Փորձ է արվել հրկիզել Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի գրասենյակը


Փորձ է արվել հրկիզել Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի գրասենյակը

  • 08-07-2011 12:13:10   | Հայաստան  |  Հասարակություն
Հուլիսի 6-ի առավոտյան ժամը 5-ի մոտ, անհայտ անձինք մետաղյա ճաղերի արանքից կոտրել են Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի Գյումրու գրասենյակի պատուհանի ապակին եւ հեղուկ վառելանյութով հրկիզել պատուհանն ու պատուհանագոգը: Գրասենյակի հարեւանությամբ ապրող մարդիկ, տեսնելով կրակը, զանգել են հրշեջ ծառայություն եւ ինքնուրույն միջոցներ ձեռք առել հրդեհը հանգցնելու համար, ինչից հետո հրդեհը հանգցրել են: Ուսումնասիրությունից պարզվել է, որ էականորեն վնասվել է գրասենյակի դասընթացների սրահի գույքի մի մասը եւ սրահն ամբողջությամբ, ինչի նորոգման ծախսը գերազանցում է 600 հազար դրամը: «Մենք, հայաստանյան քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, մտահոգություն ենք հայտնում այս հարձակման եւ հրկիզման կապակցությամբ, դատապարտում ենք այս հարձակումը ծրագրողների եւ իրականացնողների հանդգնությունը, նշելով, որ սա առաջին դեպքը չէ, երբ փորձում են այս մեթոդներով ահաբեկել կամ պատժել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերությանը եւ իրավապաշտպաններին:Ոստիկանությունը պարտավոր է հնարավոր բոլոր ջանքերը ներդնել, շուտափույթ բացահայտելու համար հանցագործության անմիջական կատարողներին եւ պատվիրողներին, ապահովել բավարար հրապարակայնություն գործի ընթացքի մասին: Կոչ ենք անում իշխանություններին հրապարակավ դատապարտել նմանատիպ բռնության դրսեւորումները եւ աջակցել Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության եւ Գյումրու գրասենյակի բնականոն գործունեությունը շարունակելուն: Հույս ենք հայտնում ու Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպությունը եւ Գյումրու գրասենյակը արագ կհաղթահարեն ժամանակավոր դժվարությունները, մնալով մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում այնպես հետեւողականորեն, ինչպես եղել են 15 տարի շարունակ»,- ասված է հայաստանյան մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարությունում:
Նոյյան տապան  -   Հասարակություն