ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՐԿՈՒ ՕՐ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ<br /> ԽՆԴԻՐՆԵՐԸ<br />


ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՐԿՈՒ ՕՐ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ
ԽՆԴԻՐՆԵՐԸ

  • 07-05-2007 20:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԾԱՂԿԱՁՈՐ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թատրոնների գործունեությանն ու թատերական խնդիրներին էին նվիրված Ծաղկաձորում մայիսի 5-6-ը կայացած համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի պետական եւ ոչ պետական գրեթե բոլոր թատրոնների ղեկավարներն ու ներկայացուցիչները: ՀՀ նախագահին կից մշակույթի խորհրդի համակարգող, նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանի նախաձեռնեությամբ արդեն չորրորդ անգամ կազմակերպվող համաժողովը(մինչեւ այդ նմանատիպ համաժողովներ են կազմակերպվել կերպարվեստի, կինոյի եւ գրականության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ) միտված է մշակույթի ոլորտի արդի խնդիրները վեր հանելուն, առաջարկություններն արձանագրելուն, հրատապ հարցերը քննարկելուն եւ դրանց լուծման ու հետագա առաջընթացի համար ռազմավարություն մշակելուն: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը մասնավորապես խոսեց այն մասին, որ երեք` Սունդուկյանի, Պարոնյանի եւ Ստանիսլավսկու անվան թատրոնների շենքերի պահպանումը պետք է պետությունը ամբողջապես վերցնի իր վրա, որպեսզի մասնավոր թատրոնները կարողանան ներկայացումներ բեմադրել եւ ցուցադրել դրանցում: Երիտասարդ ռեժիսորները թատերական բազմերանգությունը պահպանելու նպատակով բարձրացրեցին «ազատ բեմ» ունենալու խնդիրը` առաջարկելով կառուցել նոր շենք կամ ունեցածներից մեկը օգտագործել այդ նպատակով: Ներկաները անդրադարձան նաեւ թատերական դրամատուրգիային, թատրոնների կառավարման նոր ձեւին, ըստ որի, թատրոնում պետք է տարանջատվեն գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր պաշտոնները: Ներկաները նաեւ առաջարկեցին նվազեցնել թատրոնների տոմսերի արժեքից գանձվող ավելացված արժեքի հարկի դրույքաչափը: Բացի այդ, քննարկվեց նաեւ հեռուստաթատրոնի ավանդույթի վերկանգնման հարցը: Ավարտելով համաժողովը, Սեյրան Ավագյանը նշեց, որ ինքը այս քննարկման նյութը ամբողջապես փոխանցելու է երկրի նախագահին: Ըստ նախագահի խորհրդարկանի, քաղաքակիրթ ու զարգացած երկրներում բոլոր հարցերը լուծվում են այս ձեւաչափով. լսում են ոլորտի մասնագետների կողմից բարձրացված խնդիրները, առաջարկությունները, որից հետո գտնում ընդհանուր լուծումներ: Համաժողովի ավարտին դերասնաներից ոմանք հանդես եկան հայտարարությամբ` հորդորելով Սեյրան Ավագյանին` ՀՀ նախագահին հաղորդել իրենց ցանկությունը` անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, մշակույթի անկուսակցական նախարար ունենալու մասին: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը առաջադրված է Միավորված աշխատանքային կուսակցության կողմից, սակայն, վերջերս նա հայտարարել է, որ ինքը կապ չունի կուսակցության հետ:
Նոյյան տապան  -   Մշակույթ