Աջարիայի հայ համայնքը կշարունակի մնալ ՀՀ սփյուռքի<br /> նախարարության ուշադրության կենտրոնում<br />


Աջարիայի հայ համայնքը կշարունակի մնալ ՀՀ սփյուռքի
նախարարության ուշադրության կենտրոնում

  • 23-09-2009 21:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Աջարիայի հայերի միության (ԱՀՄ) նախագահ Գրիգորի Վարդանյանին եւ մամուլի քարտուղար Արթուր Հովհաննսիյանին: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ: ԱՀՄ-ի ներկայացուցիչները բարձրացրեցին Աջարիայի հայ համայնքում հայապահպանությանն ուղղված միջոցառումների անհրաժեշտության` Բաթումի հայկական եկեղեցուն կից գործող դպրոցի ուսուցիչների վերապատրաստումը կազմակերպելու, դասագրքեր, ուսումնամեթոդական գրականություն ստանալու, Հայաստանում աջարահայ ուսանողների կրթության պայմանների բարելավման, Հայաստանի մշակութային խմբերի` Աջարիայում հյուրախաղերի կազմակերպման մասին հարցեր: Պարոն Վարդանյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է Բաթումում, Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից բացել հայկական մեկօրյա դպրոց, կառուցել «Հայկական տուն», որը տեղի հայ համայնքի համար կդառնա կրթամշակութային, հասարակական-գործարար կենտրոն: Նրա հավաստմամբ, համայնքի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հնարավորություններն է'լ ավելի կընդլայնվեն եւ կամրանան կառուցվելիք Երեւան-Ախալքալակ-Բաթում ավտոմայրուղու կառուցումով: Այդ ավտոճանապարհով Երեւանից Բաթում ուղերթը կտեւի մոտ 5,5 ժամ` այժմ Թբիլիսիով անցնող ավտոճանապարհով մոտ 10 ժամվա ուղերթի փոխարեն: Տիկին Հակոբյանն առաջարկեց փաստաթղթային ձեւակերպում տալ համայնքի խնդիրներին` հավաստիացնելով, որ Աջարիայի հայ համայնքը կշարունակի մնալ ՀՀ սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում: Նա ընդգծեց, որ նախարարությունը հնարավորինս կաջակցի համայնքի ծրագրերի իրականացմանը: Վրաստանի կազմում գտնվող Աջարիայի Հանրապետությունում ապրում է շուրջ 12 հազար հայ: Վերջերս Աջարիայի հայերի միությունը նշեց հիմնադրման 5-ամյակը:
Նոյյան տապան  -   Հասարակություն