ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԿԵՐՏԵԼ Է ՓԱՅԼՈՒՆ<br /> ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ»<br />


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԿԵՐՏԵԼ Է ՓԱՅԼՈՒՆ
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ»

  • 17-05-2007 18:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հայ երգարվեստի ականավոր դեմքերից մեկի` աշխարհահռչակ երգչուհի Գոհար Գասպարյանի, մահվան կապակցությամբ, որում ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից խոր վշտակցություն է հայտնել նրա հարազատներին, մերձավորներին եւ նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին. «Ցավով ընդունեցի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, հայ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի մահվան գույժը: Գոհար Գասպարյանը, լինելով հայ դասական եւ օպերային երգարվեստի դպրոցի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկը, հիրավի կերտել է փայլուն ստեղծագործական կենսագրություն: Երգչուհու կատարումները համընդհանուր ճանաչում եւ հեղինակություն են բերել ոչ միայն իրեն, այլեւ հայ երգարվեստին ու մեր Հայրենիքին: Կորստի այս ծանր պահին, խնդրում եմ, ընդունեք ՀՀ կառավարության եւ իմ ցավակցություններն ու զորակցությունը»,- ասված է ՀՀ վարչապետի ցավակցական հեռագրում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գ.Գասպարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշումով ստեղծվել է կառավարական հանձնաժողով` իր նախագահությամբ: Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Գ.Գասպարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 18-ին, ժամը 18:00-ից` Բաղրամյան 50 Բ, 2-րդ մուտք, բն. 20 հասցեում: Մայիսի 19-ին` Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում, ժամը 12-14-ին տեղի կունենա վերջին հրաժեշտը մեծանուն երգչուհուն: Հուղարկավորության արարողությունը կկայանա ժամը 15-ին` Երեւանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play