Ժանետ Լազարյան. Հայաստանը եւ Իրանը նման են երկու աչքերի,
որոնք շատ մոտ լինելով` իրար չեն տեսնում


05-11-2009 18:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հարցազրույց «Հանրագիտարան իրանահայոց» պարսկալեզու հանրագիտարանի հեղինակ իրանահայ հայտնի արվեստաբան եւ լրագրող Ժանետ Լազարյանի հետ: - Տիկին Լազարյան, պատմեք Ձեր մասին. որտե՞ղ եք ծնվել, կրթություն ստացել եւ ինչպե՞ս է ընթացել Ձեր հետագա ուղին: - Ընտանիքս գաղթել է Նախիջեւանից Թեհրան, որտեղ եւ ես ծնվել եմ: Նախնական կրթությունս ստացել եմ իրանական դպրոցում, այնուհետեւ հաճախել եմ հայկական դպրոց: Քանի որ հայկական դպրոցը փակվեց, ծնողներս հարկ համարեցին հայերեն ուսումս շարունակելու համար ուղարկել ինձ Իսպահան, որտեղ ուսանել եմ պարսկերեն եւ ֆրանսերեն լեզուներ: Կրթությունս շարունակել եմ Լոնդոնի թագավորական «Ռոյալ» քոլեջի արվեստի պատմության բաժնում: Վերադառնալով Թեհրան թերթերից մեկում աշխատել եմ որպես լրագրող: Ավելի ուշ եղավ պետական առաջարկ Թեհրանում բացել արվեստի պատկերասրահ, որտեղ իրենց աշխատանքները հնարավորություն կունենան ներկայացնելու ոչ միայն իրանահայ նկարիչները, այլ նաեւ իրանցի արվեստագետները: Հասկանալով թանգարանի կարեւորությունը հատկապես հայ համայնքի համար, իմ նախաձեռնությամբ հիմնադրվեց «Լազար» արտ-մոդեռն թանգարանը, որը գործում է մինչ օրս: - Վերջերս տեղի ունեցավ Ձեր «Հանրագիտարան իրանահայոց» պարսկալեզու հատորի շնորհանդեսը, ինչպե՞ս գիրքն ընդունվեց հայ եւ իրանցի իրանագետների կողմից, եւ նպատակ չկա արդյո՞ք գիրքը վերահրապարակել հայերեն լեզվով: - Գրքի անհրաժեշտությունը զգացի այն ժամանակ, երբ հասկացա, որ ոչ միայն Իրանի հասարակությունը, այլեւ հենց իրանահայությունը շատ քիչ է տեղեկացված իր նախնիների Իրանում զբաղեցրած դիրքի եւ հաջողությունների մասին: Իրանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ կայացած երկխոսության օրերի շրջանակներում առաջարկեցի տպագրել նման գիրք. երկխոսությունը նախաձեռնող կազմակերպության կողմից առաջարկս ընդունվեց: Ես հարկ համարեցի գրքում ընդգրկել հին սերնդի հայերին եւ պակաս չափով նորերին` հույս ունենալով, որ դեռեւս նոր սերունդն առիթ կունենա հետագայում նույնպես շարունակելու հայ անվանիների ցանկը: Գիրքը բավական լավ ընդունվեց հատկապես հայ համայնքի շրջանում: Հայաստանում գրքի շնորհանդեսի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպանն առաջարկեց հատորը թարգմանել նաեւ հայերեն: Շատ ուրախ եմ, որ հայ ընթերցողը նույնպես հնարավորություն կստանա ծանոթանալու եւ ճանաչելու իրանահայությանը, քանի որ մեր երկրներն այսքան մոտ լինելով` շատ քիչ տեղեկություններ ունեն միմյանց մասին: Գիրքը թարգմանությունից հետո անմիջականորեն կդառնա հայ-իրանական հարաբերությունների խոսուն կամուրջը: - Ե՞րբ սկսվեց Ձեր կապն ու գործունեությունը հայրենիքի հետ: - Լինելով գաղթականի զավակ եւ լսելով մորս պատմությունները Ագուլիսի մասին, միշտ էլ մեծ է եղել Հայաստանում լինելու եւ այստեղից էլ Նախիջեւանը տեսնելու փափագս: Սակայն, երբ ինձ ասացին, որ թուրքական սահմանը չեմ կարող անցնել, քանի որ նախ լրագրող եմ, եւ ապա նաեւ ազգությամբ հայ, դժբախտաբար նախնիներիս հայրենիքը տեսնելու երազանքս այդպես էլ մնաց ցանկություն: Իսկ Հայաստանի հետ կապս այնքանով է մեծ, որ մի քանի տարի առաջ բնակարան ձեռք բերեցի Երեւանում: Երբ 2001թ-ին Հայաստանում մեծ շուքով տոնում էին Քրիստոնյա Հայաստանի 1700-ամյակը, ես նախաձեռնեցի հայ նկարիչների աշխատանքները տանել Թեհրան` ներկայացնելու հայկական նկարչությունը իրանցի եւ իրանահայ արվեստագետ հասարակությանը: Ընտրեցի շուրջ 35 նկարիչների գործեր, որոնք ցուցադրվեցին Թեհրանի արտ-մոդեռն պետական թանգարանում: Այնուհետեւ մեկ ամիս ցուցադրություն կազմակերպեցի Հայաստանի ազգային պատկերասրահում` այս անգամ արդեն Իրանից բերելով 13 իրանցի արվեստագետների եւ 8 իրանահայերի գործեր` նկարներ, քանդակներ: Վերջին անգամ արդեն անցյալ տարի կրկին ազգային պատկերասրահում կազմակերպեցի ցուցադրություն` ներկայացնելով Իրանի ղաջարական արվեստը, որը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց հայաստանցի արվեստասերների շրջանում: Մեր երկրները նման են երկու աչքերի, որոնք շատ մոտ լինելով` իրար չեն տեսնում: Կարծում եմ, հիմնական պատճառը շփումի պակասն է: - Որպես արվեստաբան ինչպե՞ս էք գնահատում հայ նկարիչների աշխատանքները, ոճային առումով նրանք որքանո՞վ են տարբեր իրանական կամ իրանահայերի աշխատանքներից: - Հայ նկարիչների կտավներում շատ է պահպանվում սովետական ոճը, իսկ Իրանում հենց այդ «ղաջարական մինյատյուրը» առհասարակ վարդն ու բլբուլն է: Շատ է զարգացած հատկապես մանրանկարչության ճյուղը: Նոր սերնդի կտավներում կարելի է հանդիպել մոդեռն ոճի աշխատանքների: Համեմատելով նկարչական տարբերությունները` առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ Հայաստանում նկարի սյուժեի ընտրության համար սահմանափակումներ չկան, իսկ ըստ իրանական օրենքի` նկարիչն իրավունք չունի իր նկարներում պատկերել մերկ կանանց եւ առհասարակ «բաց տեսարաններով» պատկերներ: Իրանահայ նկարիչները մեծ դեր են ունեցել Իրանում նկարչական ճյուղի զարգացման գործում: Այսպես, Իրանի հայտնի նկարիչներից Մարկոս Գրիգորյանն առաջիններից էր, որ իր կրավներում ներկայացրեց մոդեռն ոճը: Թեեւ նկարիչն իր աշխատանքներով հանդես եկավ Հայաստանում եւ նույնիսկ դրանք հաստատեց հայրենիքում, այդուամենայնիվ նրա աշխատանքներն այդքան էլ ճանաչված չեն այստեղ, մինչեւ անգամ մոդեռն նկարիչների շրջանում: Այսօր սփյուռքի նախարարությունը կոչ է անում սփյուռքահայությանը «Արի տուն» հորդորով, բայց արի ու տես, որ այս պարագայում նկարիչը եկել է տուն` իր նկարների հավաքածուն նվիրելով հայրենիքին, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը ոչ միայն չի կատարում իր խոստումը` ժամանակավոր ցուցասրահը վերածելու մշտականի, այլեւ նկարներն է հավաքում ցուցադրությունից: Մտավախություն ունենալով, որ ի վերջո այդ աշխատանքները կոչնչացվեն, իրանահայության մտավորականությունը համախմբվելով նամակ հղեց մշակույթի նախարությանը` այս հարցում հետեւողական լինելու խնդրանքով: Թեեւ պարասխանեցին, որ հարցը կլուծվի, սակայ դեռեւս ձեռնարկվող աշխատանքները նկատելի չեն: Ինչպես կարող են սփյուռքահայ արվեստագետները վստահեն ու գան Հայաստան, երբ նրանց աշխատանքները շատ ավելի լավ են գնահատվում այլ պետությունների կողմից: - Անդրադառնանք կրոնական փոքրամասնություն կազմող իրանահայության խնդիրներին ու կեցությանը. դժվար չէ՞ արդյոք պահել հայկական ինքնությունը իսլամական երկրում: - Իրանում շատ են հայկական դպրոցները, սակայն դժբախտաբար այսօր այդ կրթական օջախները դատարկվում են, իսկ շենքերն օգտագործվում այլ նպատակներով: Իրանահայությունը լքում է երկիրը` բնակություն հաստատելով Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում` ավելի լավ կյանքի փնտրտուքով: Անմիջական առումով կրոնական խտրականությունն այնքան էլ ընդգծված ձեւով զգացնել չի տալիս, սակայն միշտ էլ պետք է հաշվի առնել, որ ապրում ես իսլամական երկրում եւ պետք է գոյատեւես: Հեղափոխության սկզբնական շրջանում հայկական խանութների ցուցապաստառներին պահանջվում էր գրել, որ սա քրիստոնյա փոքրամասնությանն է պատկանում, որը շատ վիրավորական էր մեզ համար, հետագայում իհարկե դա վերացվեց: Այսօր առաջացել է նոր խնդիր` խանութներում ալկոհոլային խմիչքների վաճառքը: Թեեւ քրիստոնյաներին թույլատրվում է տներում օգտագործել խմիչք, սակայն այդ արգելքը բացասաբար է անդրադառնում առեւտրային գործունեությամբ զբաղվող հայության վրա: Գիրքը կազմելուց պարզ դարձավ, որ նախկինում Իրանում գործել են բազմաթիվ հայ պաշտոնյաներ ու զինվորականներ, իսկ այժմ նույն համակարգերում հայերի թիվը կտրուկ նվազել է: Հին պաշտոնյաները չեն հեռացվել, սակայն նորերն էլ չեն ընդգրվկում: Ինչ վերաբերում է լեզվի պահպանման խնդրին, ապա պետք է ասել, որ իսլամական երկրներում ավելի հեշտ է այն պահպանել, քան քրիստոնյա այլ երկրներում: Օրինակ, Ամերիկայում կամ Ֆրանսիայում բնակվող հայերը շատ ավելի մեծ դժվարությամբ են խոսում հայերեն, քան Իրանի հայությունը: Իրանում փոքրամասնություն կազմող ազգերը համախմբված են եւ ընտանիքներում խոսում ու դաստիարակվում են հայեցի: - Միացյալ Նահանգներ կամ Եվրոպա գնալու փոխարեն իրանահայությունը ցանկություն չունի՞ մշտական բնակություն հաստատել Հայաստանում: - Ցանկությունը շատ մեծ է, սակայն այստեղ հիմնական բնակություն հաստատելու խնդիրը աշխատանքի պակասն է: Թեեւ շատ ընտանիքներ գիտեմ, որոնք մասնակի տեղափոխվել են Հայաստան, սակայն այդ ընտանիքների մյուս մասը շարունակում է մնալ Իրանի Հանրապետությունում եւ այնտեղից գումար ուղարկում Հայաստան` հոգալու համար մյուս անդամների ծախսերը: Սա էլ իհարկե խնդրի լուծում չէ: Ընտանիքը պետք է միասին ապրի: Նելլի Լազարյան
 

Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 818 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար