ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՈՒԲԱՅԻ ԴԵՄ
20-06-2008 14:31:00 | Բելգիա | Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրյուսելում
Եվրամիության գագաթնաժողովում որոշում է ընդունվել պաշտոնապես
չեղյալ հայտարարել դիվանագիտական պատժամիջոցները Կուբայի նկատմամբ:
Այս մասին, ինչպե սհաղորդում է «Ինտերֆաքսը», հայտարարել է ԵՄ
արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գերագույն
հանձնակատար Խավիեր Սոլանայի մամլո քարտուղար Քրիստինա Գալլախը:
Դիվանագիտական պատժամիջոցները, որ սահմանափակում էին ԵՄ
բարձրաստիճան ներկայացուցիչների այցերը Կուբա, սահմանվել էին 2003
թվականին ի նշան բողոքի Կուբայում մարդու իրավունքների վիճակի դեմ:
Երկու տարի անց արդեն պատժամիջոցները կասեցվեցին, եւ դրանց
այս անգամ չեղյալ հայտարարելը պետք է ընկալել որպես խորհրդանշական
քայլ, որը, ըստ Գալլախի, «կոչված է խրախուսելու կուբացի առաջնորդ
Ռաուլ Կաստրոյին, որ վերջերս է ընդունել կառավարման ղեկը իր եղբայր
Ֆիդելից, հասնելու առաջընթացի մարդու իրավունքների բնագավառում»: