Վախճանվել է 20-րդ դարի խոշորագույն բուսաբան-էվոլուցիոնիստ,<br /> ակադեմիկոս Արմեն Թախտաջյանը<br />


 

Վախճանվել է 20-րդ դարի խոշորագույն բուսաբան-էվոլուցիոնիստ,
ակադեմիկոս Արմեն Թախտաջյանը

  • 16-11-2009 20:24:00   | Ռուսաստան  |  Հասարակություն
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 13-ին 99 տարեկան հասակում Սանկտ Պետերբուրգում վախճանվել է 20-րդ դարի խոշորագույն բուսաբաններից մեկը` Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի եւ Հայաստանի Գիտություների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս Արմեն Թախտաջյանը: Ա.Թախտաջյանը պատկանում է աշխարհի հռչակավոր բուսաբան-էվոլուցիոնիստների համաստեղությանը: Նրա կողմից ստեղծված բուսական աշխարհի էվոլուցիոն համակարգը ոչ միայն ընդունված է գիտական բուսաբանական հասարակության կողմից, այլ նաեւ համարվում է լավագույնը եւ ամենաարժանահատը: Ա.Թախտաջյանը մեծ ներդրում է ունեցել բուսական աշխարհի ժամանակակից գիտության գրեթե բոլոր հիմնական ուղղություններում: Երկար տարիներ նա զբաղեցրել է ԽՍՀՄ-ի Գիտությունների ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնը, մասնակցում էր բուսաբանության ռազմավարական ուղղությունների մշակմանը: Ա.Թախտաջյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում բուսաբանական գիտության զարգացման գործում: 1943թ.-ից մինչեւ 1948թ.-ը նա Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի առաջին տնօրենն էր: Լենինգրադ տեղափոխվելուց հետո նա շարունակեց սերտորեն համագործակցել հայաստանյան բուսաբանների հետ: Ա.Թախտաջյանի շնորհիվ հայաստանյան բուսաբանական դպրոցը համարվում է առաջադեմ դպրոցներից մեկը: Մեծանուն գիտնականի աջակցությամբ Հայաստանում զարգացան բուսաբանական աշխարհի ժամանակակից գիտության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են սիստեմատիկան, պալինոլոգիան, կարիոլոգիան եւ այլն: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԳԱԱ-ի Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, Արմեն Թախտաջյանի աճյունը հողին կհանձնվի Սանկտ-Պետերբուրգի Սմոլենսկի գերեզմանոցում:
Նոյյան տապան  -   Հասարակություն