ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԱՄՆ-ԻՑ ՇՆՈՐՀԱՇԱՏ<br /> ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՍԵՐԳԵՅ ԲԱԲԱՅԱՆԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԱՄՆ-ԻՑ ՇՆՈՐՀԱՇԱՏ
ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՍԵՐԳԵՅ ԲԱԲԱՅԱՆԸ

  • 15-02-2006 15:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հրավերով, փետրվարի 20-ին Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա շնորհաշատ դաշնակահար, մի շարք միջազգային մրցույթների առաջին մրցանակակիր եւ դափնեկիր Սերգեյ Բաբայանի (ԱՄՆ) մենահամերգը` նվիրված իր ուսուցիչ Գեորգի Սարաջեւի հիշատակին: Կկատարվեն Մեսիանի, Լիստի, Ռախմանինովի, Պյարտի, Վայնի եւ Բախի ստեղծագործությունները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՊՖՆ-ից, փետրվարի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Ֆիլհարմոնիկի բարեգործական համերգը` նվիրված Երեւանի ծերանոցին: Սերգեյ Պրոկոֆեւի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտի կատարումով հանդես կգա Սերգեյ Բաբայանը: Համերգի երկրորդ բաժնում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կհնչի Պյոտր Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան: Սերգեյ Բաբայանը միջազգային լայն ճանաչման արժանացած դաշնակահար է: Նրա ուսուցիչներն են եղել Լուիզա Մարգարյանը եւ պրոֆեսոր Գեորգի Սարաջեւը (Երեւան), Վերա Գորնոստաեւան, Լեւ Նաումովը, Միխայիլ Պլետնյովը եւ Լեւ Վլասենկոն (Մոսկվա): Բախի երաժշտությունը խորությամբ ուսումնասիրելու նպատակով հաճախել է Հելմուտ Ռիլինգի դասընթացներին: Առաջին մրցանակներ է շահել Robert Casadesus (նախկինում` Քլիվլենդի միջազգային մրցույթ, 1990), Palm Beach (1990), Hamamatsu (1991), Scottish (1992) միջազգային մրցույթներում: Նա նաեւ դափնեկիր է Queen Elizabeth, Busoni, Esther Honens (Կանադա) միջազգային մրցույթների: Համերգային շրջագայություններ է կատարել Եվրոպայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում եւ ԱՄՆ-ում: Ելույթներ է ունեցել ամենահեղինակավոր համերգասրահներում (Փարիզի Gaveau, Լոնդոնի Wigmore Hall, Նյու Յորքի Carnegie Hall, Մոսկվայի Կոնսերվատորիայի Մեծ դահլիճ եւ այլուր): Մասնակցել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Իսպանիայի, ԱՄՆ-ի հայտնի փառատոններին: Նրա համերգները հեռարձակվել են WQXR, WCLV, Radio France, Polish Radio, BBC-TV եւ NHK հեռուստա-ռադիոկայաններով, կատարվել են բազմաթիվ ձայնագրություններ: Սերգեյ Բաբայանը համագործակցել է աշխարհի լավագույն նվագախմբերի հետ` Յուրի Տեմիրկանովի, Նեեմե Յարվիի, Հանս Գրաֆի, Դեյվիդ Ռոբերտսոնի, Կազիմիերժ Կորդի եւ Մայքլ Քրիստիի եւ այլ անվանի դիրիժորների ղեկավարությամբ: Ընդարձակ է դաշնակահարի նվագացանկը` դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված 45 կոնցերտներ եւ այլ գործեր: Սերգեյ Բաբայանը զբաղվում է նաեւ դիրիժորությամբ: 2006-ի ամռանը Բաբայանը Վալերի Գերգիեւի հրավերով մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերներ» փառատոնին` Լյուտոսլավսկու դաշնամուրի կոնցերտի կատարմամբ: «Անգերազանցելի ձայնարտաբերում, ֆրազավորման ներդաշնակություն եւ ապշեցուցիչ վիրտուոզություն ... Նրա կատարումն անմիջականորեն խոսում է ունկնդրի հետ»,- Բաբայանի մասին գրել է ֆրանսիական հեղինակավոր «Ֆիգարո» թերթը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play