյուղական ճանապարհների վերականգնում» ենթածրագիրը եւ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող «Գյուղական ճանապարհահատվածի» ծրագիրը: Նախարարի խոսքերով, այս տարի ՀՀ պետբյուջեի միջոցներով կիրականացվեն ընդհանուր առմամբ 11333,75 մլն դրամի հիմնանորոգման աշխատանքներ: Նշենք, որ այդ գումարը կուղղվի 246 կմ ճանապարհահատվածների հիմնանորոգմանը եւ 24 կմ արգելափակոցների տեղադրմանը: Ընդ որում, այս տարի կհիմնանորոգվեն 100 կմ ճանապարհահատվածներ եւ կտեղադրվեն արգելափակոցները, իսկ մնացած 146 կմ ճանապարհահատվածները շահագործման կհանձնվեն 2009 թ.-ին: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով (սկսվել է 2007թ.-ին եւ նախատեսվում է ավարտել 2011 թ.-ին), որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 67 մլն ԱՄՆ դոլար, նախատեսվում է հիմնանորոգել 300 կմ ճանապարհահատվածներ: Այս տարի շահագործման կհանձնվի 25 կմ-ը եւ կսկսվեն մնացած 275 կմ-ի հիմնանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2010թ.-ին: Ասիական զարգացման բանկի ծրագրով, որի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 41,9 մլն ԱՄՆ դոլար, նախատեսվում է հիմնանորոգել շուրջ 227 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ: Այս տարի կսկսվեն 109 կմ-ի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն 2009թ.-ին: Իսկ մնացած 118 կմ-ի հիմնանորոգումը կսկսվի 2009թ.-ին եւ կավարտվի 2010թ.-ին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն