ԿԱՐՍ-ԹԲԻԼԻՍԻ-ԲԱՔՈՒ ԵՐԿԱԹԳԾԻ ԾՐԱԳՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ<br /> ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՍՏԱՑՎԵԼ<br />


ԿԱՐՍ-ԹԲԻԼԻՍԻ-ԲԱՔՈՒ ԵՐԿԱԹԳԾԻ ԾՐԱԳՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՍՏԱՑՎԵԼ

  • 30-08-2006 22:38:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը չի կարողացել «պաշտոնական հավաստիացումներ» ստանալ այն մասին, որ Չինաստանը եւ ԱՊՀ անդամ երկիր Ղազախստանը պատրաստվում են մասնակցել Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության ծրագրին: Այս մասին նա հայտնեց օգոստոսի 30-ի ասուլիսում: Պատասխանելով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի այն հարցին, թե պաշտոնական Երեւանն ինչպե՞ս է վերաբերում նշված ծրագրին Չինաստանի եւ Ղազախստանի մասնակցությանը, Վ.Սողոմոնյանը նաեւ նշեց, որ «իմաստ ունի փոքր-ինչ սպասել, տեսնել, թե ինչպես են զարգանում իրադարձությունները»: Նա հիշեցրեց, որ պաշտոնական Երեւանը նշված նախագծի վերաբերյալ իր բացասական դիրքորոշումը եւ մտահոգությունները միշտ հայտնել է: «Եթե հետագայում էլ նոր զարգացումներ լինեն, ուղղակի լուռ չենք մնա»,- ընդգծեց ՀՀ նախագահի խոսնակը: Նշենք, որ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի ծրագրին մասնակցության Ղազախստանի եւ Չինաստանի մասնակցության մասին թուրքական «Զաման» թերթին տված հարցազրույցում օրերս հայտարարել էր Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը: Նա նշել էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «նախկինում եղած հակասությունը» իբր տարիներ շարունակ հետաձգել է այդ ծրագրի իրականացումը: Նրա կարծիքով, երկաթգիծը կփոխի տարածաշրջանի ներկա պատկերը եւ կբարելավի համընդհանուր պայմանները: «Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան աշխատում են համատեղ, որպեսզի հաղթահարեն բոլոր այն դժվարությունները, որոնք բացասաբար են անդրադառնում տարածաշրջանի տնտեսության վրա»,- ասել էր թուրք նախարարը: Ըստ նրա, վերոնշյալ ծրագիրը Վրաստանի միջոցով ուղիղ կապ է հաստատելու Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ. «Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը Թուրքիան կապելու է Ադրբեջանին: Շատ կարեւոր է, որպեսզի տարածաշրջանում բոլոր փոխադրումները հասնեն Եվրոպա եւ Ասիա` Թուրքիայի միջոցով»: Նշենք, որ մեծ թվով դոնոր երկրներ հրաժարվել են մասնակցել Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության ծրագրին այն հիմնավորումով, որ նման ճանապարհով Հայաստանը կմեկուսացվի երկաթուղային բեռնափոխադրումների տարածաշրջանային ցանցից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն