2007 Թ.-ԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅՈՒՄ ՀԱՅ-ԵԳԻՊՏԱԿԱՆ<br /> ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼ<br />


2007 Թ.-ԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅՈՒՄ ՀԱՅ-ԵԳԻՊՏԱԿԱՆ
ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼ

  • 26-06-2006 18:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԿԱՀԻՐԵ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության հնարավորությունները քննարկելու եւ խթանելու նպատակով հունիսի 21-22-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը աշխատանքային այցով գտնվում էր երկրի արդյունաբերական կենտրոն հանդիսացող` Ալեքսանդրիայի նահանգում: Այցելության ընթացքում դեսպանը հանդիպումներ է ունեցել Ալեքսանդրիայի Գործարարների Միության (ԱԳՄ) ղեկավարների հետ, Ալեքսանդրիայի նահանգապետի եւ գործարար շրջանակների հետ, այցելել Եգիպտոսի ամենամեծ դեղագործական «Ֆարկո» ընկերություն ու «Զահրան» կենցաղային եւ էլեկտրական սարքավորումների գործարան: ԱԳՄ նախագահ Մուհամմեդ Ռագաբի հետ հանդիպման ընթացքում, որին ներկա էին շուրջ 25 գործարարներ, դեսպանը, ներկայացնելով երկկողմ հարաբերությունների գոհացնող մակարդակը, հատուկ ընդգծել է հայ-եգիպտական առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Ռ.Կարապետյանը, որպես հեռանկարային, առանձնացրել է դեղագործական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ կրթության ու գիտության ոլորտները: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ համանման կազմակերպության հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաեւ 2007թ.-ին Ալեքսանդրիայում հայ-եգիպտական գործարար համաժողովի անցկացման մասին: Քննարկվել են նաեւ ՀՀ-ում երկարատեւ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, ԱԳՄ կողմից ընդունվել է նաեւ ՀՀ դեսպանի առաջարկը` Շիրակի մարզի գործարարների պատվիրակության այցը Ալեքսանդրիա կազմակերպելու վերաբերյալ: Այցելության շրջանակներում հնարավոր կլինի նաեւ ստորագրել Ալեքսանդրիան եւ Գյումրին քույր-քաղաքներ հռչակելու վերաբերյալ համաձայնագիրը: Ալեքսանդրիայի Զբոսաշրջության եւ հյուրանոցների բարձրագույն ինստիտուտի ռեկտոր դոկտոր Մեդհաթ Էլ-Դիբը, որը ներկա էր հանդիպմանը, հայտարարել է Հայաստանին 5 կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ իր որոշման մասին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն