«ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ»-Ը ԶՐԿՎԵԼ Է ՄԱՐՋԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ<br /> ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՑ<br />


«ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ»-Ը ԶՐԿՎԵԼ Է ՄԱՐՋԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՑ

  • 05-09-2006 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Բնապահպանության նախարարությունը «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությանը (ԳԳՄ) զրկել է Մարջանի (Սիսիան) հանքավայրի ուսումնասիրման լիցենզիայից: Այս մասին սեպտեմբերի 5-ի ասուլիսում հայտնեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Նա նշեց, որ ընկերությունը տվյալ հանքավայրում աշխատանքներ իրականացնելու իրավունք այլեւս չունի: Սակայն, քանի որ ԳԳՄ-ն շարունակում է հանքավայրի ուսումնասիրման աշխատանքները, նախարարությունը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ԳԳՄ-ի տնօրեն Աշոտ Պողոսյանը, ընկերությունը գրություն է ուղարկել նախարարին` մատնանշելով ՀՀ համապատասխան օրենքի այն դրույթները, որոնց համաձայն, «հայտարարությունների կամ նամակների միջոցով ու միակողմանիորեն լիցենզիայի դադարեցումը արգելվում է»: Ըստ ԳԳՄ-ի տնօրենի, լիցենզիայից զրկելու վերաբերյալ նախարարությունը պետք է գրավոր զգուշացներ ընկերությանը, եթե վերջինս խախտում է թույլ տվել, եւ առնվազն 90 օր ժամանակ տրամադրեր այդ խախտումը վերացնելու համար: Ըստ Ա.Պողոսյանի, դրանից հետո ընկերությանը պետք է տրվեր վնասի փոխհատուցման վերադարձման հնարավորություն: Փոխհատուցման չտրամադրման դեպքում նախարարությունը կարող է դիմել դատարան: Սակայն, ըստ Ա.Պողոսյանի, ԳԳՄ-ն երբեւէ նման նախազգուշացում նախարարությունից չի ստացել: «Եթե նախարարությունը չի ենթարկվելու ՀՀ օրենքի եւ միջազգային պայմանագրերի հստակ դրույթներին եւ շարունակելու է անօրինական հայտարարությունները, ուրեմն մենք գործ ունենք մեր ներդրումների բռնագրավման դասագրքային օրինակի հետ»,- հայտարարեց Ա.Պողոսյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play