ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ<br /> ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԲԱՐԻՏՈՆ ՌԵՆԱՏՈ ԲՐՈՒԶՈՆԸ<br />


ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԲԱՐԻՏՈՆ ՌԵՆԱՏՈ ԲՐՈՒԶՈՆԸ

  • 26-01-2005 19:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում միայն մեկ համերգով` փետրվարի 5-ին, հանդես կգա աշխարհահռչակ բարիտոն Ռենատո Բրուզոնը: Առաջին անգամ Հայաստան ժամանող հանրահայտ երգչի երեւանյան համերգը նախաձեռնել է Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց նվագախմբի փոխտնօրեն Դավիթ Թերզյանը, Բրուզոյի հետ բանակցությունները սկսվել են դեռեւս նախորդ տարվանից, սակայն պայմանավորվածությունը միայն վերջերս է ձեռք բերվել: Համերգին կհնչեն Ջուզեպե Վերդիի օպերաներից արիաներ եւ նախերգանքներ: Դ. Թերզյանի խոսքերով, համերգի տոմսերի արժեքը կկազմի 3-10 հազար դրամ (6-20 ԱՄՆ դոլար): «Մենք բոլոր պայմանները ստեղծել ենք, որպեսզի հայ հանդիսատեսը հնարավորություն ունենա ունկնդրելու աշխարհահռչակ բարիտոնին»,- նշեց նա: Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը նախատեսում է կազմակերպել նաեւ աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգը Երեւանում` նվիրված Հայոց մեծ եղեռնի 90-ամյակին: Արդեն մի քանի ամիս է, ինչ Էդուարդ Թոփչյանի եւ հանրահայտ երգչի մենեջերի միջեւ բանակցություններ են ընթանում: Ռենատո Բրուզոնը լայն ճանաչման է արժանացել Վերդիի եւ Դոնիձետիի օպերաների կատարումներով: Նրա առաջին բեմելը կայացել է 1961 թ. Սպոլետոյում` կոմս դը Լունայի դերակատարումով («Տրուբադուր»): Բրուզոնը հանդես է եկել աշխարհի գրեթե բոլոր հեղինակային օպերային բեմերում: Երգիչը հանդիսանում է «Լա Սկալա» եւ «Մետրոպոլիտեն» թատրոնների մեներգիչը: 2004 թ. Բրուզոնին շնորհվել է «Վերջին տարիների Սիմոն Բոկանեգրայի լավագույն դերակատար» տիտղոսը:
Նոյյան տապան  -   Մշակույթ