ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ՄԻ ՎԱԽԵՑԻՐ»<br /> ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԸ<br />


ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ՄԻ ՎԱԽԵՑԻՐ»
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԸ

  • 02-05-2007 21:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվել է Արցախյան պատերազմի մասին պատմող Հայաստանի հանրային հեռուստատեսության նախաձեռնությամբ նկարահանված «Մի վախեցիր» հեռուստատեսային 5-մասանոց ֆիլմի վրա տարվող աշխատանքները: Շուշիի գրավման 15-ամյակին նվիրված այս կինոնկարի անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա մայիսի 2-ին ուշ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ մայիսի 4-8-ը այն կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ: Ինչպես նույն օրը մամլո ասուլիսում հայտնեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, նման հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմ Հայաստանում առաջին անգամ է նկարահանվել: Ըստ կինոնկարի ռեժիսոր Արամ Շահբազյանի, ֆիլմի ամենակարեւոր արժանիքն այն է, որ «պատերազմական ֆոնի վրա վեր են հանվում մարդկային հարաբերությունները, բնավորությունները, ճակատագրերը եւ երեւույթներ, որոնք ժամանակի ու տարածության մեջ դառնում են օրինակ ու կենսակերպ»: Ըստ պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի, ֆիլմի նկարահանման աշխատանքները իրականացվել են 100 օրվա ընթացքում` 50 օր Երեւանում, 50 օր` Ղարաբաղում: Պրոդյուսերի խոսքերով, ղարաբաղյան նկարահանումները կատարվել են ՀՀ Պաշտպանության նախարարության աջակցությամբ. օգտագործվել է զրահատեխնիկա, մասնակցել են մեծ թվով զինվորականներ: Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորել են Խորեն Լեւոնյանը եւ Լուսինե Թովմասյանը: Նրանք նշեցին, որ գոհ են այս ֆիլմում նկարահանվելու համար եւ անհամբեր սպասում են հանդիսատեսի գնահատականին: «Ես երջանիկ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց խաղալ այս ֆիլմում: Ես հնարավորություն ունեցա խոսել այն ամենի մասին, ինչ որ ուզում էի: Կինոնկարը ունի դաստիարակչական նշանակություն մերօրյա կյանքում այլազան իրավիճակներ շտկելու համար»,- փաստեց Խ.Լեւոնյանը: Կինոնկարը առաջիկայում կթողարկվի DVD եւ CD տարբերակներով: Նշենք, որ ֆիլմի վրա ծախսվել է 1 մլն դոլարից պակաս գումար:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play