Բագրատ Եսայան. Սկաուտությունն ունի հսկայական հայրենասիրական նշանակություն
14-07-2011 17:09:30 | Հայաստան | Հասարակություն
Հայաստանում ստեղծված է սկաուտական շարժման շատ լավ համակարգ։ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ այս մասին հայտարարեց Համաշխարհային սկաուտական շարժման «Եվրասիա» տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Յուրի Էմիլիանը։ Նա կարեւորեց, որ Հայաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է հատկացնում սկաուտներին՝ օգնելով հայ սկաուտներին բացել իրենց նոր բանակավայրը։
Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀՄԸՄ ՀԱՍԿ) կենտրոնական վարչության ատենապետ Բագրատ Եսայանը հավելեց, որ վերջին 13 տարիների ընթացքում պետության կողմից բավականին լուրջ ուշադրություն է դարձվում սկաուտական շարժմանը. 10 տարի առաջ կազմակերպությունը կառավարությունից որպես նվեր ստացել է մեկուկես հա տարածքով ճամբար Բյուրականում, ընդամենը մի քանի ամիս առաջ կառավարությունը նոր որոշում է կայացրել եւ հատկացրել եւս մեկ հա տարածք. «Լրացուցիչ տարածք ստանալուց հետո ՀՄԸՄ ՀԱՍԿ-ը հնարավորություն ունի միաժամանակ մոտ 1000 սկաուտ ընդունել Հայաստանում»,- նշեց Բագրատ Եսայանը, պարզաբանելով, որ Հայաստանում ընդհանուր առմամբ կան ավելի քան 2000 սկաուտներ, որոնք ընդգրկված են 12 մասնաճյուղերում, իսկ «ՀՄԸՄ մեծ ընտանիքն ունի մոտավորապես 100 մասնաճյուղ եւ մոտ 25-26 հազար անդամ աշխարհի տարբեր երկրներում»։
Թեեւ սկաուտական շարժումը ունի 100-ից ավելի տարվա պատմություն (առաջին բանակումը տեղի է ունեցել Լոնդոնում, 1907թ.-ին, ապա տարածվել ամբողջ թագավորությունում ու աշխարհում), սակայն շարժման սկզբունքները՝ հավատ Աստծո, սեփական ուժերի նկատմամբ եւ ծնողների, պետության նկատմամբ պարտքի զգացում, փոփոխություն չեն կրել։ Յուրի Էմիլիանը գտնում է, որ երեւի դրանք չեն էլ փոխվի, որովետեւ այդ երեք սկզբունքները ընդգրկում են ամեն ինչ։ Ըստ նրա, սկաուտիզմը շատ արագ զարգացել է, որովհետեւ «բոլորը տեսնում էին, որ կան լավ արդյունքներ»։
Համաշխարհային սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանային բյուրոյի տնօրենն ընդգծեց. «Ոչ մի դեպքում քաղաքական կազմակերպություն չէ, քաղաքականացված կազմակերպություն չէ։ Սա երեխաների ու երիտասարդների հասարակական կազմակերպություն է, առաջին հերթին դաստիարակչական կազմակերպություն է։ Մենք դաստիարակում ենք հասարակության ապագա անդամներին եւ ոչ մի դեպքում չենք խանգարում դպրոցին. սա արտադպրոցական կրթություն է։ «Սկաուտ» բառը կարելի է թարգմանել հետեւյալ կերպ՝ կյանքի ճիշտ ուղին հետախուզող»։
Հայաստանում սկաուտական շարժման ավանդույթները նույնպես նոր չեն, ինչպես նշեց Բագրատ Եսայանը։ Հայաստանի առաջին անկախ Հանրապետության ստեղծման տարիներին սկսեց ստեղծվել նաեւ սկաուտական շարժումը։ Այսպես, 1919թ.-ին Կոստանդնուպոլսում մի քանի նվիրյալներ ստեղծեցին առաջին հայկական սկաուտական կազմակերպությունը՝ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը։ Շարժումն ուներ հսկայական դաստիարակչական, մարդասիրական, հայրենասիրական նշանակություն եւ այն լավագուն միջոցն էր աշխատել երեխաների հետ, հաշվի առնելով, որ 1918-19թթ.-ին Հայաստանում կային հսկայական գաղթականություն, որբանոցներ, որբ երեխաներ: Ուստի այն ժամանակվա Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, մասնավորապես կրթության նախարար Նիկոլ Աղբալյանը, Պոլսից Հայաստան հրավիրեց Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության խմբապետներին՝ Հայաստանի որբանոցներում կենտրոնացած երեխաներին սկաուտական կազմակերպության մեջ ընդգրկելու համար։ Շարժումը 1920թ.-ին շատ արագ տարածվեց Հայաստանում, սակայն, Խորհրդային իշխանության հաստատումից հետո մի քանի տարի անց՝ 1924թ.-ին, արգելվեց։
Բ.Եսայանը նկատեց, որ, ի տարբերություն հարեւան Վրաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաեւ Բելայռուսի, որտեղ սկաուտությունը ամբողջությամբ նոր հիմքի վրա ստեղծվեց, Հայաստանի պարագայում սկաուտությունը պահպանվեց Սփյուռքում։ «Առաջին իսկ հարմար առիթով 1989թ. երբ որ մի փոքր ազատության շունչ փչեց», 1989թ.-ի դեկտեմբերի 2-ին Երեւանում կայացած առաջին ժողովը Հայաստանում վերահիմնադրեց սկաուտական շարժումը, իսկ 1997թ.-ի ապրիլին ՀԱՍԿ-ը դարձավ Համաշխարհային սկաուտական շարժման անդամ։ (Սկաուտական համաշխարհային կազմակերպությանն անդամակցում են 162 երկրներ։)
Բ.Եսայանը նշեց, որ եթե նախկինում ամբողջ աշխարհի սկաուտները միմյանց հետ շփվում էին որոշակի ռադիոհաճախականության վրա, ապա հիմա կազմակերպվում են ինտերնետային բանակումներ։