ԴԵՍՊԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ<br /> ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻՆ<br />


ԴԵՍՊԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻՆ

  • 12-05-2006 20:10:00   | Արգենտինա  |  Քաղաքական
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 11-ին Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիել Սիոլիին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, պաշտոնական արարողությունից հետո ՀՀ դեսպան Կարմիրշալյանի եւ ԱՀ փոխնախագահ Սիոլիի միջեւ տեղի է ունեցել առանձնազրույց: Շնորհավորելով ՀՀ դեսպանին` Արգենտինայի փոխնախագահը հույս է հայտնել, որ ՀՀ նոր դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների բարեկամական կապերն ու համագործակցությունն էլ ավելի կամրապնդվեն եւ կզարգանան: Երկուստեք կարեւորվել է տնտեսության, առողջապահության, գիտության, մշակույթի եւ այլ բնագավառներում ստորագրված միջկառավարական համաձայնագրերի իրագործմանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: ՀՀ դեսպանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրները: Իր հերթին փոխնախագահ Սիոլին, որը քաջածանոթ է արգենտինահայ համայնքին եւ բարձր է գնահատում նրա դերը Արգենտինայի սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքում, իր պատրաստակամությունն է հայտնել նպաստել Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ համագործակցության զարգացմանը եւ, համաձայնելով ՀՀ դեսպանի կողմից արված առաջարկությանը, նկատել է, որ Հայաստանն իրոք կարող է յուրօրինակ դարպաս հանդիսանալ Հարավային Կովկասում արգենտինյան ներդրումների համար:
Նոյյան տապան  -   Քաղաքական