Կառավարությունը հաստատեց Գյումրու տեխնոպարկի գործունեության<br /> իրականացման պետական աջակցության 2009թ.-ի ծրագիրը<br />


Կառավարությունը հաստատեց Գյումրու տեխնոպարկի գործունեության
իրականացման պետական աջակցության 2009թ.-ի ծրագիրը

  • 09-04-2009 19:04:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարության ապրիլի 9-ի նիստում հաստատվեց Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2009թ.-ի ծրագիրը: Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, այս տարի տեխնոպարկի գործունեության համար պետբյուջեից նախատեսվում է տրամադրել 80 մլն դրամ: Նախարարի խոսքերով, ծրագրի իրականացումը կավելացնի ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր ներդրողների վստահությունը: Ըստ Ն.Երիցյանի, ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեւավորել կառավարման թիմ, որը կաշխատի եւ' կառավարության, եւ' ներդրողների հետ; Բացի դրանից, նախատեսվում է ուսումնական եւ գիտահետազոտական լաբորատորիաների հիմնում: Ի դեպ, 2008թ.-ին երկու լաբորատորիա արդեն հիմնվել են Գյումրիի Հայաստանի ճարտարագիտական պետական համալսարանում: Հաջորդ խումբ միջոցառումները վերաբերում են գիտահետազոտական ծրագրերին, որոնք նախատեսում են դրամաշնորհներ` պետության եւ մասնավոր հատվածի համաֆինանսավորմամբ: Ն.Երիցյանի խոսքերով, 2008թ.-ին 3 նման ծրագրեր արդեն համաֆինանսավորվել են: Նախարարը հայտնեց նաեւ, որ ծրագրով նախատեսվում է հիմնել հիմնադրամ, որը հնարավորություն կտա իրականություն դարձնել նոր գաղափարներն ու բիզնես ծրագրերը: Ն.Երիցյանը միաժամանակ նշեց, որ հիմնադրամի միջոցներով ֆինանսական աջակցություն կցուցաբերվի ուսանողներին, որպեսզի նրանք կարողանան իրենց կրթությունը շարունակել, կամ պրակտիկան անցկացնել արտերկրում: Ըստ նախարարի, դա կիրականացվի, մասնավորապես, եվրոպական կամ ամերիկյան որեւէ համալսարանի հետ: Ն.Երիցյանը նշեց, որ Գյումրու տեխնոպարկով հետաքրքրված են Համաշխարհային եւ Ասիական բանկերը, ինչպես նաեւ մասնավոր որոշ ներդրողներ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ ծրագրերի իրականացման ընթացքում մասնավոր հատվածի հետ պետք է ավելի սերտ համագործակցել: «Մեր նպատակն է տեխնոպարկում հնարավորին չափ ներդրումներ ունենալ նաեւ մասնավոր հատվածից»,- նշեց վարչապետը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն