Հայաստանի ԿԲ-ի վերանայված կանխատեսումների համաձայն, երկրում<br /> 2009թ.-ին գնաճը կկազմի 5,9%<br />


Հայաստանի ԿԲ-ի վերանայված կանխատեսումների համաձայն, երկրում
2009թ.-ին գնաճը կկազմի 5,9%

  • 31-03-2009 23:50:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի Խորհուրդը մարտի 27-ի նիստում հաստատել է ՀՀ 2009թ.-ի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ճշգրտված ծրագիրը, որտեղ ներկայացված գնահատումներով առավել հավանական է համարվել, որ 2009թ.-ին երկրում գնաճը կկազմի 5,9%: Ըստ ծրագրի, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում 2009թ.-ի մարտին Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը վերանայել են 2009թ.-ի համաշխարհային տնտեսական աճի գնահատականը` 0,5% աճի փոխարեն կանխատեսելով նվազում` առաջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում: Նշվել է, որ Հայաստանի տնտեսության վրա կշարունակեն բացասաբար անդրադառնալ արտաքին պահանջարկի նշանակալի կրճատումը, անբարենպաստ առեւտրի պայմանները եւ ֆինանսական ներհոսքի թուլացումը: Համաշխարհային պահանջարկի կրճատումը կնպաստի նաեւ ցածր միջազգային գների պահպանմանը ամբողջ 2009թ.-ին: Բավականին բարձր է արտաքին զարգացումների կանխատեսումների անորոշության աստիճանը` պայմանավորված համաշխարհային ճգնաժամի խորությամբ եւ տնտեսության վերականգնման ժամկետների անորոշությամբ: Ինչ վերաբերում է ապրանքային շուկաներին, ապա, չնայած 2009թ.-ի առաջին եռամսյակի վերջին արձանագրված գների որոշակի աճի միտումներին, ինչպես եւ նախկին գնահատումների ժամանակ, սպասվում է, որ ե'ւ էներգակիրների, ե'ւ արդյունաբերական մետաղների միջազգային գները կմնան հարաբերականորեն ցածր մակարդակների վրա` մինչեւ համաշխարհային տնտեսական աճի վերականգնման նշանների երեւան գալը, որը սպասվում է միայն 2009թ.-ի վերջում: Պարենային ապրանքների, մասնավորապես, հացահատիկի շուկայում, գները նույնպես կպահպանվեն ցածր մակարդակի վրա, սակայն ապագա զարգացումները հիմնականում կախված կլինեն 2009/2010 թթ.-ի մարքեթինգային տարում հացահատիկի բերքի սպասումներից: Ընդհանուր առմամբ, չնայած հետագա զարգացումների անորոշության բարձր աստիճանին, սպասվում է, որ համաշխարհային պահանջարկի կրճատման պայմաններում միջազգային գների ցածր մակարդակները կպահպանվեն նաեւ 2009թ.-ին: ՀՀ տնտեսության ճյուղային կանխատեսումները ճշգրտվել են նվազման ուղղությամբ` պայմանավորված 2008թ.-ի վերջին եռամսյակից վառ արտահայտված համաշխարհային պահանջարկի կրճատման եւ կապիտալ ներհոսքի աճի տեմպի դանդաղման միտումների պահպանմամբ: Արդյունքում` 2009թ.-ին ՀՀ ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ կնվազի շուրջ 3%-ով: 2009թ.-ի ՀՀ տարեկան ՀՆԱ կանխատեսման կենտրոնական արժեքը կազմում է 2,9% նվազում: Տնտեսական աճի ռիսկերը երկկողմանի են եւ կապված են ինչպես արտաքին, այնպես էլ` ներքին գործոնների հետ: Տնտեսական աճի` նվազման ուղղությամբ ռիսկերի պատճառը համաշխարհային պահանջարկի անկման տեւականության պայմաններում ներքին պահանջարկի` ակնկալվածից ավելի նվազումն է: Միաժամանակ, աճի ուղղությամբ ռիսկերը կապված են ՀՀ կառավարության կողմից որոշ խոշոր ծրագրերի, մասնավորապես, փոքր եւ միջին ձեռնարկությունների խթանման, արտահանելի հատվածին ֆինանսական աջակցության, աղետի գոտում բնակարանային շինարարության, ճանապարհաշինության, ենթակառուցվածքներում ներդրումների իրականացման արագության հետ: Շինարարության ճյուղում 2009թ.-ին շարունակվելու է նախորդ տարվա վերջին եռամսյակում արձանագրված նվազման միտումը` պայմանավորված արդյունաբերության եւ ծառայությունների ճյուղերում ներդրումային նախագծերի շարունակական հետաձգմամբ, ինչպես նաեւ` բնակարանային շինարարության աճի տեմպերի ակնկալվող նվազմամբ: Միաժամանակ, սպասվում է կապի եւ տրանսպորտի, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ կոմունալ ծառայությունների ոլորտում իրականացվող շինարարության ծավալների աճ: Արդյունքում` 2009թ.-ին կանխատեսվում է շինարարության ավելացված արժեքի 11-15% իրական նվազում: Ծառայությունների ոլորտում ակնկալվող աճի ցուցանիշները նույնպես վերանայվել են նվազման ուղղությամբ` պայմանավորված մասնավոր եւ պետական սպառման կանխատեսվող ցուցանիշների ճշգրտմամբ, որն անդրադառնալու է ինչպես առեւտրաշրջանառության ծավալների, այնպես էլ` մատուցված այլ ծառայությունների ծավալների վրա: 2008թ.-ի վերջին երկու ամիսներին մանրածախ առեւտրաշրջանառության ոլորտում արձանագրված աճի տեմպի նվազման միտումները կդրսեւորվեն նաեւ 2009թ.-ին: Արդյունքում` կանխատեսվում է 2009թ.-ին ծառայությունների ավելացված արժեքի մինչեւ 4% իրական նվազում: Արդյունաբերության ճյուղի 2009թ.-ի կանխատեսումները վերանայվել են փոքր-ինչ նվազման ուղղությամբ, ինչի արդյունքում սպասվում է ավելացված արժեքի 1-5% նվազում: Կանխատեսված ցուցանիշների նվազեցումը պայմանավորվել է համաշխարհային պահանջարկի անկման արդյունքում հանքարդյունաբերությունում, 2008թ.-ի չորրորդ եռամսյակից սկսած, աճի տեմպի շարունակական նվազմամբ, ինչպես նաեւ` քիմիական արդյունաբերությունում եւ մետաղագործությունում թողարկման ծավալների ակնկալվող նվազմամբ եւ դրա հետեւանքով էներգետիկայի աճի տեմպերի ճշգրտմամբ: Այնուամենայնիվ, արդյունաբերության ճյուղում աճ կապահովեն էներգետիկայի եւ սննդի արդյունաբերության ենթաճյուղերը: Գյուղատնտեսության ճյուղի կանխատեսումները չեն վերանայվել. սպասվում է 3-5% իրական աճ` պայմանավորված բնականոն աճի բազայի` այգիների եւ ցանքատարածությունների, ինչպես նաեւ` անասնագլխաքանակի ավելացմամբ: 2009թ.-ին համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀՀ տնտեսությունում կարտահայտվի համախառն պահանջարկի նվազմամբ, որը հիմնականում կպայմանավորվի ներքին պահանջարկի անկմամբ: Զգալիորեն կնվազեն մասնավոր հատվածի ծախսումները, մինչդեռ պետական հատվածի ծախսումները որոշակիորեն կաճեն` համաշխարհային ճգնաժամի հետեւանքները մեղմելու եւ մասնավոր հատվածում տնտեսական ակտիվությունը հետզհետե վերականգնելու համար: Մասնավոր հատվածի ծախսումների` 2009թ.-ի իրական աճի գնահատումները ճշգրտվել են նվազման ուղղությամբ` ինչպես մասնավոր սպառման, այնպես էլ` մասնավոր ներդրումների մասով: Աճի տեմպերի գնահատումների վերանայման համար հիմք են հանդիսացել համաշխարհային տնտեսական իրավիճակի վատթարացման հետեւանքով մի շարք ցուցանիշների, այդ թվում` բնակչության եկամուտների` աշխատավարձերի եւ ընթացիկ տրանսֆերտների, ինչպես նաեւ` կապիտալ տրանսֆերտների, արտաքին ֆինանսական այլ հոսքերի զգալի նվազման սպասումները, համաշխարհային պահանջարկի անկման միտումների պարագայում ներդրումային միջավայրում անորոշությունների եւ բացասական սպասումների առկայությունը: Ըստ ՀՀ ԿԲ գնահատումների, 2009թ.-ին սպասվում է մասնավոր սպառման իրական նվազման 5-6% ցուցանիշ, իսկ մասնավոր ներդրումներն, իրական արտահայտությամբ, կնվազեն 5,6-6,5%-ով: Մասնավոր ծախսումների հավասարակշիռ մակարդակից շեղման գնահատումների համաձայն, 2009թ.-ի ընթացքում կձեւավորվի մասնավոր ծախսումների մեծ բացասական ճեղքվածք` 5-7% միջակայքում` պայմանավորված ինչպես սպառման, այնպես էլ` ներդրումների կանխատեսվող բացասական ճեղքվածքներով: Այդպիսով, տարվա ընթացքում մասնավոր ծախսումները գնանկումային ճնշումներ կառաջացնեն սպառողական շուկայում` նվազեցնելով գնաճը 1,5-2,1%-ով: Հարկաբյուջետային հատվածի 2009թ.-ի ծրագրերի կատարման հիմնական ուղենիշը ՀՆԱ-ում հարկային եկամուտների 17,4% ցուցանիշի (2008թ.-ի համեմատությամբ 0,4%-ով աճ) ապահովումն է եւ պետական ծախսերի իրականացումը ծրագրված մակարդակին համապատասխան: Տարվա առաջին կեսին, տնտեսության ակտիվության անկմամբ պայմանավորված, հնարավոր է բյուջեի եկամուտների նախատեսվածի համեմատ որոշակի ցածր ցուցանիշի ձեւավորում, որի պարագայում, ՀՀ կառավարության հայտարարության համաձայն, ծախսային որոշակի ծրագրեր կտեղափոխվեն տարվա երկրորդ կիսամյակ: ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում ակնկալվում է պետական հատվածի դերի մեծացում եւ դրանով իսկ` ներքին պահանջարկի խթանում. մասնավորապես, կառավարության ծրագրերն ուղղվելու են փոքր ու միջին ձեռնարկությունների խթանմանը, արտահանելի հատվածին աջակցելուն, ինչպես նաեւ ոչ արտահանելի հատվածում պետական ծախսերի մեծացմանը: Այսպիսով, վերոնշյալի արդյունքում համախառն պահանջարկի վրա հարկա- բյուջետային քաղաքականությունը կունենա շուրջ 2% ընդլայնող ազդեցություն: Սակայն, կախված կառավարության կողմից հայտարարված ծրագրերի փաստացի իրականացված ծավալներից, ներքին պահանջարկի խթանումը կարող է լինել ինչպես ավելի մեծ, այնպես էլ` փոքր` համապատասխանաբար արտահայտվելով նաեւ մասնավոր հատվածի ծախսումների 2009թ. եւ հաջորդ տարվա զարգացումներում: Ծրագրում ամփոփվել է, որ 2009թ.-ին ներքին պահանջարկի մակարդակը կլինի հավասարակշռից զգալիորեն ցածր` գնանկումային ճնշումներ առաջացնելով տնտեսությունում: Արտաքին պահանջարկի նվազումը, ինչը կարտահայտվի նաեւ արդյունաբերական մետաղների միջազգային գների ցածր մակարդակի պահպանմամբ, նշանակալի դերակատարում կունենա 2009թ.-ին Հայաստանից արտահանման տարեկան ծավալների նվազման հարցում: Մյուս կողմից, ՀՀ դրամի անվանական փոխարժեքի արժեզրկման հետեւանքով տեղի ունեցած իրական փոխարժեքի ճշգրտումը եւ վերադարձը հավասարակշիռ մակարդակին էականորեն կնպաստեն արտաքին հաշվեկշռվածության ձեւավորմանը եւ կխթանեն ինչպես արտահանումը, այնպես էլ` ներմուծման փոխարինիչների արտադրությունը` ձեւավորելով արտահանելի հատվածում ներդրումների, աշխատատեղերի ստեղծման եւ ապագա տնտեսական աճի հիմքեր: Ի լրումն իրական փոխարժեքի ճշգրտման, արտահանման ծավալների վրա դրական ազդեցություն կունենան նաեւ կառավարությանՆ արտահանման ուղղվածություն ունեցող որոշ ձեռնարկությունների աջակցության ծրագրերը: Արդյունքում` 2009թ.-ին սպասվում է ապրանքների եւ ծառայությունների արտահանման ծավալների 25-30% նվազում, որը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է արտահանման գների նվազմամբ: Իսկ ապրանքների եւ ծառայությունների արտահանման իրական ծավալների նվազումը գնահատվում է 1-3%: Սպասվում է, որ 2009թ.-ին ապրանքների եւ ծառայությունների ներմուծման դոլարային ծավալների նվազումը կկազմի 30-35%: Դա նույնպես կպայմանավորվի իրական փոխարժեքի ճշգրտմամբ, ինչպես նաեւ` ներքին տնտեսության եկամուտների նվազմամբ: Արդյունքում` սպասվում է ապրանքների եւ ծառայությունների ներմուծման իրական արտահայտությամբ կրճատում 25-30%-ի չափով: Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգով իրականացվող ոչ առեւտրային բնույթի զուտ փոխանցումներին, ապա թեեւ 2009թ.-ի հունվար-փետրվարին այս ցուցանիշը 31,4%-ով նվազել է, այնուամենայնիվ, նշված ժամանակահատվածում գրանցվել է ֆիզիկական անձանց ընդհանուր փոխանցումների (ներառյալ նաեւ առեւտրային փոխանցումները) զուտ ներհոսքի 63,8% աճ (զուտ ներհոսքը կազմել է 83,1 մլն ԱՄՆ դոլար). ընդ որում, հունվար-փետրվարին ֆիզիկական անձանց ընդհանուր փոխանցումների ներհոսքը նվազել է 19,5%-ով` արտահոսքի 46% նվազման պայմաններում: Այնուամենայնիվ, 2009թ.-ին սպասվում է ֆիզիկական անձանց առեւտրային եւ ոչ առեւտրային զուտ փոխանցումների շատ ավելի պակաս նվազում (10-15%-ի չափով), քան գնահատվում է ոչ առեւտրային բնույթի զուտ փոխանցումների մասով (նվազումը կկազմի 30-35%)` հիմնականում պայմանավորված փոխանցումների արտահոսքի զգալի նվազմամբ: Ռուսաստանի տնտեսության ներկա անբարենպաստ զարգացումները, որոնք գոնե մինչեւ տարեվերջ դրական հեռանկարներ չեն խոստանում, կպայմանավորեն զուտ փոխանցումների նվազումը: Արդյունքում` ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը, ի տարբերություն նախկին վատատեսական սցենարի, կձեւավորվի հարաբերականորեն ցածր մակարդակում` 8-10% միջակայքում: Աշխատանքի շուկայի ցուցանիշների 2009թ.-ի գնահատումները վերանայվել են նվազման ուղղությամբ: Վերանայման հիմնական պատճառը համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով տնտեսությունում համախառն պահանջարկի, այդ թվում` աշխատուժի նկատմամբ պահանջարկի զգալի նվազման սպասումներն են, ինչպես նաեւ` միգրանտների արտահոսքի կրճատմամբ պայմանավորված` աշխատուժի առաջարկի աճը: Ըստ վերանայված գնահատումների, տնտեսության միջին անվանական աշխատավարձը 2009թ.-ին կնվազի շուրջ 2%-ով: Ընդ որում, մասնավոր հատվածում անվանական աշխատավարձը կնվազի ավելի քան 7%-ով` պայմանավորված ինչպես արտադրողականության նվազմամբ, այնպես էլ` տնտեսությունում աշխատուժի առաջարկի էական աճով: Բյուջետային ֆինանսավորում ունեցող կազմակերպություններում, սակայն, կնկատվի աշխատավարձի որոշակի աճ: Ըստ գնահատումների, 2009թ.-ին աշխատանքի շուկայում որոշակի գնանկումային ճնշումներ կդրսեւորվեն, քանի որ մասնավոր հատվածում կարձանագրվի միավոր աշխատուժի ծախսերի զգալի նվազում: Կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պայմաններում 2009թ.-ի դրամավարկային ցուցանիշների աճի տեմպերը հիմնականում վերանայվել են նվազման ուղղությամբ: Սպասվում է, որ 2009թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ փողի զանգվածը կավելանա տարեկան 9-12%-ով, իսկ փողի բազան` 2-5%-ով: Ի տարբերություն նախորդ տարիներին դրսեւորված նվազմանը, 2009թ.-ին սպասվում է փողի բազմարկչի տարեկան 7-10% աճ` պայմանավորված ֆինանսական միջնորդության աճով: Այս զարգացումները հիմնականում կպայմանավորվեն բանկային համակարգի միջոցով փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման` ՀՀ կառավարության նախատեսած ծրագրերով, եւ 2009թ.-ին սպասվող խոշոր պակասուրդային բյուջեով: Այս պայմաններում տնտեսության փողայնացումը եւս կաճի (տարեկան 9-11%)` 2008թ.-ին արձանագրված 11,8% նվազման փոխարեն: Արդյունքում` ՀՀ ԿԲ-ն, ըստ «Ապրանքատեսակների գնաճի մոդել»-ի, կանխատեսել է, որ, տոկոսադրույքների անփոփոխ մակարդակի վարկածի պայմաններում, 2009թ.-ի երկրորդ եռամսյակի վերջին գնաճի կանխատեսման կենտրոնական արժեքը կկազմի 5,2%, իսկ տարեվերջին` 5,9%: Բազային սցենարում ներառված հիմնական ենթադրությունները հետեւյալն են. կանխատեսումներում ներառված է 2009թ.-ի երկրորդ եռամսյակից սկսած սպառողների համար 2009թ.-ի ապրիլի 1-ից գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագների ուղղակի եւ ինքնարժեքի միջոցով այլ ապրանքների գների աճի վրա անուղղակի ազդեցությունը, 2009թ.-ի մարտից սկսած` հաշվի է առնվել նաեւ ՀՀ դրամի արժեզրկմամբ պայմանավորված ներմուծված ապրանքների ներքին գների աճը, կառավարության կողմից նախատեսված ծրագրերի իրագործման արդյունքում հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնողական ազդեցությունը ներքին պահանջարկի եւ գնաճի վրա: Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա 2009թ.-ի տնտեսական հավանական զարգացումների դեպքում հնարավոր են գնաճի կանխատեսված ցուցանիշից ինչպես նվազման, այնպես էլ` աճի ուղղությամբ շեղման ռիսկեր: Մասնավորապես, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով տնտեսությունում համախառն պահանջարկիՆ սպասվածից ավելի շատ նվազումը հիմնական գնանկումային ռիսկն է: Միաժամանակ, համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգահեռ, 2009թ.-ի երկրորդ կիսամյակից միջազգային գների աճի միտումի ձեւավորման եւ կառավարության կողմից հայտարարված ծրագրերի իրագործման տեմպից կախված` կարող են դրսեւորվել նաեւ գնաճային ռիսկեր: Ըստ ՀՀ ԿԲ գնահատումների, 2009թ.-ի մարտից արտարժույթի շուկայում ԿԲ-ի միջամտությունները սահմանափակելու հետեւանքով տեղական արժույթի արժեզրկման եւ նախորդ դրամավարկային ծրագրում նշված գնաճային ռիսկերի հետագա դրսեւորման, մասնավորապես, ապրիլի 1-ից վերջնական սպառողների համար գազի սակագների թանկացման արդյունքում 2009թ.-ի ընթացքում գնաճը կավելանա, սակայն երկրորդ եռամսյակի ավարտին չի գերազանցի նպատակային միջակայքի վերին սահմանը: Այնուամենայնիվ, արտաքին հետագա զարգացումները եւ կառավարության կողմից հայտարարված ծրագրերի իրագործման ծավալները կպայմանավորեն գնաճի հետագա վարքագիծը: Այս պայմաններում հնարավոր է, որ տարեվերջին գնաճը որոշակիորեն գերազանցի նպատակային միջակայքի վերին սահմանը: Միաժամանակ, կանխատեսվող ժամանակահատվածում գնաճը զսպող գործոններ կհանդիսանան համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով արտաքին գնանկումային միջավայրի պահպանումը եւ հավասարակշռից էապես ցածր ներքին պահանջարկի ձեւավորումը: Թեեւ ԿԲ-ն վերոնշյալ հեռանկարների պայմաններում արդեն իսկ մարտի սկզբից բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1%-ով, դրամի արժեզրկումը հանգեցրել է դրամավարկային պայմանների էական թուլացման: Հաշվի առնելով վերոնշյալը` տարվա ընթացքում գնաճի տեմպերի ավելացման եւ տնտեսական սպասվող զարգացումների ներկա գնահատումների պայմաններում, տոկոսադրույքների հետագա ճշգրտումը կախված է լինելու գնաճի նպատակային թիրախից շեղումները կանխելու եւ տնտեսական աճին նպաստելու խնդիրների խելամիտ համադրումից: Կարեւորվել է նաեւ այն հանգամանքը, որ դրամային ակտիվների տոկոսադրույքների բարձր մակարդակը նպաստում է դրամային ակտիվների նկատմամբ պահանջարկի աճին եւ երկրից կապիտալի արտահոսքի զսպմանը` բարձրացնելով ֆինանսական հատվածի նկատմամբ վստահությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն