«ՀԱՆ»-Ը ՄԱՐՏ ԱՄՍԻՑ ԱԿՆԱՅԻՆ ԱՆՎՃԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ<br /> ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԿՈՏԱՅՔԻ, ԼՈՌԻԻ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ<br />


«ՀԱՆ»-Ը ՄԱՐՏ ԱՄՍԻՑ ԱԿՆԱՅԻՆ ԱՆՎՃԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԿՈՏԱՅՔԻ, ԼՈՌԻԻ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

  • 06-02-2007 16:16:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայկական ակնաբուժության նախագիծ» (ՀԱՆ) ամերիկյան բարեգործական կազմակերպությունը փետրվարի 19-ից մինչեւ մարտի 15-ը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում կիրականացնի անվճար ակնային հետազոտություններ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը, նախաձեռնությունը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) եւ ՀԱՆ-ի «Առաջնային եւ ակնաբուժական ծառայությունների դաշինք» ծրագրի շրջանակներում: Ըստ նրա, աչքի հետազոտություններ կանցկացվեն համայնքի 15 դպրոցներում (այդ թվում 4-ը` հատուկ), 15 մանկապարտեզներում, 3 բարեգործական ճաշարաններում, ինչպես նաեւ թաղապետարանում` համայնքի խոցելի խմբերի համար: Ն.Եղազարյանը նշեց, որ վերջերս ՀԱՆ-ն ավարտել է իր գործունեությունը Արարատի մարզում, որտեղ հետազոտվել է 13765 մարդ, այդ թվում 8084 երեխա: 1080 հիվանդ ուղեգրվել է Աչքի շարժական հիվանդանոց հետագա զննումների եւ բուժման համար, 349-ը` վիրահատվել է, իսկ 124-ը` լազերային բուժում ստացել: Մարտ ամսից կազմակերպությունը ակնային հետազոտություններ կիրականացնի Կոտայքի, Լոռիի, Շիրակի եւ Տավուշի մարզերում: Նշվեց նաեւ, որ ՀԱՆ-ը շարունակում է աշխատանքներ իրականացնել Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում «Աչքի բանկ» հիմնելու ուղղությամբ: Այն կլինի տարածաշրջանում միակը եւ կզբաղվի աչքի հյուսվածքների ձեռք բերմամբ եւ կոնսերվացմամբ, տրանսպլանտանտների ապահովմամբ, որոնք կօգտագործվեն աչքի տարբեր վիրահատությունների ժամանակ: ՀԱՆ-ը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1992թ.-ին` ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից: Կազմակերպության երեւանյան գրասենյակը բացվել է 2002թ.-ին:
Նոյյան տապան  -   Հասարակություն