ԷԴՎԱՐԴ ՍԱՍՈՒՆ. ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄՈԼՈՒՑՔԸ ԱՅԼԵՎՍ ՆԵՐԽՈՒԺԵԼ Է
ԱՐՎԵՍՏԻ ՈԼՈՐՏ ԵՎ ԽԱԹԱՐՈՒՄ Է ԱՌՈՂՋ ՄԻՏՔՆ ՈՒ ՃԱՇԱԿԸ
14-05-2007 20:25:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գեղանկարիչ Էդվարդ Սասունի
(Ավագյան) տարբեր տարիների ստեղծագործություններն են ամփոփված
«Էդվարդ Սասուն» նկարչական կատալոգում, որի շնորհանդեսը կայացավ
մայիսի 14-ին «Տեսակետ» ակումբում:
Սասնա երկրից գաղթած մտավորականների ընտանիքում ծնված Էդվարդ
Սասունը (Ավագյան) սկսել է նկարել վաղ տարիքից: Ավարտելով Երեւանի
պետհամալսարանին կից ֆիզմաթ դպրոցը, հետագայում ուսումը շարունակել
է Սանկտ-Պետերբուրգի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում:
Ազգագրագետ Հռիփսիմե Պիկիչյանի խոսքերով, ճշգրիտ
գիտություններով զբաղվելն արտահայտվել է նկարչի ստեղծած
կոմպոզիցիոն կառույցներում եւ կոլորիտային ինքնաբուխ
լուծումներում: Ըստ բանախոսի, կերպարվեստի դասական ավանդույթներին
հավատարիմ գեղանկարչի 1980-1990-ական թվականների աշխատանքներում
ակնհայտ են ակադեմիական իրատեսական դպրոցներին բնորոշ գեղագիտական
ընկալումն ու տեխնիկական հնարքների կիրառումը:
Էդվարդ Սասունը 1997-2005 թթ. անընդմեջ ապրել եւ ստեղծագործել
է Բանգկոկում (Թայլանդ): Այդ ընթացքում հեղինակը ստեղծել է
գունային բազմաշերտ լուծումներով եւ արեւելյան ջերմությամբ ողողված
բնանկարների եւ նատյուրմորտների շարքեր` վարպետությամբ վրձնած
դիմանկարներ: Հ.Պիկիչյանի բնորոշմամբ, Է.Սասունի ստեղծագործական
գործունեությունը կամրջում է Արեւելքն ու Արեւմուտքը, «դասական
ավնդույթն ու դրա մերօրյա փոխակերպումները»:
Է.Սասունը խոսելով գեղանկարչության մասին, նշեց, որ նկարելը
իր կենսակերպն է եւ կյանքը. «Ես ոչ մի այլ գործով չեմ կարող
զբաղվել: Նկարչությունը իմ հացն ու ջուրն է»: Նրա խոսքերով,
Հայաստանում այսօր գեղանկարչությունը զարգանում է ոչ ճիշտ
ճանապարհով. «Շուկայական հարաբերությունները ներխուժել են նաեւ
արվեստի ոլորտ եւ խաթարում են առողջ միտքն ու ճաշակը»: