ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԿՈՐԴՈԲԱ ՆԱՀԱՆԳԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ<br /> ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԿՈՐԴՈԲԱ ՆԱՀԱՆԳԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 08-09-2006 20:00:00   | Արգենտինա  |  
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 6-ին Արգենտինայի Կորդոբա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է թիվ 9315 օրինագիծը, որով նահանգում ամեն տարվա ապրիլի 24-ը սահմանվում է որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակման օր: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, օրինագիծը, որի հեղինակն է «Միավորում Կորդոբայի համար» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Ալեխանդրա Վիգոն, նախատեսում է նաեւ Հայոց ցեղասպանության մասին դասընթացների անցկացում նահանգի դպրոցներում: Օրինագծի հիմունքներում, մասնավորապես, նշվում է, որ «դաժանությունները, որոնք իրագործվել են հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի կառավարության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, դրանից առաջ եւ հետո, կոչվում են Հայոց ցեղասպանություն»: Օրենքն ուժի մեջ կմտնի Կորդոբա նահանգի նահանգապետի կողմից 10-օրյա ժամկետում հաստատվելուց հետո: Նմանատիպ օրենք ընդունվել է ս.թ. մայիսի 17-ին Բուենոս Այրես նահանգի խորհրդարանի կողմից եւ նահանգապետի վավերացումից հետո ուժի մեջ մտել հունիսի 2-ին: Սպասվում է, որ մոտ ապագայում օրենքի ուժ կստանա նաեւ Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված օրինագիծը, որը ս.թ. օգոստոսի 17-ին միաձայն ընդունվեց Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի օրենսդիր մարմնի կողմից:

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play