ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ<br /> 5,8%-ՈՎ, ԻՍԿ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 0,7 ԱՍՏԻՃԱՆՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
5,8%-ՈՎ, ԻՍԿ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 0,7 ԱՍՏԻՃԱՆՈՎ

  • 05-06-2007 16:55:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հալչող սառույց` հրատապ թեմա». այսպիսին է շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրվա` Հունիսի 5-ի, այս տարվա կարգախոսը: Ինչպես նշված է օրվա առթիվ ՄԱԿ-Ի գլխավոր քարտուղարի ուղերձում, մարդկային գործունեության արգասիք ջերմոցային գազի արտանետումները երկրագնդի առավել տաքացման պատճառ են հանդիսանում: Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի խտացումը ավելի բարձր է, քան երբեւէ եղել է վերջին 600 հազ. տարվա ընթացքում, եւ այս գործընթացի տեմպերը գնալով մեծանում են: Հունիսի 5-ի օրվան նվիրված միջոցառմանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Ալեքսանդր Ավանեսովը նշեց, որ Հայաստանը չունի կլիմայական փոփոխման ադապտացման ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր: Մինչդեռ, ըստ նրա, 1930-1990թթ.-ին արված հետազոտությունների համաձայն, Հայաստանի տարածքում տարեկան միջին տեղումները նվազել են 5,8%-ով, իսկ ջերմաստիճանը բարձրացել է 0,7 աստիճանով: «ՄԱԶԾ-ն Գլոբալ էկոլոգիական ֆոնդի հետ մշակել է համատեղ ծրագիր, որն անդրադառնում է կլիմայի փոփոխության արդյունքում Հայաստանի վտանգված լեռնային անտառային էկոհամակարգերի խնդրին»,- նշեց Ա.Ավանեսովը: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Էկո-Հայաստան ՀԿ-ների կոալիցիայի «Թունավորում` հանուն շահի» տեսաֆիլմի շնորհանդեսը: Ըստ ֆիլմի սցենարի հեղինակ Ինգա Զարաֆյանի, Հայաստանի ընդերքում առկա են մետաղների գրեթե բոլոր խմբերը` սեւ, ազնիվ, ցրված, գունավոր եւ թանկարժեք: «Հանքարդյունաբերությունը նոր թափ է առնում հանրապետությունում, եւ հանքափորային ընկերությունների թիվը վերջին 3 տարվա ընթացքում աճել է 1,5 անգամ, ինչը շրջակա միջավայրին հսկայական վնաս է հասցնում»,- նշեց Ի.Զարաֆյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն