ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ<br /> ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԿՐԵՄԼՅՈՎՍԿԻ ԲԱԼԵՏ» ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԿՐԵՄԼՅՈՎՍԿԻ ԲԱԼԵՏ» ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ

  • 12-06-2008 17:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում հունիսի 12-ին առաջին անգամ գալա-համերգային ծրագրով հանդես կգա Ռուսաստանի Դաշնության «Կրեմլյովսկի բալետ» թատերախումբը: 23-հոգանոց թատերախումբը հայ հանդիսատեսին կներկայացնի հատվածներ «Քնած դշխուհին», «Կարապի լիճը», «Շչելկունչիկ», «Էսմերալդա», «Կարնավալ Վենետիկում», «Դոն Կիխոտ» բալետներից եւ այլ պարային բեմադրություններ: Ինչպես հունիսի 12-ին մամլո ասուլիսում հայտնեց թատերախմբի գեղարվեստական ղեկավար Անդրեյ Պետրովը, համերգային ծրագրին կմասնակցեն Ռուսաստանի վաստակավոր արտիստներ Նատալյա Բալախնիչեւան, Այդար Շայդուլինը, Ինեսա Բիքբուլատովան, միջազգային եւ համառուսաստանյան մրցույթների դափնեկիրներ Միխայիլ Մարտինյուկը, Ալիյա Խասենովան եւ այլք: «ՀՀ մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության միջեւ մշակույթի բնագավառում 2006-2008թթ. համագործակցության մասին» ծրագրի ու «ՀՀ մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության միջեւ 2008թ. համագործակցության մասին» հուշագրի շրջանակում իրականացվող նման մշակութային այցելությունները, ըստ Անդրեյ Պետրովի, էական նշանակություն ունեն Հայաստանի եւ Ռուսաստանի մշակութային կապերի զարգացման եւ խորացման գործում: Թատրոնի գեղարվեստական տնօրենը համոզված է, որ քաղաքական գործիչները չեն էլ պատկերացնում` որքան կարեւոր են մշակութային կապերը, եւ ինչ կարող են տալ դրանք ազգերին եւ ժողովուրդներին: Անդրեյ Պետրովը նշեց, որ «Կրեմլյովսկի բալետ» թատրոնի խաղացանկում ներկայումս կա 20 ներկայացում: Գեղարվեստական տնօրենը նշեց, որ սա թատերախմբի առաջին հյուրախաղերն են Հայաստանում, եւ իրենք այս անգամ բերել են ընդամենը 23 դերասանի. «Մենք այս օրերին ծանոթանում ենք պայմաններին եւ իրավիճակին, որպեսզի ավելի ուշ ամբողջական եւ մեծ ներկայացումներով գանք Հայաստան»: «Կրեմլյովսկի բալետ»-ի ավագ բալետմայստերն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եկատերինա Մաքսիմովան:
Նոյյան տապան  -   Մշակույթ