ԱՇՈՒՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 120 ԵՐԳԻՉ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐ 7 ԵՐԿՐՆԵՐԻՑ
21-10-2005 19:00:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
«Սայաթ-Նովա» մշակութային միությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ
Հայաստանում առաջին անգամ կանցկացնի աշուղական արվեստի կովկասյան
միջազգային փառատոն, որ նվիրված է Սայաթ-Նովայի մահվան 210 եւ
միության հիմնադրման 10-ամյակին: Հոկտեմբերի 24-26-ը կայանալիք
փառատոնին կմասնակցեն 120 երգիչ-կատարողներ Հայաստանից,
Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Իրանից եւ
Թուրքիայից:
Ինչպես հոկտեմբերի 21-ի ասուլիսին հայտնեց «Սայաթ-Նովա»
մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանը, փառատոնին
Թուրքիայից մասնակցելու են մեկ հայ դուդուկահար եւ թուրք երգչուհի
Սերբիլ Քըլըճը: Վերջինս ծագումով հայ է եւ ձգտելով վերադառնալ իր
արմատներին` դարձել է քրիստոնյա:
Թ. Պողոսյանը նշեց, որ Հայաստանում ազգային եւ աշուղական
երգարվեստի նկատմամբ ակնհայտ տեղաշարժ է նկատվում: Նրա խոսքերով,
անհրաժեշտ է բոլոր լրատվամիջոցներով պրոպագանդել հայկական ազգային
երգարվեստը: «Մեր նպատակն է նպաստել աշուղական արվեստի զարգացմանը
եւ երիտասարդ սերնդին ներկայացնել մեր ակունքային մշակույթը»,-
ընդգծեց նա: Թ. Պողոսյանի խոսքերով, «Սայաթ-Նովա» միությունը եւս
բավականին աշխատանք է տարել աշուղական արվեստը պահպանելու,
քարոզելու, գալիք սերունդներին փոխանցելու ուղղությամբ:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա «Մոսկվա»
կինոթատրոնում: Փառատոնի շրջանակում կանցկացվեն մի շարք համերգներ
Հայաստանի տարբեր մարզերում, կբացվեն ցուցահանդեսներ, աշուղական
արվեստին նվիրված գիտաժողովներ: Առաջին անգամ կանցկացվի նաեւ
սայաթնովյան վարդատոն, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին
Երեւանում` Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ: