ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԿԻՄ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ<br /> 80-ԱՄՅԱԿԸ<br />


ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԿԻՄ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ
80-ԱՄՅԱԿԸ

  • 10-05-2006 19:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ականավոր բեմադրիչ, թատերական մանկավարժ, պրոֆեսոր Կիմ Արզումանյանի ծննդյան 80-ամյակին էր նվիրված մայիսի 10-ին Հայաստանի Թատերական գործիչների միությունում կայացած հոբելյանական երեկոն: Ինչպես նշեց արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Քոչարյանը, Կիմ Արզումանյանն իր բեմական գործունեությունը սկսել է Պատանի հանդիսատեսի թատրոնից, ապա շարունակել Մայր թատրոնում (Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոն. «ՆՏ») եւ Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի թատրոնում: Ավելի ուշ` 1951թ. աշխատել է հայկական ռադիոյում, ուր բեմադրել է 34 ռադիոներկայացում: Հետագայում տեղափոխվելով հեռուստատեսություն` պատրաստել է 40 հեռուստաներկայացում, որոնք այսօր էլ տարիների հեռվից չեն կորցրել իրենց թարմությունը: Տաղանդավոր արվեստագետի մանկավարժական գործունեության արդյունքում ձեւավորվել են հայ ռեժիսորների մի քանի սերունդներ: Ալ. Քոչարյանի գնահատմամբ, Կիմ Արզումանյանը, բեմից գալով հեռուստատեսություն, կարողացավ հմտորեն զանազանել բեմի եւ խցիկ-էկրանի էական տարբերությունը. «Նրա առաջին իսկ ներկայացումից պարզ դարձավ, որ թատրոնի ռեժիսորը բնականորեն վերածվեց հեռուստաբեմադրիչի»: Անվանի բեմադրիչը մշտապես եղել է դասականի, ավանդականի, իրապաշտականի ջատագովը: «Նա թատերական աշխատանքներում հավատարիմ է եղել ռեալիստական թատրոնի սկզբունքներին եւ չի ընդունել ժամանակի հովերի հետ թափանցող «թիթիզություններն» ու «ֆոկուսները»,- ընդգծեց Ալ. Քոչարյանը: Կիմ Արզումանյանը թատրոնի համար բեմադրել է 17 ներկայացում, որոնցից առավելապես հիշատակության են արժանի «Միջնորդ տեր պապան» եւ «Մադամ Սան-Ժեմը»: Մինչեւ այսօր էլ ժողովուրդն առանձնակի ջերմությամբ է խոսում Կիմ Արզումանյանի «Սայաթ-Նովա» հեռուստատեսային կինոնկարի մասին: Այն բազում անգամներ ցուցադրվել է հեռուստատեսությամբ հանդիսատեսի խնդրանքով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play