ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԵՄԱԴՐԵԼ ՈՒ<br /> ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ<br />


ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԵՄԱԴՐԵԼ ՈՒ
ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

  • 15-03-2007 20:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պետական համազգային թատրոնի կոլեկտիվը ներկայումս բեմադրության է պատրաստում ռուս գրող Անտոն Չեխովի «Քեռի Վանյա»-ն պիեսը: 2006 թվականին թատրոնում բեմադրվել է Հառնիի «Շան աղջիկը» եւ Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Ծննդյան օրերը սինյոր Կուպելոյի տանը» պիեսները, որոնք մարդկային պարզ հարբերությունների եւ սիրո մասին են: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ ունեցած զրույցում նշեց թատրոնի ռեժիսոր Հրաչյա Գասպարյանը, 1991 թվականին, երբ Հյաաստանը գտնվում էր պատերազմական իրավիճակում, երկիրը ընկղմված էր խավարի մեջ, համատարած թալանվում ու քանդվում էին մշակույթի օջախները, չէին գործում շատ թատրոններ, անվանի դերասան Սոս Սարգսյանը համարձակվեց հիմնել թատրոն, աներկբա համոզմունքով, որ պատերազմող ժողովրդին անպայման թատրոն է հարկավոր: Հենց այդ պահին. Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնից հեռացած մի խումբ անվանի դերասանների` Շահում Ղազարյանի, Կարեն Ջանիբեկյանի, Գալյա Նովենցի, Մայիս Ղարագյոզյանի, Դավիթ Ներսիսյանի, Աննա Էլբակյանի եւ այլոց շնորհիվ Սոս Սարգսյանը կարողացավ համախմբել ու հիմնել Պետական համազգային թատրոնը: Իսկ 1993թ. նորաստեղծ թատրոնն արդեն հանդես եկավ միանգամից երկու հրաշալի ներկայացումներով` Էդուրդո դե Ֆիլիպպոյի «Սանիտայի թաղապետը» եւ Հայկ Հակոբյանի «Լեռնային կակաչները», որոնց շուրջ էլ աստիճանաբար ձեւավորվեց «Համազգային»-ի անդավաճան հանդիսատեսը: Հ.Գասպարյանի գնահատմամբ, թատրոնի ստեղծումը Սոս Սարգսյանի կողմից այդ տարիներին ինքնանպատակ չի եղել: Այն միտված էր պահպանելու հայկական թատրոնի ավանդույթները, որպեսզի հանդիսատեսը չկտրվի իր հոգեւոր արժեքներից: Ռեժիսորը փաստեց, որ 1993-1994 թվականներին, երբ «գրադը թեւածում էր Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում», թատերախումբը բազմիցս հյուրախաղեր է կազմակերպել Տավուշ, Գորիս, Կապան եւ այլ վայրեր: Համազգայինի թատերախումբը այդ տարիներին բեմադրել է 14 ներկայացում, որոնցից 5-ը` մեծահասակների, իսկ մնացածը` մանուկների համար: Եվ հենց այդ տարիներին էլ մասնակցել են մի շարք միջազգային փառատոնների` Ռուսաստանում, Պարսկաստանում, Լիբանանում, Սիրիայում ու Ֆրանսիայում: Հ. Գասպարյանի խոսքերով, ներկայումս շոու-բիզնեսի առկայության պայմաններում շատ դժվարացել է թատրոնների գործունեությունը, որովհետեւ հանդիսատեսը մի քիչ շփոթված է եւ չի հասկանում` որն է արվեստը, որը` արհեստը, որը` ուղղակի անճաշակությունը: Դիմակայելը իհարկե շատ դժվար է, ըստ նրա, սակայն թատերախումբը շարունակում է թատրոն ստեղծել, պիեսներ բեմադրել մանուկների եւ մեծերի համար` գիտակցելով դրա կարեւորությունը: Արժեքների համատարած անկման պայմաններում բազմաթիվ տաղանդավոր դերասաններ լքեցին երկիրը: Այսօր թատրոնում աշխատում է 18-հոգանոց երիտասարդ դերասանների խումբը, որոնք նախկինների նման նվիրյալներ են, քանի որ աշխատում են չնչին աշխատավարձով, սակայն թատրոնի նկատմամբ ունեցած մեծ պատասխանատվությամբ: Թատրոնի ռեժիսորի խոսքերով, նրանք բոլորն էլ շնորհալի ու խոստումնալից դերասաններ են:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play