ԷԴՎԱՐԴ ՍԱՍՈՒՆ. ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄՈԼՈՒՑՔԸ ԱՅԼԵՎՍ ՆԵՐԽՈՒԺԵԼ Է<br /> ԱՐՎԵՍՏԻ ՈԼՈՐՏ ԵՎ ԽԱԹԱՐՈՒՄ Է ԱՌՈՂՋ ՄԻՏՔՆ ՈՒ ՃԱՇԱԿԸ<br />


ԷԴՎԱՐԴ ՍԱՍՈՒՆ. ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄՈԼՈՒՑՔԸ ԱՅԼԵՎՍ ՆԵՐԽՈՒԺԵԼ Է
ԱՐՎԵՍՏԻ ՈԼՈՐՏ ԵՎ ԽԱԹԱՐՈՒՄ Է ԱՌՈՂՋ ՄԻՏՔՆ ՈՒ ՃԱՇԱԿԸ

  • 14-05-2007 20:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գեղանկարիչ Էդվարդ Սասունի (Ավագյան) տարբեր տարիների ստեղծագործություններն են ամփոփված «Էդվարդ Սասուն» նկարչական կատալոգում, որի շնորհանդեսը կայացավ մայիսի 14-ին «Տեսակետ» ակումբում: Սասնա երկրից գաղթած մտավորականների ընտանիքում ծնված Էդվարդ Սասունը (Ավագյան) սկսել է նկարել վաղ տարիքից: Ավարտելով Երեւանի պետհամալսարանին կից ֆիզմաթ դպրոցը, հետագայում ուսումը շարունակել է Սանկտ-Պետերբուրգի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում: Ազգագրագետ Հռիփսիմե Պիկիչյանի խոսքերով, ճշգրիտ գիտություններով զբաղվելն արտահայտվել է նկարչի ստեղծած կոմպոզիցիոն կառույցներում եւ կոլորիտային ինքնաբուխ լուծումներում: Ըստ բանախոսի, կերպարվեստի դասական ավանդույթներին հավատարիմ գեղանկարչի 1980-1990-ական թվականների աշխատանքներում ակնհայտ են ակադեմիական իրատեսական դպրոցներին բնորոշ գեղագիտական ընկալումն ու տեխնիկական հնարքների կիրառումը: Էդվարդ Սասունը 1997-2005 թթ. անընդմեջ ապրել եւ ստեղծագործել է Բանգկոկում (Թայլանդ): Այդ ընթացքում հեղինակը ստեղծել է գունային բազմաշերտ լուծումներով եւ արեւելյան ջերմությամբ ողողված բնանկարների եւ նատյուրմորտների շարքեր` վարպետությամբ վրձնած դիմանկարներ: Հ.Պիկիչյանի բնորոշմամբ, Է.Սասունի ստեղծագործական գործունեությունը կամրջում է Արեւելքն ու Արեւմուտքը, «դասական ավնդույթն ու դրա մերօրյա փոխակերպումները»: Է.Սասունը խոսելով գեղանկարչության մասին, նշեց, որ նկարելը իր կենսակերպն է եւ կյանքը. «Ես ոչ մի այլ գործով չեմ կարող զբաղվել: Նկարչությունը իմ հացն ու ջուրն է»: Նրա խոսքերով, Հայաստանում այսօր գեղանկարչությունը զարգանում է ոչ ճիշտ ճանապարհով. «Շուկայական հարաբերությունները ներխուժել են նաեւ արվեստի ոլորտ եւ խաթարում են առողջ միտքն ու ճաշակը»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play