ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԵՆ ԴՐԴՈՒՄ<br /> ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԵՆ ԴՐԴՈՒՄ
ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԸ

  • 21-02-2007 15:48:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պաշտոնական տվյալներով, վերջին 9 տարիների ընթացքում Հայաստանում հաշվառված թափառաշրջիկ երեխաների թիվը կրճատվել է մոտ 70 տոկոսով: Այսպես, ՀՀ Ոստիկանության Անչափահասների գործերով (ԱԳ) ծառայության տվյալների համաձայն, եթե 1997թ.-ին հանրապետությունում հաշվառված էին այդպիսի 170 երեխաներ, ապա 2005թ.-ին` 79-ը, իսկ 2006թ.-ին` ընդամենը 52: Նույն աղբյուրի համաձայն, կրճատվել է նաեւ մուրացիկ երեխաների թիվը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, 2007թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ԱԳ-ի ստորաբաժանումներում մուրացկանությամբ զբաղվելու համար պրոֆիլակտիկ հաշվառման մեջ է գտնվել 52 անչափահաս, որոնցից 14-ը` մինչեւ 14 տարեկան: Նրանցից 43-ը տղաներ են: Այդ երեխաներից 19-ը հաշվառվել են Արարատի մարզում, 8-ական` Երեւանում, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում, 4-ը` Լոռիում, 2-ական` Արմավիրում եւ Կոտայքում, 1-ը` Սյունիքում: Նշվեց, որ երեխաների գերակշիռ մասը ներկայումս գտնվում են իրենց ծնողների մոտ, վերջիններիս հետ տարվում են անհատական դաստիարակչական բնույթի աշխատանքներ: Բացի այդ, ոստիկանության օգնությամբ նրանք տեղավորվում են տարբեր ուսումնական հաստատություններում: Լայնածավալ միջոցառումներ են իրականացվել նաեւ անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավող անձանց հայտնաբերելու նպատակով եւ պարզվել է, որ անչափահասները դրա մեջ ներգրավվում են հիմնականում իրենց ծնողների դրդմամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն