ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՇՏՈՑԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ<br /> ՀԱՅՐԵՆԻՔ ՊԱՏԿԵՐՈՂ «ԳՐՈՑ ԵՐԹ» ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՇՏՈՑԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
ՀԱՅՐԵՆԻՔ ՊԱՏԿԵՐՈՂ «ԳՐՈՑ ԵՐԹ» ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

  • 04-10-2005 19:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Առաջիկա օրերին Երեւանի առավել տեսանելի վայրերում կտեղադրվեն Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի խորհրդանշանը պատկերող ցուցապաստառներ: Այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արման Սահակյանը Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի հոկտեմբերի 4-ի նիստին, որ հրավիրել էր հոբելյանական հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված` Մեսրոպ Մաշտոցի վերադարձը հայրենիք պատկերող «Գրոց երթ» թատերականացված ներկայացման կազմակերպական աշխատանքներն ավարտական փուլում են, շուրջ 40 րոպե տեւողությամբ այդ ներկայացման վերջին փորձերն են արվում, եւ նախատեսված ժամանակացույցի համաձայն` հոկտեմբերի 7-ին, Էջմիածնում կմեկնարկի «Գրոց երթ»-ը: Հոկտեմբերի 8-ին Օշականում տեղի կունենան Թարգմանչաց օրվան նվիրված միջոցառումները: Ծրագրի շրջանակում մինչեւ տարեվերջ նախատեսվում են մի շարք այլ միջոցառումներ եւս` «Ազգային ճակատագիրը եւ գրականությունը» թեմայով գիտաստեղծագործական կոնֆերանսի անցկացում, հայ գրքի ցուցահանդեսի կազմակերպում, հոբելյանական միջոցառումներին նվիրված ամփոփիչ ֆիլմի նկարահանում եւ այլն: Կշարունակվի միջոցառումների անցկացումը նաեւ Արցախում, Ջավախքում եւ Սփյուռքի հայաշատ քաղաքներում: Անդրադառնալով մինչ այժմ իրականացված միջոցառումներին` նշվել է, որ պատշաճ մակարդակով կազմակերպվել է Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողովը, «Բանբեր Երեւանի համալսարանի», «Պատմաբանասիրական հանդեսի» եւ «Հայագիտական հանդեսի» մեկական համար նվիրվել է Մեսրոպյան գրերի գյուտին, մայրաքաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածում հիմնվել է հայոց գիրքն ու գրերը պատկերող ծաղկազարդ պուրակ, կազմվել եւ տպագրվել է «Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը Հայաստանում» քարտեզը, հրատարակվել է Մեսրոպյան գրերի ստեղծման 1600-ամյակին նվիրված հուշանվերային բացիկների հավաքածուն, հրատարակվել են մի շարք գրքեր եւ այլն: Կարեւորվել է միջոցառումներին զուգահեռ հանրապետությունում եւ արտերկրում ակտիվ քարոզչության ծավալումը, տպագրված գրականության, թողարկված լազերային սկավառակի եւ այլ նյութերի նպատակային տարածման համակարգված աշխատանքը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play