ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿՈՆՅԱԿ<br /> ՎԱՃԱՌԵԼ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ, ՔԱՆ ՄԹԵՐԵԼ Է ԽԱՂՈՂ<br />


ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿՈՆՅԱԿ
ՎԱՃԱՌԵԼ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ, ՔԱՆ ՄԹԵՐԵԼ Է ԽԱՂՈՂ

  • 08-09-2006 19:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Էրվե Կարոֆի օրերս հայաստանյան մի շարք թերթերում հրապարակված բաց նամակում ոչ հերքվում, ոչ էլ հաստատվում են այն փաստերը, որոնք վկայում են գործարանի կողմից պահուստային սպիրտերի անօրինական եւ անխնա օգտագործման մասին: Այս մասին սեպտեմբերի 8-ին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արամ Սարգսյանը: Իսկ ԵԿԳ-ում սպիրտի հափշտակման փաստը, ըստ նրա, իր հետ հանդիպման ժամանակ հաստատել է ՀՀ գլխավոր դատախազը: Մեկնաբանելով իրեն հասցեագրված այդ նամակը, Ա.Սարգսյանը նաեւ նշեց, որ առանց որեւէ փաստարկի հերքվում է միայն իր այն պնդումը, թե գործարանը վաճառվում է: Նա հայտնեց, որ ուսումնասիրելով ԵԿԳ-ի ղեկավարության ներկայացրած տվյալները, թե որքան խաղող է մթերվել այս տարիներին, թե դրանից որքան կոնյակի սպիրտ կարելի էր ստանալ եւ ինչքան կոնյակ է վաճառվել, արդյունքում ստացվել է, որ ԵԿԳ-ն կոնյակ է արտադրել առնվազն երկու անգամ ավելի շատ, քան դա հնարավոր էր տեղական խաղողի մթերումից: «Իսկ ըստ պայմանագրի, որ իրենք կնքել են առքուվաճառքի ժամանակ, բազային սպիրտը պետք է պահպանվեր նույն քանակությամբ»,- նշեց Ա.Սարգսյանը: Միաժամանակ նա նկատեց, որ իր հարցերը ուղղված չէին ոչ ԵԿԳ-ի տնօրենին, ոչ էլ «Պեռնո Ռիկար»-ի ղեկավարությանը: «Ես դիմել եմ մեր իշխանություններին, որոնք կատարել են գործարք գործարանի ղեկավարության հետ եւ պարտավոր են պաշտպանել պետական շահերը»,- հայտարարեց ՀԴԿ նախագահը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն