ԼՈՒՎՐԻ «ՍՈՒՐԲ ՀԱՅԱՍՏԱՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ<br /> ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ 200 ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՆՄՈՒՇ<br />


ԼՈՒՎՐԻ «ՍՈՒՐԲ ՀԱՅԱՍՏԱՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ 200 ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՆՄՈՒՇ

  • 16-02-2007 17:58:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի գանձարանի, Հայաստանի պատմության թանգարանի եւ Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցներից տրամադրված 200 բացառիկ ու խորհրդանշական ցուցանմուշները կներկայացվեն Փարիզում` Լուվրի թանգարանում փետրվարի 17-ին բացվող «Սուրբ Հայաստան» խորագիրը կրող ցուցահանդեսում: Այս մասին փետրվարի 16-ի մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ նախագահի խորհրդական, Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը` նշելով, որ այսպիսով հանրագումարի կբերվեն հայկական քրիստոնեական մշակույթի առանձնահատկությունները: Վ.Սարգսյանը հայտնեց, որ Լուվրում առաջին անգամ կցուցադրվեն 30-ից ավելի հայկական խաչքարեր: Նա նշեց նաեւ, որ այդ խաչքարերը արդեն տեղաշարժված, այսինքն իրենց նախնական վայրերից տեղահանված խաչքարերն են, որոնք պահպանվում են տարբեր եկեղեցիներում ու թանգարաններում: Վեց` 4-18-րդ դարերի ժամանակագրական բաժին ունեցող ցուցադրությունը Լուվրում կշարունակվի մինչեւ մայիսի 15-ը: «Սա բացառիկ հնարավորություն է հայկական մաշակույթը այդքան լայնածավալ սպեկտրով ներկայացնելու արտերկրում»,- համոզված է նա: Վ.Սարգսյանը փաստում է, որ եթե տարեկան Լուվր է այցելում 8,5 մլն մարդ, ապա 3 ամսում այս ցուցահանդեսը կդիտի մոտ 2 մլն այցելու: Վ.Սարգսյանի խոսքերով, տարվա ընթացքում Ֆրանսիայի 100 քաղաքաներում կիրականցվեն միայն պաշտոնական 600 միջոցառումներ: Բացի այդ, արդեն բազմաթիվ նոր միջոցառումների առաջարկություններ են արվել տարվա կապակցությամբ, որոնք կունենան ոչ պաշտոնական ձեւաչափ: Վ.Սարգսյանը հայտնեց նաեւ, որ բացի մշակութային միջոցառումներից, տարվա ընթացքում կիրականցվեն տնտեսական, գիտական կոնֆերանսներ, ֆորումներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ