ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԱՃՈՒՐԴԻ ԿԴՐՎԻ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՈՒ-Ի ԳՈՒՅՔԻ ՄԻ<br /> ՄԱՍԸ<br />


ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԱՃՈՒՐԴԻ ԿԴՐՎԻ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՈՒ-Ի ԳՈՒՅՔԻ ՄԻ
ՄԱՍԸ

  • 27-09-2006 18:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 5-ին աճուրդի կդրվի սնանկ ճանաչված «Հայկական ավիաուղիներ» (ՀԱՈՒ) ընկերությանը պատկանող մոտ 85 մլն դրամ (մոտ 220 հազար ԱՄՆ դոլար) արժողությամբ գույքի մի մասը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀԱՈՒ-ի լուծարային հանձնաժողովի նախագահ Հրանտ Ղամբարյանը, բացի այդ վաճառքի է դրված նաեւ ՀԱՈՒ-ին պատկանող ԻԼ-86 օդանավը, որը ներկայումս կայանված է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Նրա կայանման համար «Դոմոդեդովոյին» հասանելիք գումարն արդեն կազմում է մոտ 1 մլն ԱՄՆ դոլար: Մինչդեռ, ըստ Հ.Ղամբարյանի, այդ օդանավի վաճառքի առավելագույն գինը կազմում է 300 հազար դոլար, իսկ այն աշխատանքային վիճակի բերելու համար կպահանջվի մոտ 2,5 մլն դոլար: Հ.Ղամբարյանի խոսքերով, եթե այդ օդանավը չվաճառվի, ապա կվերածվի մետաղի ջարդոնի, ինչպես դա եղավ ընկերության երկու ՏՈՒ-154 ինքնաթիռների պարագայում: Նշենք, որ ՀԱՈՒ-ի երեք ՅԱԿ-40 ինքնաթիռները գնել է «Էքպրես լայն» ավիաընկերությունը: Հ.Ղամբարյանը տեղեկացրեց նաեւ, ՀԱՈՒ-ի դեբիտորական պարտքը կազմում է մոտ 9,5 մլրդ դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն