«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ն<br /> ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԸՆԴԴԵՄ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ»<br /> ՓԲԸ-Ի<br />


«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ն
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԸՆԴԴԵՄ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ»
ՓԲԸ-Ի

  • 28-08-2006 19:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանում ջրային համակարգը կոռումպացված է»: Այսպիսի հայտարարություն արեցին օգոստոսի 26-ի ասուլիսում «Քաղաքացիական հասարակության իրավունքների զարգացում» ՀԿ-ի հախագահ Արտաշես Բարսեղյանը եւ փաստաբան Հովիկ Արսենյանը: Ա.Բարսեղյանը, մասնավորապես, փաստեց, որ ինքը, վերջին երեք տարիներին բնակվելով Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում, ականատես է եղել տեղի ջրային համակարգի պատասխանատուների անօրինական գործողություններին, հավաքել է դրանք հաստատող փաստեր եւ պատրաստվում է հայց ներկայացնել դատարան «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության դեմ: Իսկ Հ.Արսենյանը հավելեց, որ իրենք ցանկանում են դատարանի միջոցով ստիպել ընկերությանը կատարել այն պարտավորությունները, որ վերջինս ստանձնել է սպառողների հետ կնքած պայմանագրերով: Ըստ Ա.Բարսեղյանի, ընկերությունը վերջին երեք տարվա ընթացքում մարզի շուրջ 100 գյուղերից 1 մլրդ դրամ է հավաքել, սակայն նույն ժամանահատվածում մեկ խողովակ անգամ չի փոխվել կամ վերանորոգվել: Բացի դրանից, ջրմուղը պարտավոր է ապահովել սպառողներին մատակարարվող խմելու ջրի որակը, այնինչ ՀԿ-ի նախաձեռնությամբ ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի լաբորատորիայում անցկացված փորձաքննությունը ցույց է տվել, որ Քաղցրաշեն եւ Դվին գյուղերում խմելու ջուրը չի համապատասխանում պահանջվող չափանիշներին: Եվ չնայած այն բանին, որ այդ ջուրը վտանգ է ներկայացնում սպառողների առողջության համար, «Հայջրմուղկոյուղի»-ն պարտադրում է բնակիչներին վճարել դրա դիմաց, հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել ջրամատակարարումը: Այս ամենը, Ա.Բարսեղյանի գնահատմամբ, կոռուպցիայի դրսեւորում է: «Ես մտադիր եմ արտերկրից զբոսաշրջիկներ հրավիրել Հայաստան, բայց ինչպե՞ս իրականացնեմ ծրագրերս. այդ մարդկանց պղտորված ջուր խմեցնեմ եւ հիվանդացրած ե՞տ ուղարկեմ»,- վրդովված ասաց Ա.Բարսեղյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն