ՀԱԿ-ը հերքում է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունները ոստիկանների ու ՀԱԿ երիտասարդների միջեւ միջադեպի մասին <br />


ՀԱԿ-ը հերքում է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունները ոստիկանների ու ՀԱԿ երիտասարդների միջեւ միջադեպի մասին

  • 15-08-2011 13:52:12   | Հայաստան  |  Քաղաքական
Օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի մերձակայքում, ոստիկանության Երեւանի Կենտրոնի բաժին բերման ենթարկվելու ընթացքում՝ մեքենաների մեջ ու ոստիկանության բաժնում ՀԱԿ ակտիվիստները ենթարկվել են դաժան բռնության, տեղի են ունեցել կոպիտ օրինախախտումներ։ Այս մասին օգոստոսի 15-ի ասուլիսում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, հավելելով, որ ոստիկանների գործողությունները սադրանք են, իսկ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները՝ «քաղաքական հետապնդման ենթարկված քաղբանտարկյալներ»։ Նա ընդգծեց, որ այս աստիճանի կոպիտ խախտումներ ու բռնություն չի եղել անգամ 2008թ. մարտի 1-ի գործերով։ Արման Մուսինյանը մեկ առ մեկ հերքեց ավելի վաղ Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունները դեպքի մանրամասների մասին։ Նախ, նա նշեց, որ միջադեպը ծագել է ոչ թե առանց դնչկալ շանը հանրային գոտի մտցնելու արգելքի պատճառով, ինչպես նշել էր ոստիկանապետը, այլ ըստ ՀԱԿ-ի, մի քաղաքացու ապօրինի խուզարկելու պատճառով։ Ըստ ՀԱԿ պատասխանատուի, ՀԱԿ երիտասարդների հայհոյանքներն ընդամենը ոստիկանների գործողությունների պատասխանն է։ Ըստ Ա.Մուսինյանի, փաստաբաններին թույլ է տրվել ոստիկանության Կենտրոնի բաժին մուտք գործել 40 րոպե ուշացումով, ոստիկանները հարվածներ են հասցրել նաեւ փաստաբան Վահե Հովսեփյանին, իսկ փաստաբան Ստեփան Ոսկանյանից խլել են նրա բջջային հեռախոսը, փաստաբանները 40-50 րոպե արգելափակված են եղել սենյակում՝ զրկված լինելով պաշտպանություն իրականացնելու ու ազատ տեղաշարժի հնարավորությունից։ ՀԱԿ երիտասարդների ձերբակալությունների որոշումները կայացվել են փաստաբանների եւ նրանց պաշտպանյալների բացակայությամբ։ Նա ընդգծեց, որ ոստիկանության բաժին բերման ենթարկվելու առաջին իսկ պահից ի վեր երիտասարդները պահանջում էին, որպեսզի թույլ տրվի փաստաբաններին մուտք գործել բաժին։ Նրանք պահանջում էին նաեւ, որպեսզի գործը քննվի Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, քանի որ ոստիկանները միջադեպի կողմ են եւ չեն կարող գործն անաչառ քննել։ Երիտասարդները խնդրում էին նաեւ բուժօգնություն ցույց տալ իրենց։ Ոստիկանության բաժնում երիտասարդների օրգանիզմում ալկոհոլի առկայությունը ստուգող թեստն, ըստ Արման Մուսինյանի, բացասական պատասխան է տվել։ ՀՀ ոստիկանապետը, հակառակը, նշել էր, որ փորձաքննությունը ցույց է տվել, որ Տիգրան Առաքելյանն եւ եւս երկու անձինք ալկոհոլ օգտագործած վիճակում են եղել։ Ըստ Ա.Մուսինյանի, ապօրինի են նաեւ ոստիկանության կատարած տեսանկարահանումները, եւ դրանք չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում։ Ասուլիսին մասնակցող, ստորագրությամբ ազատ արձակված միջադեպի չորս մասնակիցները հաստատեցին բռնությունների ենթարկվելու փաստը, ինչպես նաեւ նշեցին, որ տեսանկարահումը կատարվում էր ընտրողաբար։ Արման Մուսինյանն ընդգծեց, որ ՀԱԿ-ը սատար է կանգնելու իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում, իր բնորոշմամբ, աննախադեպ բռնությունների ենթարկված փաստաբաններին։ ՀԱԿ-ը նաեւ ամեն ինչ անելու է, որպեսզի ՀԱԿ երիտասարդները «լիակատար արդարացվեն», իսկ բռնություն գործադրած բոլոր ոստիկանները՝ կանչվեն պատասխանատվության։ ՀԱԿ-ն արդեն փոխանցել է միջադեպին առնչվող բոլոր տվյալները իրավապաշտպան կազմակերպություններին, շարունակելու է այս ուղղությամբ հետեւողական աշխատանք տանել, որպեսզի «բոլորին ակնհայտ դառնա ե՛ւ սադրանքի ծավալը, ե՛ւ բռնությունների դաժանությունը»։
Նոյյան տապան  -   Քաղաքական