Ղրիմում կայացել է «Ուկրաինայի հայերը. երեկ այսօր, վաղը»
երկրորդ միջազգային համաժողովը
10-09-2009 17:20:00 | Ուկրաինա | Քաղաքական
ՂՐԻՄ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Սեպտեմբերի 5-ին Ղրիմի Սուրբ Խաչ հայկական հինավուրց վանքի
սեղանատանը իր աշխատանքն է սկսել հայոց պատմությանը նվիրված
երկրորդ միջազգային համաժողովը: Վերականգնողական աշխատանքների
ավարտից եւ հանդիսավոր օծումից հետո հինավուրց վանքը, որ
հոգեւոր-կրթական կենտրոն է եղել, այսօր վերածնում է իր հոգեւոր եւ
գիտական կենտրոնի փառքը:
Վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցում պատարագ մատուցելուց
հետո սեղանատանը հանդիսավոր պայմաններում բացվել է համաժողովը:
Ուկրաինայի տարբեր մարզերից, ինչպես նաեւ Հայաստանից, Ռուսաստանից,
Բելառուսից եւ Լեհաստանից ժամանած գիտնականներին եւ հյուրերին
ողջույնի խոսքով է դիմել համաժողովի կազմկոմիտեի նախագահ,
փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Վերնադսկու անվան
համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, Ղրիմի հայ համայնքի
նախագահ Օլեգ Գաբրիելյանը:
Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, համաժողովին
մասնակցել եւ զեկուցումներով են հանդես եկել ավելի քան 30 մարդ:
Համաժողովի ընթացքում հնչել են զեկուցումներ «Ղրիմի հայ
բնակչության ներդրումը թերակղզու միջնադարյան մշակույթում», «Ղրիմի
հայերը 1917-1926թթ.», «Լեհահայեր` վիրտուալ օտարականներ»,
«Ստեֆան Սուրոժսկու վարքագրության հայկական տարբերակը եւ Սուգդեյի
հնագիտական իրողությունները», «Միջնադարյան հայկական տաճարների սեւ
քարերը», «Armenia Maritima - Ծովային Հայաստան», «Սուրբ Նշան
եկեղեցու կոնստրուկտիվ առանձնահատկությունները Ղրիմի բազիլիկ
շինությունների շարքում», «Ստառի Կրիմ` հայկական քաղաք»,
«Սեւաստոպոլի հայկական Սբ. Աննայի եկեղեցու պատմությունը»,
«ԶԼՄ-ների կայացման եւ զարգացման խնդիրները Ղրիմի հայ համայնքի
նորագույն պատմության մեջ» եւ այլ թեմաներով:
Համաժողովն ավարտվել է սեպտեմբերի 6-ի երեկոյան, տոնական
ճաշկերույթով: