Գլենդելու հասարակությանը կներկայացվի Գրիգորիս Բալաքյանի
«Հայկական Գողգոթա» գիրքը
13-05-2009 18:53:00 | ԱՄՆ |
ԳԼԵՆԴԵԼ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ուրբաթ օրը
Գլենդելում կայանալիք քննարկման ժամանակ հայտնի գրող եւ հետազոտող
Պիտեր Բալաքյանը կներկայացնի Գրիգորիս Բալաքյանի «Հայկական
Գողգաթան. 1915-1918թթ. Հայոց ցեղասպանության հիշողություն»
խորագրով գիրքը, որ անգլերեն է թարգմանվել իր եւ Արիս Սեւակի
կողմից:
Գրքում նկարագրվում է 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում
ձերբակալված 250 հայ մտավորականներից մեկի` հայ քահանա Գրիգորիս
Բալաքյանի կյանքի 4 տարիները, ում հազարավոր հայերի հետ աքսորել
էին Սիրիայի անապատներ:
Օսմանյան Թուրքիայի հայ առաջավոր մտավորականներից մեկը`
Գրիգորիս Բալաքյանը, ծնվել է 1876թ.: 1901թ. ձեռնադրվել է որպես
Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ Եվրոպայում եւ Ռուսաստանում: Նրա
մի շարք գրքեր 1915թ. առգրավվել եւ ոչնչացվել են թուրքական
կառավարության կողմից: Փրկվելով ցեղասպանությունից` Գ. Բալաքյանը
դարձել է Ֆրանսիայում Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոս:
Պիտեր Բալաքյանը Գ. Բալաքյանի ազգականն է: Նա հայտնի է իր
«Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանությունն ու Ամերիկայի
պատասխանատվությունը» եւ «Ճակատագրի սեւ շունը» գրքերով: