Երեւանում անցկացվեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի նիստը


09-09-2009 20:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 9-ին անցկացվեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարեց ՀՀ սփյուռքի նախարար, խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանը: Խորհրդի անդամներ են ՀՀ մշակույթի ոլորտի քաղաքականություն իրականացնող պետական կառույցների, ստեղծագործական միությունների, հայ առաքելական, կաթողիկե, ավետարանական եկեղեցիների, հայ ավանդական բարեգործական, կրթական եւ մշակութային միությունների ներկայացուցիչներ: Նիստի օրակարգում էր «2010թ. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի ծրագրի մասին» հարցը, որի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը: Նա նշեց, որ փառատոնի անցկացման հայեցակարգը բխում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից, ՀՀ նախագահի քաղաքական եւ ՀՀ կառավարության ծրագրերից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2010թ. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը կանցկացվի ամբողջ տարվա ընթացքում` ՀՀ մայրաքաղաքում, մարզերում եւ Արցախում: Ընդ որում, մշակութային միջոցառումները կզուգակցվեն մշակույթի գործիչների մասնագիտական համաժողովների, «կլոր սեղանների» եւ քննարկումների անցկացումով: Նախատեսվում է, որ դրանց արդյունքներով կհիմնվեն չորս` հայ կատարողական արվեստի, թատերական գործիչների, նկարիչների եւ քանդակագործների, լրագրողների համահայկական ընկերակցություններ: Ապրիլին կանցկացվեն կերպարվեստի եւ քանդակագործության ոլորտի միջոցառումները, այդ թվում` Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված կերպարվեստի համահայկական ցուցահանդեսը: Մայիսի 3-րդ տասնօրյակում կկազմակերպվի Հայ գրականության շաբաթը, օգոստոսի 3-րդ տասնօրյակում` թատերարվեստի շաբաթը, հոկտեմբերի 3-րդ տասնօրյակում` Հայ մամուլի շաբաթը: Ծրագրի քննարկման արդյունքներն ամփոփելով` տիկին Հակոբյանը նշեց, որ ձեւավորվել են «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնների անցկացման ավանդույթներ, եւ այդ համահայկական միջոցառումը նոր շունչ է ստանում փառատոնի կազմակերպմանը նորաստեղծ ՀՀ սփյուռքի նախարարության ակտիվ մասնակցության շնորհիվ: Նա կարեւորեց փառատոնի անցկացման կազմակերպչական աշխատանքների նախընթաց իրականացումը` հատկապես Սփյուռքի համայնքների մշակութային գործիչների, համույթների եւ խմբերի մասնակցությունը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով: Տիկին նախարարը ստեղծագործական միությունների ղեկավարներին առաջարկեց ըստ ոլորտների հստակեցնել 2010թ. փառատոնի անցկացման ծրագրերը եւ մեկ ամսվա ընթացքում ներկայացնել համապատասխան առաջարկներ` նաեւ փառատոնի անցկացման ծախսերի բյուջետային հայտի ձեւավորման նպատակով: Նա կարեւորեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի օրհներգի մրցույթի, Սփյուռքում արեւմտահայերենի դասավանդման վիճակին նվիրված խորհրդաժողովի անցկացումը, ինչպես նաեւ ըստ ոլորտների վարպետության դասերի ծրագրերի ընդլայնումը: Տիկին Հակոբյանն ընդծեց, որ փառատոնին Սփյուռքի ավելի մեծ թվով համայնքների եւ ստեղծագործողների մասնակցությունն ապահովելու նպատակով պետք ակտիվանա այլ պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ համահայկական կառույցների, եկեղեցական թեմերի հետ աշխատանքը, կօգտագործվեն Հայաստանի եւ Սփյուռքի տպագիր, հեռարձակող եւ էլեկտրոնային ԶԼՄ-ի հնարավորությունները, նաեւ` ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթը:
 

Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 275 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար