ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԵՎ<br /> ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ,- ԳՏՆՈՒՄ Է ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ<br />


ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԵՎ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ,- ԳՏՆՈՒՄ Է ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ

  • 29-06-2006 18:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանին է նվիրված հունիսի 29-ին Հայաստանի Ազգային գրադարանում բացված ցուցահանդեսը: Ցուցադրանքում ընդգրկված են գրողի բոլոր ժողովածուները, մամուլում հրապարակված հոդվածները, լուսանկարներ, նրա ստեղծագործությունների ռուսերեն, բուլղարերեն, արաբերեն, գերմաներեն եւ այլ լեզուներով թարգմանությունների օրինակներ: ՀԱԳ-ի տնօրեն Դավիթ Սարգսյանի խոսքերով, Հ.Մաթեւոսյանը առաջատարն ու խորհրդանիշն էր 1960-ականներին սկիզբ առած գրական այն շարժման, որը նոր էջ բացեց հայ արձակի եւ ազգային գեղարվեստական մտածողության մեջ: «Հ.Մաթեւոսյանը այն գրողներից էր, որ իր գործերում վեր հանեց հայ գյուղացու տառապանքը, իր դարաշրջանի տագնապները: Եվ այդ գրականությունը տարածվեց եւ միանգամից թարգմանվեց բազմաթիվ լեզուներով»,- նշեց Դ.Սարգսյանը: Նրա խոսքերով, անուրանալի է Հ.Մաթեւսոյանի ստեղծագործության եւ լեզվամտածողության ազդեցությունը նաեւ ժամանակի գեղարվեստական գիտակցության վրա: Ըստ Դ.Սարգսյանի, որքան էլ խոսվի Հ.Մաթեւոսյանի գրականության մասին, այնուամենայնիվ դեռ ասելիք կա, քանի որ նա թողել է հսկայական ժառանգություն, որը կարիք ունի արժեվորման եւ ուսումնասիրության: Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը մի առիթով գրել է. «Այստեղ դուք ունեք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ. ան Հրանտ Մաթեւոսյանն է: Անոր գրականությունը խորունկ ձեւով ցույց կուտա հայոց մասնակցությունը մարդկության պատմությանը: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հ.Մաթեւոսյանի պես չի կրնար գրել»:
Նոյյան տապան  -   Մշակույթ