ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ 17<br /> ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐ<br />


ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ 17
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐ

  • 02-05-2007 19:08:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 2-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ են սկսել ցմահ ազատազրկման դատապարտված 17 դատապարտյալներ: Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Ելենա Որումովայի, ԵԱՀԿ-ի գրասենյակի, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Ցմահ ազատազրկման դատապարտված 17 անձինք պարտադիր են համարում նաեւ մամուլի ներկայացուցիչների ներկայությունը այդ հանդիպման ժամանակ: «Մեր բողոքն ուղղված է մեր նկատմամբ կիրառված ՀՀ նախագահի 2003թ.-ի օգոստոսի 8-ի անհիմն ու անօրինական «ներման» հրամանագրի դեմ»,- ասված է ՀՀ վարչապետին, ԵԽ ներկայացուցչին, Հելսինկյան ասոցիացիային ուղղված դիմումում: Ըստ դատապարտյալների, նշված ժամանակահատվածում գործող «Քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը արգելում էր նախկին մահապատժի դատապարտվածների հանդեպ կիրառել նոր` 18.04.2003թ-ին ԱԺ կողմից ընդունված ու նույն թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած քրեական օրենսգրքի դրույթների կիրառումը, այդ թվում նաեւ «ցմահ ազատազրկումը», որը այդ օրենսգրքի դրույթներից է` հոդված 60: «Այս ամենից հետեւում է, որ ՀՀ նախագահի տվյալ հրամանագիրը հակասում է ՀՀ օրենսդրությանը, իսկ դրանից հետեւում է, որ ՀՀ նախագահը անտեսել է նաեւ ՀՀ Սահմանադրության 56/2 հոդվածի պահանջները, որում ամրագրած է, որ ՀՀ նախագահի հրամանագրերը եւ որոշումները չպետք է հակասեն ՀՀ Սահմանադրությանն եւ օրենքներին»,- նշված է ցմահ ազատազրկման դատապարտվածների դիմումում:
Նոյյան տապան  -   Հասարակություն