Երեւանում տեղադրվեց աշխարհահռչակ գիտնական Վիկտոր
Համբարձումյանի արձանը


15-12-2009 20:18:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 15-ին Երեւանում` Աստղադիտարանի հարեւանությամբ, հանդիսավորապես բացվեց մեծանուն հայ աստղագետ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի արձանը: Հանդիսությանը մասնակցում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Գիտնականի բրոնզաձույլ արձանը կանգնած է պատվանդանին, կարծեք, գալակտիկայի կենտրոնում, խորհրդանշելով հավերժություն եւ անսահմանություն: Արձանի հեղինակները կոմպոզիցիայի հիմքում դրել են Գրիգոր Նարեկացու խոսքը` «անմատչելի հեռավոր եւ անընդմիջելի մերձավոր», այսինքն` դեռեւս չբացահայտված շատ բաներ կան տիեզերքում: Գիտնականը պատկերված է շարժման մեջ, ինչպիսին էր իր ապրած եւ կերտած ժամանակաշրջանը` զարգացում, շարժում եւ առաջընթաց: Արձանը քանդակագործ Տարիել Հակոբյանի հեղինակած Վ.Համբարձումյանի թվով 4-րդ արձանն է. առաջին երեքը տեղադրվել են Երեւանի պետհամալսարանում, Բյուրականի աստղադիտարանում եւ Թեհրանում` Իրանի նախագահի աշխարհահռչակ գիտնականների պարտեզում: Արձանի տեղադրմամբ, ինչպես արարողությանը նշեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ավարտվում է գիտնականի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը: Ռ.Մարտիրոսյանը պատահական չհամարեց արձանի տեղադրման վայրը. Վ.Համբարձումյանը 1943թ.-ին վերադառնալով հայրենիք, իր աշխատանքը սկսեց Երեւանի փոքրիկ աստղադիտարանում: Երեւանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ իր հերթին նշեց. «Համաշխարհային աստղագիտության մեջ բազմաթիվ գիտաճյուղերի սկզբնավորողն է նա: Այսօր աստղաֆիզիկայի եւ այլ բնագավառներում կիրառվող գիտական շատ սկզբունքներ կոչվում են Վիկտոր Համբարձումյանի անունով»: Վ.Համբարձումյանը 1946թ. հիմնադրել է նաեւ ԵՊՀ-ի Ընդհանուր ֆիզիկայի եւ աստղագիտության ամբիոնն ու Բյուրականի աստղադիտարանը, որոնք ներկայումս կրում են նրա անունը: Ա.Սիմոնյանը կարեւորեց նաեւ գիտնականի քաղաքացիական դիրքորոշումը արցախյան հարցում. արցախյան պայքարի դժվարագույն օրերին «իր առաջացած տարիքում գիտակցված անձնազոհության դիմեց` մոսկովյան հյուրանոցում հացադուլ անելով ընդդեմ խորհրդային հակահայ քաղաքականության եւ հանուն Արցախը Հայաստանին վերամիավորելու արդար պահանջի»: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի դիտարկմամբ, Երեւանում կարելի է հանդիպել միայն մինչեւ 7-րդ դարի հայ գիտնականների արձանների, եւ Վ.Համբարձումյանի արձանի տեղադրումն ինքնին գիտության արժեւորումն է:
 

Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 192 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար