ԱՊՐԻԼԻՆ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ<br /> ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԱԳԵՑԱԾ Է<br />


ԱՊՐԻԼԻՆ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ
ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԱԳԵՑԱԾ Է

  • 23-02-2006 16:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Գրողների համահայկական երրորդ համաժողովին, որ կանցկացվի ապրիլի 6-10-ը Բեյրութում` Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հովանավորությամբ, Սփյուռքի տարբեր գաղթօջախներից կմասնակցեն 150, իսկ Հայաստանից, Արցախից եւ Ջավախքից` մոտ 50 գրողներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, հայաստանյան պատվիրակության ճանապարհածախսը հոգալու է Կիլիկիո կաթողիկոսարանը: Լեւոն Անանյանի խոսքերով, Գրողների համահայկական երրորդ համաժողովի ծրագիրը բավականին հագեցած է: Համաժողովին կլսվեն «Արդի մանկապատանեկան գրականություն եւ ազգային դպրոցը», «Եղեռնի անդրադարձը արդի հայ գրականության մեջ», «Հայ գրականության միջազգայնացման խնդիրը», «Համաշխարհայնացումը եւ արդի գրականությունը» եւ այլ թեմաներով զեկուցումներ: Համաժողովի շրջանակում Բեյրութում կբացվի ժամանակակից հայ գրքի ցուցահանդես, ուր կներկայացվի Հայաստանում վերջին տարիներին հրատարակված 200-250 անուն գիրք, միաժամանակ կկազմակերպվի նաեւ գրքերի բաժանորդագրություն: «Նման հանդիպումները, քննարկումները գրողներին հնարավորություն են տալիս միմյանց ճանաչել եւ գնահատել ստեղծագործական երկու գրական դաշտերում ստեղծված արժեքները: Կարծում եմ, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսն ուղենիշ պետք է հանդիսանա Սփյուռքի եւ Հայաստանի գրողների մերձեցման եւ զարգացման գործում»,- նշեց Հայաստանի Գրողների միության նախագահը: Ամփոփելով երկրորդ համաժողովից անցած երկու տարիների արդյունքները, Լեւոն Անանյանը հատկապես կարեւորեց անցած տարի Հայաստանում անցկացված օտարագիր հայ գրողների համաժողովը: Ըստ ՀԳՄ նախագահի, երկու համաժողովներից հետո Գրողների միության ջանքերով համախմբվել են նաեւ Իրանի, Լիբանանի, Թուրքիայի եւ ԱՄՆ տարբեր գրական կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ պառակտված են եղել: ՀԳՄ նախագահը նշեց նաեւ, թե չի բացառվում, որ Գրողների համահայկական չորրորդ համաժողովը կանցկացվի Մոսկվայում կամ Լոս Անջելեսում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play